21 Դեկտեմբեր, Շբ
Հակառակ այն իրողությանը, որ շրջապատն ավելի ու ավելի է հարմարեցվում մարդուն, աստիճանաբար հազվադեպ են հանդիպում այնպիսի մարդիկ, որոնք վստահորեն կարող են ասել, թե գոհ են իրենց կյանքից: Ինչո՞ւ:
Երբ նայում ենք աշխարհի զարգացած երկրներին, որոնք մեզ համար ինչ-որ չափով իդեալական են ապրելակերպի ու բարեկեցության առումով, տեսնում ենք, որ այնտեղ նույնպես կան մեծ դժգոհություններ, նույնիսկ քանակությամբ ավելի շատ, և զանգվածային բողոքի ցույցեր` կապված կենսապայմանների բարելավման, կառավարությունների գործունեությանը անհամաձայն լինելու հետ: Ուրեմն, ամեն տեղ կա գոհ չլինելու այս երևույթը: Քրիստոնեական գրողներից մեկն ասում է, որ կենդանի արարածներից միայն մարդը գոհացում չունի: Մի քիչ խոտ գոհացնում է գառանը, մի քիչ արյուն` վագրին: Միայն մարդն է արարածներից, որ չի կարողանում գտնել իր գոհացումը: Դրա պատճառը մարդկության չգիտակցված կարոտն է դրախտի և դրախտային երանության, որ մարդկության նախահորից անցել է իր սերունդներին:
Դժգոհությունը միայն չարիք է դժգոհող մարդո՞ւ համար, թե՞ այն համարվում է նաև մեղք:
Եկեղեցում մեղքերի խոստովանության ժամանակ ասվող մեղաների շարքում մեղքերի մեջ շեշտվում է դժգոհությունը: Քրիստոս պատվեր չտվեց դժգոհելու, այլ նույնիսկ ընդհակառակը` սիրելու թշնամիներին, օրհնելու անիծողներին (Մատթ. 5.44): Դժգոհությամբ մարդու հոգեվիճակն ավելի է վատանում: Բացի դրանից, չարը սիրում է չարախոսությունը և չի հեռանում, մինչդեռ օրհնությունից փախչում է, և Աստծո օգնությունն ավելի շուտ է հասնում: Դժգոհությունը խաթարում է մարդու հոգևոր, մտավոր, զգացական հանգստությունն ու խաղաղությունը, քանզի երբ մարդը կենտրոնանում և մտասևեռվում է բացասական իրողությունների վրա, ներաշխարհում հայտվում և գերակայում են տհաճ զգացումները, ընկճվածությունը, անբավարարվածությունը, հուսահատությունն ու հիասթափությունը: Այսպիսի վիճակը հաղթահարելու համար պետք է ոչ թե դժգոհության հասցնող երևույթների, իրադարձությունների մասին անընդհատ խորհել, այլ դրանք հաղթահարելու, հույսով զորանալու շուրջ մտածել` աղոթքով խնդրելով Աստծո զորակցությունը դժվարին իրավիճակներում: Սակայն դժգոհությունը կյանքից ընդհանրապես բացառել չի կարելի, որովհետև այն կարող է նաև դրական նշանակություն ունենալ, երբ անընդունելի իրողությունները մատնանշելով` մարդը ելնում է` ընթանալու սրբագրումի, առավել կատարյալի ճանապարհով:
Որո՞նք են այն գործոնները, որոնք թույլ չեն տալիս հասնել ներքին բավարարվածության:
Քանի որ մարդն անընդհատ զարգացող է, և նրա մի նպատակի իրագործվելով անմիջապես հառնում է մեկ այլ նպատակ, որին նույնպես ձգտում է ուժերի ողջ ներդրումով, դրա համար էլ բավարարված չլինելու զգացումն առկա է: Բացի դրանից, կան եկեղեցական հեղինակներ, ովքեր զգուշացնում են բազմահոգության հիվանդության մասին, որը հոգեմտավոր ոլորտին է առնչվում: Մարդը, իր կյանքի մեծ շրջան նկատի ունենալով և դրա հետ կապված հոգսերը մտովի տեսնելով, ընկնում է բազմահոգության մեջ, ճնշվածության զգացում ունենում: Քրիստոս ասում է. «Օրվա հոգսը բավ է օրվա համար» (Մատթ. 6.34), ինչը նշանակում է, որ սխալ է անընդհատ հոգսախեղդ լինելը հեռավոր ապագայի համար: Այլ պետք է մոտակա հոգսերը լուծել և հետո նոր մտածել մյուս կարիքների և դրանց բավարարման մասին:
Ինչպե՞ս վարվել այն արտաքին գործոնների հետ, որոնք անընդհատ մղում են մրցակցության, շքեղության: Արդյոք մերժելով այդ ցանկություններն ու անընդհատ բավարարվելով միայն եղածով` կգտնե՞նք իրական գոհունակություն:
Եթե մարդ միայն եղածով բավարարվեր, զարգացում և առաջընթաց չէր լինի: Եղածով պետք է բավարարվել տվյալ պահի համար, երբ հնարավորություններ չկան առավել մեծ գործեր անելու կամ նոր ձեռքբերումներ ունենալու: Եղածով պետք է բավարարվեն ճգնավորական, վանական կյանքով ապրողները, եթե խոսքը նյութական եղածի մասին է, իսկ հոգևոր ոլորտում միշտ պետք է աշխատեն նորանոր ձեռքբերումների հասնել` աղոթքի հարատևության, սրբության, առավել կատարելության, Աստծո հետ ավելի մերձավորության: Այն արտաքին գործոնները, որոնք մղում են նյութական իմաստով մրցակցության ու շքեղության, գործադրվում են տնտեսական շահի նպատակով, երբ մարդկանց նորանոր ապրանքներ առաջարկելով և դրանց օգտագործումն անհրաժեշտ ներկայացնելով` ձեռնարկությունները նյութական մեծ շահույթներ են ունենում: Այս երևույթը կոչվում է կոնսյումերիզմ` սպառողականություն, երբ փորձում են սպառողական հասարակություն ստեղծել, այդ հասարակության հաշվին նյութական հսկայական շահույթներ ունենալու գերնպատակով: Այստեղ դատապարտելի է ոչ թե այն, որ մարդկանց ապրանքներ են մատուցում, այլ այն, որ մարդը, որն ըստ քրիստոնեության գերագույն արժեք է` Աստծո պատկերով, դառնում է միջոց և գործիք տնտեսական շահի համար: Այսպիսով, մարդը նպատակ լինելուց վերածվում է շահույթի գործիքի: Իսկ մարդու համար ամեն ինչ կենտրոնանում է առարկաներ ունենալու, դրանք ձեռք բերելու նպատակի վերաբերյալ սևեռուն մտքերի շուրջ: Նորանոր առարկաներ ունենալու, դրանք սպառելու մարմաջը դառնում է կյանքի գլխավոր նպատակներից մեկը, մինչդեռ այն պետք է դիտվեր պարզապես միջոց սեփական կյանքը կազմակերպելու համար: Եկեղեցու կողմից սահմանված պահքը կարելի է նաև դիտել որպես հակասպառողականություն, նաև բարեգթություն` մսեղենից հրաժարմամբ կենդանիների կյանքը խնայելով, ինչպես և ուտելիքի պաշարի խնայողություն, որի սակավությամբ է նաև բացատրվում մարդկության նոր օրերի նյութական ճգնաժամը:
Փողոցում անընդհատ մեզ հետ են գովազդային պաստառները, տանը հեռուստատեսային հոլովակներն են, մեքենաներում` ռադիոգովազդը: Պատահական զրույցների մեծ մասն էլ նոր իրերի, հեռախոսների, մեքենաների, բնակարանների ձեռքբերման մասին են: Շարքային քաղաքացու համար բնական չէ՞ հոսանքին տրվելն ու ցանկանալը:
Սպառողականությունը խթանելու համար անընդհատ օգտագործվող գովազդները կամ հայտարարությունները` թանկագին իրերի մասին, կարող են նաև գայթակղություն լինել համեստ ընտանիքների համար, որտեղ երեխաները տեսնում են առարկաներ, մանկական թանկարժեք իրեր, որոնք ծնողները չեն կարող ձեռք բերել: Այստեղ և՛ ծնողները պետք է արժեքների մասին, գլխավորի մասին բացատրողական աշխատանք տանեն երեխաների հետ, և՛ ձեռնարկությունները գոնե պետք է հոգ տանեն առավել չափով գայթակղություն չբերելու համար, որովհետև շահամոլություն է հասարակության յուրաքանչյուր խավին նկատի չունենալը տնտեսական գործունեության մեջ: Պողոս առաքյալը, խոսելով նման գայթակղության մասին, ասում է. «Եթե ուտելիքը պիտի գայթակղեցնի իմ եղբորը, հավիտյան միս չեմ ուտի, որպեսզի իմ եղբորը չգայթակղեցնեմ» (Ա Կորնթ. 8.13): Իհարկե, խոսքն այստեղ փոխաբերական է, սակայն սկզբունքներ է բերում նման դեպքերում վարվելու համար:
Մեր ընկերները, շրջապատող մարդիկ կարող են նպաստել կամ խոչընդոտել մեր գոհունակության զգացում ունենալուն: Ինչպե՞ս վարվել, եթե նրանք ստիպում են նախանձել, չեն գնահատում այն, ինչ արվում է իրենց համար. հրաժարվե՞լ ընկերներից:
Քրիստոս ասում է. «Քեզ համար լավ է, որ քո անդամներից մեկը կորչի, և քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն» (Մատթ. 5.30): Խոսքը վերաբերում է նաև ընկերներին ու բարեկամներին: Եթե խոչընդոտում են հավատքին, Քրիստոսի սիրուն, ապա պետք է հեռու մնալ շփումից, հաճախակի հաղորդակցությունից, սակայն միշտ պետք է նրանց հետ մերձ լինել աղոթքում, աղոթել, որ նրանք ճիշտ և աստվածահաճո ճանապարհով ապրեն: Եթե խոսքը վերաբերում է սովորական գոհունակություն զգալուն, որին խանգարում են շրջապատի մարդիկ, ապա այստեղ մարդ գուցե իր մեջ փնտրի պատճառը, թե ինչից է ուզում գուհունակություն ապրել, և հստակ ինչն է, որ խանգարում է:
Կա՞ն այնպիսի հատկանիշներ, որոնք կյանքում գոհ լինելու գրավականներ են:
Աստված արարարչագործությունը վերջացնելուց հետո, գոհունակությամբ անդրադարձավ Իր արարչագործությանը, տեսավ, որ ամեն ինչ լավ է, բարի է (Ծննդ. 1.31): Մարդը ևս աստվածանմանությամբ ունի արարչագործության հատկանիշը և իր կատարած բարի ու լավ գործով կարող է մեծ բավականության զգացում ունենալ: Մարդուն գոհունակություն կբերեն նաև հոգևոր իրագործումները` պահքի, աղոթքի, բարեգործության, մարդասիրության ճանապարհին ձեռքբերումները, իր անձի վերափոխվելը Աստծո կամքի համաձայն, Քրիստոսի նմանությամբ պայծառակերպվելը` դառնալով մեղքերից սրբված նոր արարած (Բ Կորնթ. 5.17): Ուրեմն, մարդուն գոհունակություն կարող են բերել բարի գործերը և հոգևոր ճանապարհին առաջընթացը, որը լուսե կնիքն է դնում մարդու անձի և հոգու վրա:
Տեր Ադամ քհն. Մակարյան