14 Նոյեմբեր, Եշ
Գրակալը գրքերի պատվանդան է, որի վրա եկեղեցական տարբեր արարողություններին դրվում են աստվածապաշտական գրքեր (Ճաշոց, Ավետարան, Ատենի ժամագիրք, Շարական) ընթերցելու համար: Այն, ըստ իր նշանակության, լինում է տարբեր չափերի: Գրակալները հիմնականում երեք տեսակի են՝ ճաշոց, ատյանի և բեմի:
Ճաշոցի գրակալը ծալովի, երկու կտորից բաղկացած, վերևի մասը կաշիով իրար միացված գրակալ է, որի վրա դրվում է Ճաշոց գիրքը ընթերցելիս: Որոշ եկեղեցիներում այս տեսակի գրակալները օգտագործում են նաև «Իւղաբերից» Ավետարանն ընթերցելիս: Եկեղեցիներում այս գրակալները ունեցել են ծածկոցներ, որոնք տոնից տոն փոխվել են. Մեծ Պահքին ծածկել են սև գույնով, Սբ. Հարության տոնին՝ սպիտակ գույնով և այլն: Այսօր շատ եկեղեցիներում օգտագործվում են քանդակազարդ, շքեղ գրակալներ առանց ծածկոցների:
Դասի գրակալ. Այս գրակալները ունեն կենտրոնական մի սյուն, ներքևի մասում երեք ոտք որևէ տեղում կանգնեցնելու համար, վերևի մասում երկու կողմից թեքություն ունեցող մի հարմարություն, որի մեկ կողմում դրվում է աշտանակը, իսկ մյուսի վրա՝ Ժամագիրքը: Վերևի մասը պտտվում է սյան վրա հարկ եղած ժամանակ և ըստ հարմարության օգտագործվում են գրքերը:
Ատյանի գրակալ. Դրվում է բեմի առաջամասում: Ունի մեկ երեսից թեքություն, որի վրա դրվում է Ատենի ժամագիրքը, որից սարկավագը, քահանան և դպիրները հերթականությամբ ընթերցում են սաղմոս, քարոզ և աղոթք:
Ատյանի գրակալները լինում են նաև դասի գրակալի նման՝ մեկ կողմի թեքությամբ, մի տարբերությամբ, որ վերևի մասը չի պտտվում: Այս տեսակները դրվում են բեմի առջևի մասում՝ ատյանի կենտրոնում:
Եկեղեցիներում կա նաև մի փոքրիկ գրակալ ևս, որի վրա դրվում է Խորհրդատետրը Սբ. Պատարագի ժամանակ: