13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
«Ինչպես փայլակը, որ ելնում է արևելքից և երևում է մինչև արևմուտք, մարդու Որդու գալուստը այնպես կլինի» (Մատթեոս 24:27):
Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ,
Այսօր Մեծի Պահոց շրջանի վեցերորդ կիրակին է, որ կոչվում է Գալստյան կիրակի: Այն խորհրդանշում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի գալուստը և նշանավորվում է նրանով, որ ազդարարում է Տիրոջ երկու գալուստներն էլ, որ մեկ անգամ եկավ մեզ ուսուցանելու փրկության ճանապարհը, և որ կրկին գալու է՝ դատելու ողջերին և մեռածներին:
Գալստյան կիրակին մեզ՝ քրիստոնյաներիս համար արժևորվում է նրանով, որ հիշում ենք մեր առաքելությունն այս կյանքում, որ մենք պետք է քրիստոսաբույր լինենք, մեզանից՝ իբրև քրիստոնյաներից, պետք է աստվածային անուշահոտություն բուրի: Մեզ շրջապատողները պիտի տեսնեն, որ մեր գիտակցության մեջ դրոշմված է աներեր հավատը Աստծու առաջին և երկրորդ գալուստների, մենք կրողներն ենք Նրա պատվիրանների, որ մենք ձգտում ենք պտղաբեր լինել, որովհետև գիտենք, որ «հավատն առանց գործերի մեռած է» (Հակոբոս 2:17): Տիրոջ առաջին գալուստով մենք պատրաստվում ենք Նրա երկրորդ գալստյանը: Առաջին գալուստը Նրա սիրո արտահայտությունն էր, Նա եկավ մեզ պատրաստելու Երկնային Արքայությանը, Նա եկավ մեզ ուսուցանելու դեպի Աստծու Թագավորությունը տանող ուղին, մեզ բժշկելու մարմնավոր և հոգևոր ախտերից, Նա սովորեցրեց մեզ սիրել Աստծուն և սիրել միմյանց, չնախանձել, չդատել, չբամբասել, չսպանել, չանարգել, այլ սիրել, որի գլխավոր դրսևորումը պետք է լինի միմյանց օգնության ձեռք մեկնելը, ինչպես մեր սեփական շահերի համար, այնպես էլ մեր մերձավորների համար ջանալ զոհաբերություններ անել: Քրիստոս՝ մեր Տերը, եկավ մաքրելու մեզ, խաչվեց և թաղվեց մեզ համար, հարություն առավ և համբարձվեց երկինք: Մեզ նույնպես հարություն խոստացավ, խոստացավ մեզ բոլորիս Իր Սիրո թագավորությունը, որը սկսվում է այստեղ՝ երկրի վրա: Եթե մենք այստեղ կյանքի չվերածենք Քրիստոսի ավանդած սիրո պատվիրանը, չենք կարողանա արժանանալ Երկնային Արքայությանը:
Սիրելինե՛ր, Արարչի ակնկալածը մեզանից ընդամենը երկու բան է՝ ապաշխարությունը, այսինքն՝ մեղքերի խոստովանությունն ու զղջումը, և պատվիրանապահությունը: Ուստի մեր զգոնությունը պիտի արտահայտվի աղոթքով, ապաշխարությամբ և պատվիրանապահությամբ, այն է՝ սիրո գործադրումով առ Աստված և մարդիկ: Հիշենք Մեծի Պահոց կիրակիների շղթան, նրանց ասելիքը՝ ուղղված մեզ, այդ կիրակիների ուսուցողական առակները: Հետ նայենք, որպեսզի կարողանանք առաջ նայել՝ դեպի մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հարությունը, որովհետև այս ողջ ընթացքի իմաստը Հիսուս Քրիստոսի հետ հաղորդակցումն է: Մեծ Պահքի ընթացքի պես ընթանում է նաև մեր կյանքը, որի վերջնակետը ևս մեր Տիրոջ հետ միությունն է: Նրա առաջին գալուստն օգնում է մեզ, որպեսզի կանգնենք Նրա առջև երկրորդ գալստյան ժամանակ:
Պիտի գիտակցենք, որ մեր խնդիրը Տիրոջ գալստյան ժամանակը ճշտելը չէ, այլ մեր կյանքի ավարտը, թե ինչպես մենք կավարտենք մեր երկրային կյանքը: Կպահե՞նք մեր հավատը, մինչև վերջ հավատարիմ կլինե՞նք Աստծուն, թե ոչ: Տեր Հիսուսն ասում է. «Թող ձեր գոտիները մեջքներիդ պնդված լինեն, և ճրագներդ՝ վառված: Եվ դուք նմանվեցե՛ք այն ծառաներին, որոնք սպասում են իրենց տիրոջը, թե երբ կվերադառնա հարսանիքից, որպեսզի երբ գա և բախի դուռը, իսկույն բաց անեն: Երանի՜ այն ծառաներին, որոնց արթուն կգտնի տերը, երբ գա: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նա գոտի կկապի մեջքին, սեղան կնստեցնի նրանց և կանցնի նրանց սպասարկելու: Եվ եթե տերը գա կեսգիշերին և կամ ավելի ուշ ու գտնի նրանց այդպես, երանելի են այդ ծառաները: Բայց այն էլ իմացե՛ք, որ եթե տանտերը գիտենար, թե որ ժամին գող կգա, թույլ չէր տա, որ իր տունը կտրեն: Դուք էլ պատրա՛ստ եղեք, որովհետև այն ժամին, երբ չեք սպասի, կգա Մարդու Որդին» (Ղուկաս 12:35-40):
Սիրելինե՛ր, Շնորհք պատրիարքն ասում է. «Ինչպես յուրաքանչյուր սերունդ, մենք էլ «ժամանակների լրումի» ճանապարհին ենք և ուղիղ գծով, մինչև իսկ գահավիժորեն, գնում ենք դեպի Քրիստոսի Երկրորդ Գալստյան արշալույսը»: Ուստի՝ եկեք զգոն և արթուն լինենք, որովհետև չգիտենք, թե մեր Տերը երբ է գալու, պատրաստ լինենք՝ մեր ճրագների համար ձեթ ունենալով, ինչպես իմաստուն կույսերի պարագայում էր, մինչդեռ հիմար կույսերը իրենց լապտերների համար ձեթ չվերցրին և քուն մտան, իսկ երբ արթնացան, փեսան եկավ, նրանց լապտերները հանգչում էին, և ավել յուղ չունեին: Այսինքն՝ նրանք ողորմության գործեր չունեին, ինչպես մեկնում է Սուրբ Հովհան Ոսկեբերանը: Այս առնչությամբ մի պատմություն էլ հիշենք. վաթսուն տարեկան մի մարդ, որ «լավ կյանք էր ապրել», «լցվել էր ամեն տեսակ մեղքով», մի օր հիվանդանում է և հասկանում, որ պիտի մեռնի: Մտածում է, որ այս կյանքից զրկվում է, չի էլ ապաշխարել, ուստի պիտի դժոխք գնա: Երազում է մի-երկու տարվա կյանք՝ ապաշխարելու համար: Հրեշտակը գալիս է և հայտնում նրան, որ քառասուն տարվա կյանք է նրան շնորհվում, որպեսզի նա ապաշխարի: Մարդն առողջանում է և մտածում, որ քառասուն տարի դեռ կա ապրելու, մի տասը տարի ապրի, հետո կապաշխարի: Երբ մնում է երեսուն տարի, մարդը մտածում է տասնհինգ տարի ապրել, մնացած տասնհինգ տարում նոր միայն ապաշխարել: Տասնհինգ տարին անցնում է, մյուս տասնհինգն էլ է նա բաժանում և յոթ տարի քեֆ-ուրախություն է անում՝ հույսը դնելով մնացած ութ տարվա վրա: Ութ տարին բաժանում է չորս-չորս տարիների: Մտածում է չորս տարին ապրի իր համար, մնացած չորս տարում ապաշխարի: Այնուհետև չորս տարին է բաժանում երկուական տարիների: Երկու տարին էլ է անցնում, երբ մնում է երկու տարի, մտածում է, որ մեկ տարին լիովին բավարար է իրեն ապաշխարելու համար: Հետո մեկ տարին էլ բաժանում է վեց-վեց ամիսների: Այդպես անցնում են ամիսները, շաբաթները, օրերը, ժամանակը լրանում է, մնում է մեկ օր, իսկ նա այդպես էլ չի ապաշխարում իր փրկության համար: Մտածում է ինչ անել, որ հրեշտակը գա և չճանաչի իրեն: Սակայն Աստծուց փախչել հնարավոր չէ: Հրեշտակը գալով՝ տանում է այն, ինչ կար այդ պահին՝ անզեղջ, ծույլ ու չապաշխարած հոգին:
Սիրելի՛ հավատացյալ հայորդիներ, մաղթում եմ բոլորիս արդյունավետ ապաշխարության ընթացք և հոգևոր արթնություն, Սուրբ Հոգու շնորհներով կարողանանք ընթանալ Աստվածապարգև մեր կյանքը, և ինչպես ասում է Սուրբ Պողոս առաքյալը. «Եվ խաղաղության Աստվածն Ինքը թող սրբացնի ձեզ ամբողջապես, և ձեր ամբողջ հոգին, շունչը և մարմինը թող անարատ պահվի մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը» (Թեսաղոնիկեցիներ Ա 5:23):
Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. ամեն:
Տեր Վահան քհն. Առաքելյան