Երկու առվակ

Մի փոքրիկ տղա, ծնողների հետ անտառում զբոսնելիս, մի զուլալ առվակ տեսավ: Խմեց մաքուր ջրից, իսկ հետո սկսեց խաղ անել: Մի ճյուղ վերցրեց ու սկսեց ջուրը պղտորել: Առվակի հատակը հողոտ էր և այդ պատճառով էլ ավազը, ծառից թափված տերևներն ու այլ աղբը ջրի երես ելան: Երբեմնի վճիտ առվակն անպիտան դարձավ խմելու համար: Երեխան դադարեց խաղալ, ջրի մեջ նետեց ճյուղն ու վազեց մայրիկի մոտ:

Իսկ բարձրաբերձ լեռներում մեկ այլ տղա նույնպես փորձեց լեռնային առվակի հետ խաղալ: Նույնպես ցանկացավ ջուրը ճյուղով պղտորել: Սակայն առվակի հատակը քարքարոտ էր և նա, ճյուղը կոտրելով, հեռացավ՝ այդպես էլ իր ուզածին չհասնելով: Առվակի հոսանքն առաջվա պես մաքուր մնաց:

Ճիշտ նույն կերպ որոշ մարդիկ արտաքինից բարի ու գթասիրտ են թվում՝ պարզ առվակի պես: Սակայն փորձիր միայն այդպիսի մարդուն, թեկուզ պատահաբար, վիրավորել և կտեսնես, թե հոգու հատակից, անտառային վտակի աղբի ու տիղմի պես, ինչպես են բարձրանում մեծամտությունը, մանրախնդրությունը, հպարտությունն ու հին վիրավորանքները: Իսկ եթե մարդն անընդհատ Աստծո Խոսքն է սովորում ու դրա մասին մտածում, ապա Քրիստոսի խոնարհության օրինակն աստիճանաբար կոփում է առաքինի մարդուն խոնարհությամբ ու մեծ համբերությամբ, որոնց հանդիպելով՝ մարդկային տարատեսակ չարությունն ու թշնամանքը բարակ եղեգնիկի պես կոտրվում են:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

22.01.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․