23 Դեկտեմբեր, Բշ
Սույն թվականի օգոստոսի 29-ից Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու կից սրահն ամեն շաբաթ «Զորավոր» երիտասարդաց հոգևոր միության անդամների համար վերածվում է հետաքրքիր վերլուծությունների և քննարկումների մի վայր: Այս անգամ «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում երիտասարդները հնարավորություն ունեին առնչվելու «Գիտություն և հավատք» խորագիրը կրող բանախոսություններին: Համայնքի անդամ կենսաբան-ֆիզիկոս Խաչիկ Ստամբուլցյանն երիտասարդների հետ քննարկել է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ էվոլյուցիոն գաղափարի և տարբեր ցեղերի մեջ թափառող գաղափարների մասին, որ արտահայտվել են հեքիաթներում, օրինակ, բոլոր ցեղերի մոտ բացասական համարվող օձի, կենաց ծառի, կենաց ջրի մասին, տեսիլքի և հալյուցինացիայի տարբերությունների, 7 և 13 թվերի մասին: Նպատակը բանախոսությունների, ըստ պրն. Ստամբուլցյանի, հանգելն է այն ճշմարտությանը, որ գիտության ճշգրիտ ուսումնասիրությունները վերջ ի վերջո մարդուն մոտեցնում են Աստծուն, Աստվածաշնչին և ոչ հեռվացնում:
«15-րդ դարից առ այսօր բնագիտության զարգացումը, բնափոփոխության և էվոլյուցիայի ճանապարհով տեղի ունեցող պրոցեսները մարդկությանը հեռվացրել են Աստծուց՝ հայտարարելով Աստվածաշնչի և գիտության իրարամերժ լինելը: Այնինչ գիտության ասպարեզի նշանավոր մարդկանցից շատերն իրենց փորձառությամբ բազմիցս փաստել են գիտության ու Աստվածաշնչի միջև եղած հարմոնիայի մասին»,- նշեց պրն. Ստամբուլցյանը:
Երիտասարդաց միության անդամ Լիլիթի համար բանախոսություններն առավել պարզեցին գիտության և հավատքի միջև եղած իրական, ճշմարտացի ներդաշնակությունը:
«Գիտություն և հավատք» խորագիրը կրող հանդիպումները դեռ կշարունակվեն: Մայրիշխանություն, կռապաշտության սկզբնավորումը, հայ ազգի ծագումը, այս և այլ թեմաների դեռ կանդրադառնան և կքննարկեն երիտասարդաց միության անդամները:
Ծանոթանանք գիտության մեծ մշակների վկայություններից մի քանիսին, որ ժխտում են գիտության և հավատքի միջև եղած թվացյալ հակադրությունը: Նոբելյան մրցանակի դափնեկիր, ֆրանսիացի քիմիկոս Պոլ Սաբատիեն ասում էր. «Բնական գիտություններն ու կրոնը միմյանց են հակադրում միայն այն մարդիկ, ովքեր վատ գիտեն թե՛ մեկը, թե՛ մյուսը»:
«Ինչ ուղղությամբ էլ, որ ուսումնասիրենք, ամենուր մենք հանդիպում ենք Ամենակարող Արարչի գոյության ապացույցին» (Անգլիացի երկրաբան, ժամանակակից երկրաբանության հիմնադիր Շ. Լիել):
«Լուրջ բնագետը չի կարող ժխտել Աստծո գոյությունը: Նա, ով կարողացել է ողջ խորությամբ թափանցել Աստվածային դաշտ և հիանալ Նրա մեծագույն իմաստությամբ, ապա չի կարող չխոնարհվել այդ Բարձրագույն Ոգու առջև» (Գերմանացի աստղագետ, լուսնի առաջին քարտեզի հիմնադիր Գ. Մեդլեր):
Կարինե Սուգիկյան