23 Նոյեմբեր, Շբ
6. Բայց խնդրեսցէ ասէ՝ հաւատովք, և մի՛ երկմտիցէ:
Միայն թե նա հավատով թող խնդրի և թող չերկմտի:
Ամեն ինչում մեզ հավատք է պետք և ոչ միայն սոսկ հավատք, այլ մաքուր և ջերմեռանդ հավատք, որի օրինակը մեր Տերը ցույց տվեց՝ ասելով. «եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, այս լեռանը կասեք՝ տեղափոխվի՛ր այստեղից այնտեղ, և կտեղափոխվի. և որևէ բան ձեզ համար անհնարին չի լինի» (Մատթ. 17:19): Եվ նորից ասում է, թե ինչ էլ որ խնդրեք հավատքով և չերկմտեք, կտրվի ձեզ իմ Հորից (հմմտ. Մատթ. 18:19): Թվում է, թե հենց այս հավատքի մասին է խոսում այս երանելին. հավատով թո՛ղ խնդրի, ասում է, և թող չերկմտի:
Հավատով թող խնդրի ասելով ցույց է տալիս Աստծո զորությունն ու անսահման գթությունը, իսկ չերկմտելը մարդու առաքինության և Աստծո հանդեպ ունեցած սիրո նշանն է, ինչն առավելություն է նշանակում: Երկմտելը, ասում է, խնդրանքի հանդեպ տարակուսանքն է՝ կստանամ արդյո՞ք, թե՝ ոչ, իսկ չերկմտելը հավատալն ու վստահելն է՝ հուսալով, որ աչքաթող չի անի իր խնդրածը: Այս մտադրությամբ էլ երանելի Պողոսը պատվիրում է աղոթքի կանգնել առանց բարկությանը և երկմտության (տե՛ս Ա Տիմ. 2:8):
Տեսնում ես, որ ամեն տեղ երկմտությունը և աստվածային [գործերը] քննելը հանդիմանվում է, քանզի քրիստոնյան ամեն ինչ հավատքով է սահմանում, այլ ոչ թե քննությամբ է իմանում: Նման ձևով պետք է և վայել է մեզ հավատքով խնդրել Աստծուց և նրա վրա հույս դնել, այլ ոչ թե քննել ստանալու կերպը, քանզի հավատալն ու հավանություն տալը ծառայի գործ է, իսկ քննելը՝ դատավորի և օրենսդրի:
Արդ, ապա ինչո՞ւ թողնելով ծառայի կերպարանքը՝ օրենսդրի համար դատավոր և քննիչ ես դառնում, քննելով նրա կամքը, ով Տերն է տալու և վերցնելու, որին պարտք ես սրանով և այսպես վճարել. հավատով խնդրել և չերկմտել, ինչպես սուրբգրային վարդապետները և նրանք, ովքեր այս նույն մտքին են:
Զի որ երկմիտն է, ասէ՝ նման է հողմակոծծեալ և տատանեալ ալեաց ծովու:
Ով երկմիտ է, նման է ծովի հողմակոծ և տարուբերվող ալիքներին:
Ասաց, թե հավատով խնդրեք և մի՛ երկմտեք, ապա մեր առջև մեծ օրինակ է բերում՝ ցույց տալու համար երկմտության անարժանությունը: Ինչպես որ ծովը քանի դեռ հանդարտ է, դիտողների համար գեղեցիկ և վայելուչ է երևում, հատկապես, երբ բարեխառն օդով, հանդարտ ալիքներով մեղմորեն ափին է գալիս և իր ծաղկանման դեմքն է ցույց տալիս անցորդներին և ուրախությամբ տանում է նավավարներին ո՛չ թե պատերազմ և խռովություն հարուցելով հարևանների հանդեպ, այլ հանդարտ և հեզ շարժումներով բոլորի առջև իրեն զվարթերես է ցույց տալիս: Իսկ երբ սկսվում են սաստիկ քամիները, ապա ամեն ինչ կերպարանափոխվում է, հանդարտ և խաղաղ բնությունը վայրենանում է, լեռնաձև ալիքներ է առաջացնում՝ միմյանց վրա կուտակելով, և դիտողների առջև խոժոռ և տրտում է երևում և ալիքների ձայնի գոչյունից մարդկանց սրտերը սկսում են դողալ, և նա անընդհատ շարժվում է և ծփում: Նման կերպ նաև երկմիտը խնդրելու վայրում Աստծո առջև կանգնած, ինչպես հանգիստ և խաղաղ նավահանգիստ՝ ձեռքն առած աղոթքի ղեկը, հավատարմության արժանի խոսքերով է խոսում Աստծո հետ՝ տեսնողներին ցանկալի և ուրախություն՝ հրեշտակներին, մեր կյանքի համար հոգատար և Աստծուն սիրելի: Այնուհետև երկմտության պատճառով հուզվելով ուժգին քամու պես կուտակված խորհուրդներից և շփոթվելով մտքերից, թե կարող է արդյո՞ք ստանալ իր խնդրածը, ծովի օրինակով, չի կարողանում Աստծո միջոցով հաստատվելով՝ նավահանգիստ հասնել: Դրա համար էլ ասում է.
7. Մի՛ ակնկալցի մարդ այն առնուլ ինչ յԱստուծոյ:
Այդպիսի մարդը թո՛ղ չակնկալի Աստծուց որևէ բան ստանալ:
Ո՜ մեծագույն պատիժ, ո՜ անհաղթահարելի աղետ, ո՞վ միանգամից այս վճիռը կայացրեց և ողբալի ձայնով ասաց. այդպիսի մարդը թող չակնկալի Աստծուց որևէ բան ստանալ:
Սարսափե՛նք, սիրելիներս, աղաչում եմ, սարսափե՛նք և առավել ևս երկյուղե՛նք, որպեսզի այսպիսի սարսափելի դատաստանի չհանդիպենք: Հեռու մնանք երկմտությունից, որն անհավատության մայրն է և հավատանք իսկապես Աստծո խոստմանը, ինչպես որ վայել է հավատալ, որպեսզի մենք էլ չլսենք Սուրբ Գրքի այս խոսքերը, թե. այդպիսի մարդը թող չակնկալի Աստծուց որևէ բան ստանալ:
Տեսնո՞ւմ ես, որ անմխիթարելի և տրտմությամբ լի են այս սպառնալիքները, քանզի չասաց, թե այսինչ բանն արեք, իսկ այսինչ բանը մի՛ արեք, այլ երբեք, ասում է թող չակնկալի, այսինքն՝ թող չխաբի ինքն իրեն, թե կարող է ստանալ այն, ինչն անհնար է ստանալ:
Արդարև, ինչպես կարող է հավատացյալը գալ Աստծո առաջ և նրանից ինչ-որ բան խնդրել, սակայն անհավատի և Աստծո խնամատարությանն անտեղյակի պես երկմտել, թե կստանա՞ նրանից, սա ապացույց է մեծագույն հիմարության:
Եվ արդ, մեզանից ո՞վ լաց չի լինի և չի ողբա, քանզի ամբողջովին թշվառանում ենք՝ ծուլանում աղոթելիս և երկմտում խնդրելիս, հատկապես որ ամբողջովին անարժան ենք և զանազան աղտեղություններով ապականված. աչքով, լեզվով, ականջներով և ձեռքերով և առանց արտասուքներով լվացվելու և խոստովանությամբ մաքրվելու անպատկառությամբ Աստծո առջև կանգնելով՝ նրանից ինչ-որ բան ենք խնդրում, այդ պատճառով էլ ասաց. այդպիսի մարդը թող չակնկալի Աստծուց որևէ բան ստանալ:
Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի, Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը