13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
«….ես պիտի լինեմ ձեզ համար հայր. և դուք պիտի լինեք ինձ համար որդիներ և դուստրեր», - ասում է Ամենակալ Տէրը» (Բ Կորնթ. 6:18):
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,
Երանելի է ձեզնից յուրաքանչյուրը, որ եկեղեցի է գալիս զավակի գիտակցությամբ: Երանելի է յուրաքանչյուր ոք, ով իրեն իսկապես Աստծու զավակ է զգում՝ դրան հետևող ողջ պատասխանատվությամբ, և այդ գիտակցությունը որպես հիմք դնում ժայռի վրա կառուցվող իր տան համար (հմմտ. Մտթ. 7:24):
«Ես զավակն եմ մեծն Մաշտոցի ու Սահակ Պարթևի»,- ասում է սփյուռքում ապրող հայն ու ապրեցնում հայոց լեզուն: «Ես զավակն եմ Կոմիտասի»,- ասում է հայ երգահանն ու անաղարտ պահում հայ մեղեդին: «Ես Վարդան Զորավարի զավակն եմ»,- ասում է հայ զինվորն ու անառիկ պահում հայրենյաց եզերքը: Այսինքն, սիրելինե՛ր, երբ ասում ենք, որ Աստծու զավակներն ենք, Աստծու որդեգիրներն ենք, պիտի հասկանանք, որ դա շատ կոնկրետ, շատ հստակ ուրվագծված գիտակցություն ու վարք է ենթադրում:
Արարիչն Աստված, արարչագործությունից հետո գոհունակությամբ նայեց Իր ձեռքի աշխատանքին՝ տեսնելով, որ ամեն ինչ շատ լավ է (Ծննդ. 1:31): Սերն Աստված սիրեց Իր արարածներին և ավելին՝ սերը պատճառ հանդիսացավ, որպեսզի Նա արարի: Այսինքն՝ սիրեց մեզ նախքան մեր արարվելը: Առանց նախապայմանների ու սահմանների այդ սերը վեր է մեր մեղավոր գիտակցությունից, և հաճախ հենց գիտակցելու, ամբողջությամբ ընկալելու անկարողությունն է, որ այն չգնահատելու պատճառ է դառնում մեզ համար: Իսկ աշխարհիս երեսին ի՞նչը կարող է առավել լինել, քան Աստծու սերն ու հայրությունը, սիրելի՛ հավատացյալներ. ոչի՛նչ: Երբ բախտավորություն ենք ունենում՝ սիրող ու հոգատար մարմնավոր հայր ունենալու, անասելի հպարտանում ենք նրանով, ձգտում ամեն ինչում նրան ընդօրինակելու, նրան նմանվելու: Շրջապատում հաճախ ենք պարծանքով մեջբերում նրա խոսքերը և մեծ հպարտությամբ ասում՝ այսինչի որդին եմ: Իհարկե ոչ բոլոր մարդիկ նման երջանկություն ունեն, սակայն բոլորն, անխտիր, կարող են անհամեմատելի մեծ երջանկության ու ժառանգության արժանանալ, եթե միայն ցանկանան:
«….ես պիտի լինեմ ձեզ համար հայր. և դուք պիտի լինեք ինձ համար որդիներ և դուստրեր». ի՜նչ սքանչելի խոստում, ի՜նչ ապրեցնո՛ղ խոստում: Ամենակարող Արարչին որպես հայր ունենալ, Զորությունների Տիրոջ զավակը լինել… Սա այն մեծագույն պատիվն է, որ արարածներից միայն մարդը ունի, սիրելի՛ հավատացյալներ: Եվ երբ Աստծու այս խոստումը հնչում է Նոր կտակարանում, հասկանում ենք, որ Աստծու Միածին Որդու՝ Տեր Հիսուս Քրիստոսի սրբազան արյունը Խաչի վրա հեղվելով՝ մաքրեց-տարավ հայր Ադամի մեղքն, ու որդիության շնորհը կրկին վերականգնվեց մարդ-արարածի համար: Հասկանում ենք, որ բավ է օտարին ծառայել ու նրա խոզերի կաղինը փափագել. այժմ եկել է տունդարձի ժամանակը: Եվ մեր գիտակցությունից, մեր որոշումներից է կախված, թե կժառանգե՞նք արդյոք Տիրոջ խոստումը՝ Նրա որդիները դառնալով, թե՞ մեր ստրկությունը կշարունակենք օտարի մոտ:
Կորնթացիներին ուղղված երկրորդ թղթի վեցերորդ գլխում, որտեղից այսօր վերցրել եմ քարոզիս բնաբանը, Պողոս առաքյալը շատ հստակ հարցեր է ուղղում Կորնթոսի քրիստոնյաներին, որ այժմ ևս հարկ է, որպեսզի քրիստոնյան այդ հարցերը պարբերաբար ինքն իրեն ուղղի: Արդ, կարդում ենք. «Անհավատներին լծակից մի՛ եղեք, որովհետև ի՞նչ կապ ունի արդարությունը անօրենության հետ. և կամ ի՞նչ հարաբերություն լույսի և խավարի միջև. և կամ ի՞նչ միաբանություն Քրիստոսի և Բելիարի միջև. կամ ի՞նչ առնչություն ունի հավատացյալը անհավատի հետ. կամ ի՞նչ նմանություն ունի Աստծու տաճարը մեհյանների հետ: Արդարև, կենդանի Աստծու տաճար եք դուք, ինչպես ասաց Աստված. «Պիտի բնակվեմ նրանց մեջ ու պիտի ընթանամ նրանց միջով և նրանց Աստվածը պիտի լինեմ, և նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը: Դրա համար դո՛ւրս եկեք նրանց միջից և հեռո՛ւ մնացեք, - ասում է Տերը, - և մի՛ դիպեք պիղծ բաներին. և ես պիտի ընդունեմ ձեզ. և ես պիտի լինեմ ձեզ համար հայր. և դուք պիտի լինեք ինձ համար որդիներ և դուստրեր», - ասում է Ամենակալ Տէրը:
Հիմա պատկերացրեք, սիրելինե՛ր, որ առաջին քրիստոնյաների հալածանքների ժամանակ, երբ նրանք հանուն Քրիստոսի նահատակության պսակն էին քաջաբար ընդունում, մի մարդ էր ապրում, որն իրեն քրիստոնյա էր համարում, մասնակցում էր եկեղեցու խորհուրդներին ու եկեղեցական կյանքին, բայց չկամենալով ձերբազատվել նախկին սովորույթներից՝ մերթընդմերթ նաև մեհյան էր գնում ու մի բուռ խունկ էլ կուռքերի պաշտամունքի խնկամանը գցում: Կամ մի զինվոր էլ կար, որ պատերազմի ժամանակ չկողմնորոշվելով՝ թե ինքն ում զինվորն է, մերթ իր բանակի կողմից էր կռվում, մերթ անցնում թշնամու կողմը: Հիմա ի՞նչ կասեք այս մարդկանց մասին, նրանց արածն ի՞նչ էր՝ անսկզբունքայնությո՞ւն, անմտությո՞ւն, թե՞ դավաճանություն, կամ բոլորը միասի՞ն: Ցավոք, ինքներս ենք հաճախ հայտնվում այս մարդկանց տեղում՝ գիտակցաբար կամ անգիտակցորեն խախտելով Աստծու պատվիրաններն ու հայտնվելով մարդատյաց թշնամու ճամբարում: Մտքի, խոսքի ու գործի ամենօրյա ընտրության ժամանակ հաճախ մոռանում ենք հայրական տանը պատրաստված Երկնային խնջույքի մասին ու չարի ներշնչած հրապույրներով գայթակղվելով՝ մի նախանձոտ հայացքի, մի թունոտ խոսքի կամ մի չարամիտ գործի պատճառով անցնում ենք թշնամու տիրապետության ներքո ու նրա առաջարկած պիղծ խորտիկները համտեսում: Հետո երբ թունավորվում ենք այդ պղծությունից, լալահառաչ դիմում ենք մեր բժիշկ Հոր օգնությանը, որպեսզի մեզ փրկի մեր իսկ անմտությունից ու դավաճանությունից: Իսկ բուժումը հաճախ բավականին ցավոտ ու երկարատև է լինում և որպեսզի խուսափենք նման սարսափելի իրավիճակում հաճախակի հայտնվելուց և մեր ճշմարիտ Հոր, մեզ սիրող Արարչի զավակները մնանք, մեր կյանքից պիտի մեկընդմիշտ բացառենք երկակիությունը. չենք կարող մի քիչ քրիստոնյա լինել, մի քիչ էլ հեթանոս:
Հիշե՛նք Ղևոնդ եպս. Դուրյանի խոսքը, որում ասվում է. «Մեղքը մարդու թշնամին է՝ հակառակ իր հրապուրանքին ու գրավչությանը: Այո՛, «թշնամի», եթե անգամ այն ներկայանա բարեկամի դիմագծով, կերպարանքով ու ձայնով: Մենք պիտի ատենք այն, քանի որ նա ատում է մեզ և ուզում է մեր ոչնչացումն ու կորուստը»: Եվ ինչպես մարտի դաշտում է հաղթանակն ու կյանքը ձեռք բերվում թշնամու մահով միայն, այնպես էլ մեր հոգևոր պատերազմում կյանք կունենանք Քրիստոսով, եթե մեր մեջ սպանենք այն բոլոր կրքերն ու ախտերը, որ թշնամի են Կենաց Լույսին: Դրա համար մեկընդմիշտ պիտի հիշենք, սիրելի՛ հավատացյալներ, որ միջին ճանապարհ չկա. այն կա՛մ նեղ ու քարքարոտ է և դեպի կյանք է տանում, կա՛մ լայն ու դյուրին է, սակայն ավարտվում է կործանմամբ: Հավետ պիտի հիշեք Քրիստոսի զգուշացումն այն մասին, որ չենք կարող երկու տիրոջ ծառայել (հմմտ. Ղուկ. 16:13): Եվ այդ ամենին գումարենք սուրբ Պողոս առաքյալի այսօրվա զգուշացումը՝ արդարությունը ոչ մի կապ չունի անօրենության հետ, և լույսը խավարի հետ ոչ մի հարաբերություն: Ոչ մի միաբանություն չկա Քրիստոսի և սատանայի միջև, և ոչ մի նմանություն Աստծու տաճարի ու մեհյանի միջև: Այսինքն՝ սիրելի՛ հավատացյալներ, եթե ցանկանում ենք արժանանալ Աստծու խոստմանը, որպեսզի Նա մեր Հայրը լինի, ապա ինքներս մեզ որպես որդիներ և դուստրեր պիտի դրսևորենք: Պիտի հիշենք, թե ում ենք հրավիրել՝ մեր հոգու տաճարում ապրելու և ըստ այդմ՝ հեռու մնանք ամեն պղծությունից, քանի որ սրբությունն ու պղծությունը չեն կարող մեկտեղ բնակվել: Խորհե՛նք, խոսե՛նք ու գործե՛նք այն «ինչ որ ճշմարտությամբ է, ինչ որ՝ պարկեշտությամբ, ինչ որ՝ արդարությամբ, ինչ որ՝ սրբությամբ, ինչ որ՝ սիրով, ինչ որ՝ բարի համբավով, ինչ որ՝ առաքինությամբ, ինչ որ՝ գովությամբ» (Փիլիպ. 4:8) և այն ժամանակ ոչ միայն մեր պարանոցի խաչը, այլև ինքներս կվկայենք, թե Ո՛ւմ զավակներն ենք և Ո՛ւմ անունն ենք պատվով կրում:
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, անցյալ շաբաթ մեր սրբուհի Մոր հիշատակը տոնեցինք, այսօր էլ մեր սիրասուն Հոր խոստման մասին ենք խոսում. մենք անասելի երջանիկ մարդիկ ենք, քանի որ մեր հայրն Աստված է, և մեր մայրը՝ սուրբ Աստվածածինը: Արդ, աղաչում եմ նրանց, որպեսզի դա խորությամբ ընկալելու սիրտ ու միտք պարգևեն մեզ: Աղաչում եմ, որպեսզի ավելացնեն ու բորբոքեն մեր սերն իրենց նկատմամբ, և որպեսզի նրանց անունները բարձր պահելու հոգևոր պատվախնդրություն շնորհեն բոլորիս:
Թող ձեր հոգատար ու սիրալիր վերաբերմունքը ձեզ նմանի ու եկեղեցու հանդեպ լինի ձեր որդիության առաջին վկայությունը: Ոչ միայն խոսքով ասեք՝ քույրեր ու եղբայրներ ենք, այլև ձեր գործերը թող վկայեն դրա մասին: Ոչ միայն խոսքով ասեք, թե եկեղեցի գալով՝ ձեր հայրական տուն եք գալիս, այլև հայրական տանը մատուցած պատշաճ վերաբերմունքով ամրապնդեք ձեր խոսքերը: Մաշված շոր ու կոշիկի պատճառով ձեր եղբորն արհամարհելու փոխարեն, սիրով ու նրբանկատությամբ օգնությո՛ւն առաջարկեք նրան: Եկեղեցու փոշոտ հատակը պատճառ բերելով՝ չծնկելու կամ երկրպագություն չանելու փոխարեն մի օր էլ ինքնե՛րդ մաքրեք ձեր հայրական օջախը, և որևէ բանից կամ որևէ մեկից դժգոհելուց առաջ, մտածե՛ք, թե դուք՝ որպես զավակներ և եղբայրակիցներ, ի՞նչ կարող եք և պետք է անենք, որ չեք անում: Հեռո՛ւ վանեք ձեզանից անտարբերությունը, խստասրտությունը, մեծամտությունն ու եսասիրությունը և ապացուցե՛ք, որ վերստին ծնունդ եք առել Քրիստոսով, քրիստոսյաններ եք և ձեզնից կախված ամեն բան անում եք ձեր Երկնավոր Հոր խոստմանն արժանանալու համար:
«Անմեկնելի խաղաղության, անսահման սիրո և առատ օրհնությունների աղբյուր, Հա՛յր Ամենակալ,
Դո՛ւ որ խաղաղություն ես պարգևում նրանց, ովքեր խոստովանում են Քո սուրբ Անունը,
ցողի՛ր մեզ վրա այսօր Քո շնորհի և ողորմության կենարար ցողը և մեզ խաղաղության որդիներ ու ժառանգներ դարձրու։
Վառի՛ր մեր սրտերում Քո սիրո կրակը, մեր մեջ սերմանի՛ր Քո սուրբ երկյուղը և մեր տկարությունները զորացրո՛ւ Քո զորությամբ։
Միացրո՛ւ մեզ Քեզ հետ, որպեսզի մենք էլ մեկ լինենք սուրբ միությամբ՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի աղոթքի համաձայն, որին Քեզ՝ Ամենակալ Հորդ և համագոյակից Սուրբ Հոգուդ հետ փառք հավիտյանս. Ամեն» (Մեսրոպ վրդ. Պարսամյան):
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան