25 Նոյեմբեր, Բշ
Լուսաբացին մի գյուղացի` կանգնած իր տան կտուրի ամենաբարձր ու վտանգավոր
հատվածի վրա, բարձրաձայն օգնություն է կանչում: Բայց անպատասխան է մնում: Նեղսրտած ասում է.
- Տե՛ր Աստված, օգնի՛ր ինձ, արդեն չգիտեմ, թե ինչպես անել... Ամենուր փնտրեցի տան
բանալին, բայց չգտա, և այժմ բանտարկվել եմ հենց իմ տան մեջ ու չեմ կարողանում
դուրս գալ:
Նախախնամող հրեշտակն այդ կողմերով անցնելիս նկատում է, որ գյուղացին կանգնած է
կտուրի վտանգավոր վայրում, գալիս է ու ասում.
- Ո՛վ մարդ, գրպանիդ մեջ լավ նայիր, և այս վտանգավոր վայրից իջիր: Բանալին գրպանումդ է, իսկ դու ուզում ես, որ Աստված երկնքից իջնի ու քո տան բանալին գրպանիցդ հանի ու քեզ տա:
Կյանքում կան իրողություններ, երբ մարդիկ անհարկի կերպով Աստծուց նույնիսկ պահանջում են իրենց փոխարեն կատարել այնպիսի բաներ, որոնք ունակ են հաղթահարելու, եթե մի փոքր զգոն, ուշադիր ու խորագետ լինեն: Սակայն ասում են, թե ինչու է Աստված լռում..., իսկ մյուս կողմից իրենք իրենց տանում են փորձության և վտանգի եզրին...
Հովհաննես Մանուկյան