12 Հոկտեմբեր, Շբ
Մի թագավոր, երբեմն, իբրև հյուր, այցելում է բարեպաշտ մարդկանց: Եվ այդպիսի մի օր, երբ արքան շրջում էր քաղաքում, պատվիրանները պահող մի օրենսգետ անհամբեր ժամանակ առ ժամանակ մտնում է իր տուն և դուրս գալիս:
Երբ թագավորը մոտենում է, այդ պահին այս մարդն իր տանն է լինում, և թագավորին հյուրընկալում է նրա հարևանը, որը վաշխառու էր: Օրենսգետը, այդ ամենը տեսնելով, դուրս է գալիս ու դժգոհությամբ ասում.
- Թագավորն արդարացի չէ և մեղավորներին է այցելում ու նրանց հյուրը լինում:
Ապա կրկին ներս մտնում, չորս կողմը նայում, կիսամութ թաքստոցից մի սնդուկ հանում, բացում և զգուշությամբ մի փոքրիկ ադամանդյա զարդատուփ դուրս բերում: Մեծ հիացմունքով և ակնապիշ նայում զարդատուփին և արագ կրկին թաքցնում սնդուկի մեջ, քանի որ նկատում է իր հետևում կանգնած թագավորի զինվորին, որն ասում է.
- Ո՛վ օրենսգետ, թագավորը ցանկանում էր քեզ այցելել, բայց քեզ թվում է, թե դու առաքինի ու արդար ես, սակայն տեսնում եմ, որ քո սրտում ու հոգում եսասիրությունն ու ագահությունն են իշխում: Ուստի, նայիր սրտիդ ու հոգուդ մեջ, թե ինչպիսի՞ մեղքեր ես խնամքով թաքցրել, որոնք գանձեր ես համարում: Արդ, ինչո՞ւ ես բողոքում, երբ արքան քո տան մոտով է անցնում, իսկ դու ներսում ես գտնվում և ոչ թե նրան դիմավորելիս...
Հովհաննես Մանուկյան