Հաղթական եկեղեցին սիրո հաղորդակցության մեջ է զինվորյալ եկեղեցու հետ

          Հաղթական եկեղեցին սիրո հաղորդակցության մեջ է զինվորյալ եկեղեցու հետ

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Քրիստոսի յոթանասուներկու աշակերտներից սբ. Անանիայի հիշատակությունն այս տարի տոնախմբեց հոկտեմբերի 14-ին: Եկեղեցական կարգի համաձայն՝ օրը փոխվում է Երեկոյան ժամերգությունից հետո և հոկտեմբերի 13-ի երեկոյան՝ ժամը 19-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, երեկոյան Սուրբ Պատարագ մատուցվեց: Պատարագչի՝ Տեր Վահան քահանա Առաքելյանի հետ միասին ուխտավորներն արարողության ընթացքում սբ. Անանիայի շիրիմի առջև միասնական աղոթք բարձրացրին առ Տեր՝ սրբի բարեխոսությունը հայցելով: 

Ուխտի օրհնաբեր օրն իր շարունակությունն ունեցավ, երբ վաղ առավոտյան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի  գանձատնից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի բերվեց սբ. Անանիայի մասնատուփ-աջը (17 դար): Հանդիսավոր թափորը Փարպեցի փողոցից, եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր դասի, համայնքի անդամների ու բազմաթիվ ուխտավորների մասնակցությամբ, առաքյալի մասնատուփ-աջը բերելու հատուկ արարողակարգով, իր խոնարհումը բերեց սբ. Անանիայի մասունքներին՝ եկեղեցուն կից մատուռ-դամբարանում: Այնուհետև եկեղեցում շարունակվեց արարողակարգը: Ներկաներն ունկնդրեցին սրբի մասին պատմող ավետարանական ընթերցումները և մասնակից եղան ուխտի Սուրբ Պատարագին: Դարեր շարունակ Քրիս­տո­սով հաղթա­նակ տա­րած  սրբերը՝ հաղ­թա­կան ե­կե­ղե­ցին, սիրո հաղորդակցության մեջ է զինվորյալ եկեղեցու հետ, և այդ հաղորդակցությունը արտահայտվում է աղոթքով, որի պսակը Սուրբ Պատարագն է: Պատարագիչը՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանը, քարոզին անդրադարձավ սբ. Անանիայի վարքին և նրանից բխող կարևոր դասերից մեկին՝ քրիստոնյայի առաքելությանը, որն է՝ Տիրոջով լուսավորվելու, այդ լույսը պահելու և տարածելու:

Արդեն տասներկուերորդ տարին է, որ առաքյալի հիշատակության օրը մեծ թվով ուխտավորներ, ուխտի Սուրբ Պատարագին մասնակցելով, հաղորդակից են լինում սբ. Անանիայի մասնատուփ-աջի զորությանը և իրենց խոնարհումը բերում սբ. Անանիայի մասունքներին՝ եկեղեցուն կից մատուռ-դամբարանում:

Սրբերի մասունքների հանդեպ քրիստոնյայի ակնածալից հայացքն իր մեջ արթնացնում է ոչ միայն մեղավորության և զղջման գիտակցություն, այլ ոգեշնչում ու մղում է առաքինության և բարեպաշտության: Նայելով սուրբ մասունքներին՝ քրիստոնյան վառ պատկերացնում է Տիրոջ մեջ հանգչող սրբերի կատարելությունը, սխրանքներն ու ջանքերը՝ միևնույն ժամանակ տեսնելով նաև իր մեղավոր ցանկություններն ու հակումները: Նա կարծես տեսնում ու լսում է սրբին, որ հանդիմանում, խրատում ու աղաչում է իրեն շտկել իր հոգևոր կյանքը, թողնել մեղքերը և առաջանալ առաքինության սխրանքներում: Ս. Հովհան Ոսկեբերանն, այս իրողությունը հաստատելով, ասել է. «Իսկապես, Աստված մեզ տվել է սրբերի մասունքները, որպեսզի առաջնորդի մեզ նման եռանդի և հուսալի ապաստան տա՝ չարից պաշտպանվելու»։

 

Կարինե Սուգիկյան

 

14.10.25
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․