Նոյեմբերի 7-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների և ազգային երգեցողության ամբիոնի 2-րդ կուրսի ուսանողները, հայ հոգևոր երաժշտության դասախոս Անահիտ Բաղդասարյանի նախաձեռնությամբ և ուղեկցությամբ, ուխտի էին եկել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի: Կոնսերվատորիայից մինչև եկեղեցի ձգվող կարճ ճանապարհն ուսանողերն անցել էին՝ կոմիտասյան աշխարհիկ և հոգևոր երգեր կատարելով: Եկեղեցում ուսանողներին ողջունեց և ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությունը փոխանցեց խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը: Երիտասարդ ուխտավորներին Տեր Հայրը ներկայացրեց եկեղեցու կառուցման պատմությունը, Զորավոր անվան բացատրությունը և թե ինչ սրբություններ, ուխտի օրեր ունի Երևանի հնագույն սրբավայրը:
Այնուհետև եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում երիտասարդ ուխտավորները խոնարհվեցին սրբի շիրիմի առջև և Ս. Պատարագից հատվածներ ու շարականներ երգելով՝ իրենց միասնական աղոթքը հղեցին առ Տեր:
Ուսանողներից Անիին մեծ ուրախություն էր պատճառել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի այցելելը և եկեղեցում շարականներ կատարելը. «Ամեն անգամ հոգևոր երգ կատարելով՝ ես աղոթում եմ: Այն հոգևոր գիտելիքները, որ ստացել եմ դպրոցում, իսկ այսօր արդեն կոնսերվատորիայում հայ հոգևոր երաժշտության դասերի ընթացքում, առավել է ամրապնդել իմ հավատը: Մեզ համար կարևոր է մեր քրիստոնեական հավատը և մեր հավատը պահպանող Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին»:
Կարինե Սուգիկյան