Գրքեր

Երկինքը պատմում է Աստծու փառքը ...

«Երկինքը պատմում է Աստծու փառքը, և երկնքի հաստատությունը հայտնում է Նրա ձեռքի գործերը» (Սղմ. 18:2)

Մեծ են աստվածային գործերն ու հրաշալիքները. ո՛չ միտքը կարող է խորհել, և ո՛չ լեզուն՝ ճառել: Արարիչ Աստված, Իր անհուն սիրուց մղված, ստեղծեց համայն աշխարհն ու տիեզերքը՝ արարչագործության թագ ու պսակ հանդիսացող մարդ էակի համար՝ Իր պատկերով և նմանությամբ, որպեսզի վերջինս վայելի այն՝ փառաբանելու իր Արարչի անքննելի մեծությունը: Սակայն առաջին մարդկանց անկման արդյունքում, երբ մեղքն աշխարհ մտավ, մեղքի հետ նաև՝ մահը, խաթարվեց Աստծու և մարդու միջև ներդաշնակ հարաբերությունը: Զրկվելով երանավետ դրախտից՝ մարդը ժառանգեց փուշ ու տատասկ աճեցնող երկիրը, սակայն չկորցրեց այն վերագտնելու հույսը: Քրիստոսով անկյալ մարդկությունը վերստին արժանացավ կորուսյալ դրախտ վերադառնալուն, միայն թե մարդկության պատմությունը ցույց է տալիս, որ բոլոր ժամանակներում էլ եղել են Աստծուն և արարչագործության աստվածային ծագումը մերժողներ, ովքեր ոչ միայն մերժում են իրենց կյանք պարգևած Աստծու գոյությունը, այլև չեն կարողանում (կամ պարզապես չեն ցանկանում) տեսնել միակ Աստծու սքանչելիքներն անպատմելի արարչագործության մեջ: Ցավալիորեն պիտի նկատենք, որ այսօր էլ մեր կողքին ապրում են մարդիկ, որոնց անմահ հոգիներում անաստվածության, աստվածմերժության տարիներն իրենց խոր հետքն են թողել: Ցավոք, այդ մարդիկ չեն հավատում Աստծու գոյությանը, չեն ցանկանում տեսնել Աստծու լույսը, աստվածային սքանչելիքները, արարչության վեհությունն ու կատարելությունը, չեն ցանկանում տեսանելիի, ժամանակավորի միջոցով տեսնել անտեսանելին ու հավիտենականը: Ս. Պողոս առաքյալը հստակ ասում է. «Արդարև ի սկզբանե աշխարհի Աստծու աներևույթ հատկությունները, այն է՝ Նրա մշտնջենավորությունը և զորությունը և աստվածությունը, իմանալի կերպով տեսանելի են Նրա  ստեղծածների մեջ» (Հռոմ. 1:20), այսինքն՝ Աստծու ստեղծագործության՝ արարչագործության միջոցով ցանկացողը կարող է տեսնել Արարչին: Աստծուն մերժող մարդկանցից ո՞վ երբևէ չի սքանչացել բնության՝ տարվա յուրաքանչյուր եղանակին բնորոշ գեղեցկությամբ, ո՞վ երբևէ չի հիացել աստղազարդ երկնքին նայելով՝ չկարողանալով աչքը կտրել անհուն ու անծայրածիր խորհրդավոր տիեզերքից, ո՞վ երբևէ չի խորհրդածել այս ամենի ներդաշնակության ու անկրկնելիության մասին... Ս. Գիրքն է տալիս բոլոր հարցերի սպառիչ պատասխանները. «Տեր Աստված վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը և կարգավորեց դրանք» (տե՛ս Ծննդ. 2:1), ստեղծեց կատարյալ ու ներդաշնակ. «Ոչ մի բան Նա չի ստեղծել թերի» (Սիրաք 42:25): Տիրոջ Խոսքով ստեղծվեց ամեն ինչ. Նա հրամայեց, և դրանք ստեղծվեցին: Ո՞վ կարող է ոչնչից ստեղծել այս զարմանահրաշ, կատարյալ աշխարհը, եթե ոչ հավիտենական Աստված, Ով «ոչնչի շուրջը փռեց երկինքը, կախեց երկիրը ոչնչի վրա» (Հոբ 26:7): Բարուքն իր թղթում աստվածային ամենակարողության գովքն է անում՝ ասելով.«ՙՆա, ով լույսն է ուղարկում, և լույսը գնում է, հետ է կանչում, և լույսը դողալով հնազանդվում է Նրան... Նա կանչում է աստղերին, ու նրանք ասում են՝ «Այստեղ ենք», և զվարթորեն ճառագում են իրենց Արարչի համար: Դա մեր Աստվածն է, որի հետ ոչ ոք չի կարող համեմատվել...» (Բարուք 3:33-36): Մարդկության պատմության ընթացքը ցույց է տվել, որ իրենց անհավատ կամ անուղղելի աթեիստ համարող շատ մարդիկ, ի վերջո, հանգել են այն անհերքելի ճշմարտությանը, որ տիեզերքը կառավարում է միակ և ճշմարիտ Աստված, Ով սկիզբն ու պատճառն է ամեն ինչի, և Ում ձեռքին են ամեն մարդ էակի հոգին ու կենդանի շունչը (տե՛ս Հոբ 12:10): Բազում տվայտանքներից ու Բարձրյալի դեմ ՙ «պայքարելուց»  հոգնած՝ նրանք խոնարհվել են Նրա առջև՝ Հոբ երանելու հետ խոստովանելով. «Ոչնչություն եմ, ի՞նչ պատասխան պիտի տամ ես... միայն պիտի պապանձվեմ» (39:34): Ս. Գիրքը խստիվ զգուշացնում է, որ ամենևին արդարանալ չեն կարող նրանք, ովքեր արարչագործության միջոցով թեև ճանաչեցին Աստծուն, բայց իբրև Աստված չփառավորեցին կամ գոհություն չմատուցեցին Նրան, այլ իրենց ազատ կամքով մերժեցին միակ Աստծուն՝ տիեզերքի Ճարտարապետին, չէ՞ որ «արարվածների մեծությունից ու գեղեցկությունից՝ նույն համեմատությամբ էլ երևում է դրանք Արարչագործողը» (Սող. 13:5): Հավատի աչքերով նայելով Աստծու անպատմելի արարչությանը՝ ամեն մի թփի, ծաղկի մեջ կտեսնենք Աստծուն, կզգանք Աստծու շունչը և կփառաբանենք տիեզերքի Արարչին, որովհետև ողջ աշխարհը վիթխարի վկան է Տիրոջ գոյության և ամենակարողության: Մինչև իսկ հեթանոս աշխարհի իմաստասերները (օրինակ՝ Պլատոնը, Արիստոտելը և ուրիշներ), բանական ու բարոյական մտածողությամբ հաստատում էին Աստծո գոյության ճշմարտությունը: Ս. Գիրքն ուսուցանում է, որ Աստծու գաղափարը, աստվածային օրենքի պահանջներն ու բարոյականությունը գրված են մարդկանց սրտերում (տե՛ս Հռոմ. 2:14-15): Ուրեմն մարդը չի կարող ամբողջապես մոռացության տալ Աստծու անունը, կուրորեն ժխտել ու մերժել Աստծու գոյության փաստը, քանի որ սիրտը կբողոքի, ու խիղճն իր ձայնը կբարձրացնի: Մեր Եկեղեցու մեծագույն աստվածաբաններից Արշակ Տեր-Միքելյանն ասում է. «Ինչպես որ աչքը կարիք է զգում լույս տեսնելու, այնպես էլ մարդու հոգու բնական անհրաժեշտությունն է հաղորդ լինել հավիտենական ճշմարտության լույսին: Աստվածճանաչողությունն է մարդու կյանքը»: Մարդը հոգևոր էակ է, հոգուց և մարմնից է բաղկացած. որքան էլ մարմինը, երկրաքարշ ցանկություններով, ձգում է մարդուն վար, կապում երկրին, թելադրում իր օրենքները, հոգին ձգտում է վեր, դեպի աստվածայինն ու անիմանալին, դեպի հավիտենականն ու հոգևորը: Անմահ հոգի ունեցող մարդն ստեղծված է հավիտենության համար, իսկ այս ժամանակավոր կյանքը միջոց և ճանապարհ է՝ հավիտենական, անանց կյանքը, երկնքի արքայությունը շահելու համար: Մինչդեռ Աստծուն մերժողների համար արժեք չունեն այս խոսքերը, որովհետև նրանք ապրում են միայն այս կյանքի համար, վայելում Աստծու տված բարիքներն ու երկրի գեղեցկությունը՝ ամենևին չմտածելով, որ այն արտացոլումն է երկնի մշտնջենական գեղեցկության, որը վախճան չի ունենալու: Որքա՜ն երախտամոռ ու ապերախտ է մարդն իր Արարչի նկատմամբ, Ով չարչարվեց և խաչվեց ողջ մարդկության փրկության համար, հրաշափառապես հարություն առավ մեռելներից՝ մեզ հարության հույսը պարգևելով: Հրապուրվելով ու խաբվելով աշխարհի ունայն վայելքներով ու հոգսերով՝ մերժում են և չեն ուզում հավատալ նաև Աստվածորդու երկրորդ գալստյանը, մեռելների համընդհանուր հարությանը, ահեղ և անաչառ դատաստանին, արդարների հավիտենական երանությանը և մեղավորների հավիտենական տանջանքներին: Որքա՞ն և մինչև ե՞րբ պիտի համառենք անհավատության մեջ, խեղդենք մեր խղճի ձայնը, որը, մինչև մեր կյանքի վերջն անդադար աղաղակելու է, որ գոյություն ունի Աստված՝ ընդունենք դա թե ոչ: Ս. Գիրքն ասում է, որ Հիսուս Քրիստոսի անունով պիտի խոնարհվի ամեն ծունկ՝ լինի թե՛ երկնավորների, թե՛ երկրավորների և թե՛ սանդարամետականների, և ամեն լեզու խոստովանի, թե Հիսուս Քրիստոս Տե՛ր է՝ ի փառս Հայր Աստծու (տե՛ս Փիլ. 2:10-11): Ուրեմն ականջ դնենք մեր խղճմտանքին և այսօ՛ր խոնարհվենք տիեզերքի Արարչի առջև, խոստովանենք մեր ոչնչությունն ու անզորությունը, մեր «հող և մոխիր» լինելը Բարձրյալի առջև, Ով այստե՛ղ է նստած ողորմության և շնորհի աթոռին, իսկ այնտեղ կնստի դատաստանի աթոռին: Այստե՛ղ է ներում, իսկ այնտեղ դատապարտում է (սբ Գր. Տաթևացի): Չկարծրացնենք մեր սրտերն Աստծու Խոսքի հանդեպ, քանզի Նա կանչում է մեզ՝ Իր արքայությանն ու փառքին արժանացնելու համար: Բացենք մեր աստվածաստեղծ հոգիները Աստծու առջև, փառաբանենք Նրան՝ Իր անպատում պարգևների համար: Յուրաքանչյուր բացվող խաղաղ առավոտի հետ գոհանանք Աստծուց՝ օրը խաղաղությամբ սկսելու, զգալի լույսին մեզ հաղորդ դարձնելու համար, չէ՞ որ շատերի համար այդ առավոտն այդպես էլ չբացվեց: Յուրաքանչյուր պահը մեր կյանքում կարող է վերջինը լինել, հավերժ չենք ապրելու այս երկրի վրա, մեր հոգիների և մարմինների Իշխանն ամեն վայրկյան կարող է մեր հոգին մեզնից վերցնել, ինչպես ավետարանական անմիտ մեծահարուստի պարագայում եղավ (տե՛ս Ղուկ. 12:20)... Ոչինչ մերը չէ այս կյանքում: Ամեն ինչ, նաև մեր շունչն ու հոգին պատկանում են Նրան, Ով այն տվեց: Ուրեմն հավատանք Նրան մեր ողջ սրտով, հոգով և էությամբ, հավատանք առանց երկմտելու, որովհետև Նրա՛ ողորմությամբ ու շնորհով ենք ապրում ու վայելում այս հրաշք արարչագործությունը:

Անկեղծորեն զղջանք մեր սխալ ընթացքի համար, խոստովանությամբ և ապաշխարությամբ դառնանք դեպի Տերը, Ով հանապազ սպասում է յուրաքանչյուր մեղավորի դարձին և ապաշխարությանը: Դառնանք մեր չար ու անօրեն ընթացքից, խոստովանենք Հիսուս Քրիստոսին՝ որպես մեր միակ Տեր և Փրկիչ, Ում զորությամբ և հրամանով մի ակնթարթում մեր բյուր մեղքերի բեռից կարող ենք ազատվել, ինչպես սբ Գր. Նարեկացին է ասում իր աղոթամատյանում. «Ի՞նչ են Քո աչքում, Ո՜վ ամենակալ, բազմակույտ մեղքերն ամբողջ տիեզերքի, եթե ոչ՝ հողի դյուրափխրուն կոշտ, որ մի կարծրության բախմամբ՝ անհապաղ փոշիանալով կցնդի անհետ...» (ԲԱՆ ՀԴ Գ), միայն թե անկեղծորեն զղջանք ու խոստովանենք մեր մեղքերը: Զղջանք ահեղ տանջանքների ահով և անանց բարիքների փափագմամբ: «Սիրե՛նք համայն ստեղծագործությունն Աստծու, թե՛ ամբողջությունը, թե՛ յուրաքանչուր ավազահատիկը Նրա: Սիրե՛նք Աստծու ստեղծած ամեն մի տերև, ամեն մի ճառագայթ: Սիրե՛նք կենդանիներին, բույսերին, սիրե՛նք ամեն բան: Սիրելով ամեն բան՝ իրերի մեջ կըմբռնենք խորհուրդն աստվածային» (Ֆ. Դոստոևսկի):

 

Անժելա Խաչատրյան

29.02.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․