Հոկտեմբերի 23-ին՝ Գյուտ խաչի տոնին, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, Գևորգ սարկավագ Համբարձումյանի գլխավորությամբ, ուխտի մեկնեց Հայոց Սրբություն Սրբոց Սբ. Էջմիածին: Աղոթքների և շարականների երգեցողության ներքո անցավ երիտասարդ ուխտավորների ճանապարհը:
Դարեր շարունակ և այսօր էլ նվիրական զգացումով է հայ ուխտավորը ոտք դնում Հայոց հոգևոր կենտրոն՝ հագեցնելու համար հոգևոր իր ծարավը:
Սբ. Էջմիածնի դարավոր և սրտահույզ զանգերի ղողանջը Սբ. Պատարագի սկիզբն էր ազդարարում, և երիտասարդները, մուտք գործելով Մայր Տաճար, նախ խոնարհվեցին և ծնրադիր աղոթեցին Իջման Սբ. Սեղանի առջև, ապա մասնակից եղան Սբ. Պատարագին, հընթացս որի տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն: Տոնական օրը կրկնակի ուրախություն էր պատճառել Սբ. Պատարագի մասնակիցներին. Մայր տաճարի խնկաբույր կամարների ներքո ձեռնադրության հանդիսավոր արարողությամբ հայ եկեղացականների թիվը համալրվեց ևս ինը հոգևորականներով:
Սբ. Պատարագի հոգեպարար արարողությունից հետո երիտասարդների աղոթքի ուղին կանգ առավ Սբ. Գայանե եկեղեցում: «Զորավոր» երիտասարդաց միության աշնանային գեղեցիկ ու արևոտ օրը հագեցավ նաև Էջմիածնի Սբ. Աստվածածին եկեղեցի այցելությամբ: Նրանք հոգևոր ուրախություն էին ապրում. հերթական ուխտագնացությամբ իրենք իրենց հոգու հայրենի տանն էին՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում:
Սբ. Խաչին նվիրված տոնական օրը երիտասարդ ուխտավորներին հիշեցնում էր, որ դարերի խորքից բազում փոթորիկների ու մաքառումների միջով անցած և դեռ այսօր էլ Խաչի ճանապարհով ընթացող և նրա զորությանն ապավինած Հայոց փոքրաթիվ ազգն ապրում է, և կանգուն է Հայոց եկեղեցին՝ իր սրբազան առաքելությամբ:
«Այո, փոքր ենք համրանքով և աշխարհի վրա ցիրուցան, այո, ոսկի և բեհեզ քիչ ունենք, չունինք շքեղ ապարանքներ ու հարուստ գանձարաններ, այսօր մեր Եկեղեցին արտաքնապես անշուք ըլլալ կթվի և երբեմն ներքին դժվարություններու առաջ է կանգնած, սակայն այս բոլորեն վեր, ամեն բանե ավելին ունինք մենք: Մենք մեր հոգիներուն մեջ կկրենք աննվազելի զորությունը և անկորնչելի շնորհները Փրկչի Իջման խորհրդին և հավիտենական լույսը փառաց՝ Լուսավորչի կանթեղին, մեր սրտերուն մեջ միշտ վառ:
Մենք երբեք պիտի չմեռնինք, մենք երբեք պիտի չտկարանանք, մենք երբեք պիտի չկորսվենք, քանզի իրավ հարյավ Քրիստոս և իրավ իջավ Միածին Որդին ի դաշտն Արարատյան, և փառքին լույսով լեցուց աշխարհն Հայաստան և պատմություն հայոց»,- ասել է երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսը:
Կարինե Սուգիկյան