25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
Սիրելի՛ հավատացյալներ,
Սրտագին շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս եմ հղում ձեզ ամանորի այս գեղեցիկ օրվա առթիվ:
Ամանորի հետ կապված մի հին ավանդույթ կա. երբ սկսում են զարկել ժամացույցի զանգերը, ազդարարելով Նոր տարվա գալուստը, մարդիկ երազանք են պահում: Իրենց նվիրական երազանքներն են ուղղում դեպի գալիք տարին` ապագայից ակնկալելով ստանալ այն, ինչն ամենից շատ իրենց է անհրաժեշտ:
Ահա մենք էլ հիմա կանգնած ենք Նոր Տարվա նախաշեմին և ի՞նչ ենք ցանկանալու ինքներս մեզ և ուրիշներին: Դեպի ո՞ւր են ուղղված լինելու մեր հույսերը: Կարելի է ասել, որ մի բառ կա, որն իր մեջ բովանդակում է բոլոր բարեմաղթանքները և այդ բառն է` երջանկություն: Մենք անխտիր բոլորին երջանկություն ենք ցանկանում: Յուրաքանչյուրիս համար այդ բառի մեջ մի առանձնահատուկ նշանակություն է ամփոփված` շատ գողտրիկ ու խիստ անձնական: Իսկ մտածե՞լ ենք արդյոք, թե ե՞րբ է մարդն իրապես երջանիկ: Ի՞նչն է նրան երջանկություն պարգևում: Դարերի փորձը մեզ սովորեցրել է, որ երջանկությունը չի կարող պայմանավորված լինել միայն արտաքին մի երևույթով, ինչպիսին ասենք հաջողությունն է, փողը կամ առողջությունը: Դրանք չեն կարող արտահայտել երջանկության զգացումն ամբողջությամբ: Բնականաբար, ֆիզիկական լավ վիճակում գտնվելը նույնպես երջանկություն է, բայց ոչ լիարժեք: Փողն էլ է երջանկություն, բայց նաև վտանգ է ու տառապանքի աղբյուր: Հաջողությունն էլ է երջանկություն, սակայն նաև բերում է վախ և լարվածություն: Եվ հատկանշականն այստեղ այն է, որ որքան արտաքին բնույթ է կրում երջանկությունը, այնքան այն ավելի փխրուն է և մեծ է կորցնելու վախը: Մի իմաստուն մարդ ասել է. «Մարդիկ մեծագույն երջանկություն են համարում փողը, առողջությունը, գեղեցկությունը, փառքը և այլն, սակայն իրականում իսկական երջանկությունը կայանում է նրանում, որպեսզի հոգևոր ազատություն ունենաս այդ ամենից»: Եվ այդ ազատությանը հասնում ես Աստծո հանդեպ ունեցած սիրո օգնությամբ: Երբ մենք բացում ենք մեր սրտերն Աստծո համար և Նա Իր կենարար լույսով է լցնում դրանք, ապա այլևս տեղ չի մնում այն արտաքին երևույթների համար, որոնք երջանկության ժամանակավոր ու փուչ արտացոլանքն են միայն:
Երանի թե ակնթարթորեն երջանկություն գտնելու մոլուցքով համակված մարդիկ, իրենց մեջ ուժ գտնեին մի պահ կանգ առնելու, խորհելու, իրենց հոգևոր հայացքն ուղղելու դեպի կյանքի անսահման խորությունը, և լսեին այն հավերժ ձայնը, որ դարերի խորքից ուղղված է դեպի նրանց: Եթե միայն իմանային, թե ինչում է կայանում իրական երջանկությունը… Հիսուս ասաց. «… ձեր սրտերը ուրախ պիտի լինեն. և ձեր ուրախությունը ոչ ոք ձեզնից չպիտի խլի» (Հովհ. 16:22): Մի՞թե այսպիսի ուրախության ու
երջանկության մասին չենք երազում ամանորյա զանգերի ղողանջի ներքո: Արդ ինչո՞ւ ենք վախենում այդ կարևոր ճշմարտությունից: Ինչո՞ւ ենք գլխավորն ու հավիտենականը միշտ հետաձգում վաղվան: Չէ որ Բազումողորմ Աստված միշտ կանգնած է մեր կողքին և ասում է. «Ահավասիկ ես դռան առաջ եմ և բախում եմ» (Հայտն. 3:20): Եվ եթե մենք չվախենայինք ու դառնայինք դեպի Նա, ապա այնպիսի լույս, այնպիսի ուրախություն ու այնպիսի լիություն կտեսնեինք, որ վերջապես կհասկանայինք, թե որն է իրական երջանկությունը: Կգտնեինք այն պարգևները, որ Աստծո Միածին Որդին իր հետ աշխարհ բերեց ու նվիրեց մարդկությանը: Այդ մեծագույն պարգևներից մեկը Սերն է: Աստված Ինքն է Սեր (Ա Հովհ. 4:8): Դա այն Սերն է, որ խաչի վրա բարձանալով զոհեց իրեն` հանուն մեր փրկության և ազատության: Քրիստոս պարգևեց մեզ նաև խոնարհության հարստությունը, քանի որ ինչպես ասվում է Սուրբ Գրքում. «Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն» (Մատթ. 5:5): Քրիստոս մարդկությանը տվեց նաև Իր ողորմածության հարստությունը: Եվ եթե մենք բացենք մեր սրտերն այդ պարգևի առաջ, ապա Աստծո բազմաթիվ շնորհները կզարդարեն մեր հոգիները: Ի վերջո Հիսուսն Իր սեփական օրինակը նվիրեց մեզ, որպեսզի հետևենք դրան ու փրկություն ունենանք:
Արդ սիրելի՛ եղբայրներ ու քույրեր, չերազենք փուչ և ժամանակավոր երկրայինի մասին, այլ խնդրենք Աստծուց Իր անգին պարգևները: Բացենք մեր սրտերը Տիրոջ առջև և ներս թողենք Նրա անսահման երջանկությունը: Թող հոգուն խաղաղություն պարգևող ուրախությունը, մեր կողքին Աստծո մշտական ներկայության զգացումը, գիտակցումը, որ մենք կենդանի ենք Աստծով, թող ուղեկցի մեզ ողջ կյանքի ընթացքում: Լինի ուրախության, թե փորձության ժամանակաշրջան, պահ, երբ կանգնած ենք կարևոր որոշումների շեմին` միշտ հիշենք, որ Աստված մեր կողքին է և այդ գիտակցումը մեզ խաղաղություն, արիություն և իրական երջանկություն պարգևի: Միշտ հիշենք, որ խաղաղ կյանքն այն է, երբ հանգիստ է հոգիդ, երբ հայացքդ ուղղված է ոչ թե շրջապատին, այլ դեպի քո ներսը ու դեպի Երկինք:
Սիրելիներ, արդ աստվածային խաղաղությամբ ու խինդով լեցուն հոգիներով դիմավորենք Ամանորի և Սուրբ Ծննդյան հանդիսությունները: Այն ուրախությունն ու հարստությունները, որ մեզ` քրիստոնյաներիս է տրված, կիսենք համայն մարդկության հետ, հայտնենք մարդկանց երջանիկ լուրը, որ նրանք միայնակ չեն, որ Սիրող Երկնային Հայրը միշտ իրենց կողքին է և պատրաստ է նրանց էլ նվիրել Իր հրաշալի շնորհներն ու գանձերը:
Ես էլ իմ սրտագին աղոթքներն եմ ուղղում մեր Բազմագութ Հորը, աղաչում եմ, որպեսզի գալիք Նոր Տարում աստվածային լույսը սփռվի ողջ Հայոց Աշխարհի վրա և պայծառ մնա
բոլորիս սրտերում: Թող 2015թ-ը սիրո, խաղաղության և համերաշխության տարի լինի համայն աշխարհի, հայ ազգիս և Սուրբ Եկեղեցուս համար:
Եվս մեկ անգամ, ի սրտե շնորհավորում եմ բոլորին Ամանորի կապակցությամբ և ցանկանում, որ այս տարին ձեր շեմերից ներս մտնի սիրո, հույսի և հավատի հետ միասին և ձեր սրտերում իրական երջանկության լույսը փայլի: Որպեսզի աշխարհը նայելով մեզ` քրիստոնյաներիս, հիանա այն մեծ սիրով, որ ունենք մեր սրտերում և տածում ենք միմյանց հանդեպ:
Թող Աստծո սերը, մեր Տիրոջ խաղաղությունը և Սուրբ Հոգու շնորհները միշտ մեզ հետ լինեն. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Տ. Գրիգոր քհն. Գրիգորյան
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ