Համբարձման տոնը նշվեց միջհամայնքային տոնախմբությամբ

Բոլոր տոների ու տնօրինական խորհուրդների ամբողջացումը՝ Համբարձման տոնը, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է տասը օր շարունակ:

Համբարձման տոնը մարգարեների ավետիսով ու առաքյալների տեսությամբ մեզ հայտնում է կատարյալ փրկության մասին և հիշեցնում Քրիստոսի այն խոսքերը, որ ասում է. «Ուր ես եմ, այնտեղ կլինի և Իմ ծառան» (Հովհաննես 12:26), «Եթե գնամ և ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ և ձեզ կվերցնեմ Ինձ մոտ» (Հովհաննես 14:3):

Մայիսի 17-ին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում Սուրբ Պատարագի ավարտին մի խումբ երեխաներ Քրիստոսի հրաշափառ Համբարձման ավետիսն էին փոխանցում բոլորին, ծաղկեփնջեր նվիրում՝ հրավիրելով միասին տոնախմբելու այս հրաշալի օրը:

Երեխաները Զորավոր Սուրբ Աստվածածին և Էրեբունու համայնքի կիսակառույց Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցիների համայնքների անդամների զավակներն էին: Այս երկու համայնքների համատեղ ջանքերի շնորհիվ էլ Համբարձման ուրախ տոնախմբությունը իրականություն դարձավ: Միջոցառումը սկիզբ դրեց մի գեղեցիկ ձեռնարկի՝ միջհամայնքային համատեղ միջոցառումների իրականացմանը:

Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով: Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը նշեց, որ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ սկիզբ դրված միջհամայնքային նման միջոցառումները կարևոր են, քանի որ միասնական և սիրով արված աշխատանքներն իրենց ցանկալի պտուղն են տալիս: «Համբարձման տոնը համախմբել է երկու համայնքներին՝ Աստծո հետ միավորման հնարավորություն  շնորհելով բոլորիս: Համբարձման միջոցով Քրիստոս մեզ համար բացել է այն երանելի ճանապարհը, որ դեպի Երկնային Արքայություն է տանում: Տոնի խորհրդին անդրադառնալով՝ երեխաները մեկ անգամ ևս կհիշեցնեն բոլորիս Քրիստոսի այն խոսքերը, որ ասում է. «Ես հաղթեցի աշխարհին» (Հովհաննես 16:33) և «Եվ ահա ես ձեզ հետ կլինեմ միշտ՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթեոս 28:20)»,- ասաց Տեր Գրիգորը:

«Համբարձման» շարականից հետո երեխաները հանդիսատեսին ներկայացրեցին տոնի Ավետարանական պատմության բեմադրությունը: Մինչ երկինք բարձրանալը Քրիստոս վերջին անգամ օրհնեց  առաքյալներին և պատգամեց, որ Երուսաղեմում սպասեն Մխիթարչի՝ Սուրբ Հոգու գալուստին, որով զորացած կքարոզեն Ավետարանը մինչև երկրի ծայրերը, աշակերտ կդարձնեն բոլոր ազգերին՝ մկրտելով նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով: «Հրեշտակային» շարականի ներքո հայտնվում են երկու լուսավոր հրեշտակներ և  ակնապիշ դեպի երկինք նայող առաքյալներին ասում, որ Քրիստոս դարձյալ գալու է:

Ապա երկնային տոնախմբության տեսարանն է ներկայանում: Քշոցներն են հնչում, որ ազդարարում է հրեշտակների ներկայությունը: Նրանք տոնախմբում են Քրիստոսի համբարձումը երկնքում:

- Վեր քաշեցեք իշխաննե՛ր, դռները ձեր, թող բացվեն հավիտենական դռները, որպեսզի ներս մտնի փառաց թագավորը:

- Ո՞վ է այս փառաց թագավորը և զորությունների Տերը:

- Սա Ինքն է փառաց թագավորը:

Հրեշտակների խումբը օրհնաբանում է Տիրոջ համբարձումը՝ Օրհնյալ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով:

Իսկ ահա միջոցառման երկրորդ մասում սուրբ օրվա գովքն էին անում ժողովրդական տոնախմբությամբ՝ երգ ու պարով և վիճակով: Երեխաները բացատրեցին, որ վիճակը տոնի հետ կապված է նրանով, որ Քրիստոսի համբարձումից հետո Հուդայի փոխարեն վիճակով ընտրվեց Մատաթիան:

Համբարձումը բնորոշվում է ծաղիկների առատությամբ, խաղիկներով վիճակահանմամբ, և երգչախումբը հնչեցնում է վիճակահանության ժողովրդական երգեր «Ջանգյուլում»-ը, «Ծաղիկ ունեմ նարընջի», «Համբարձում եկավ»:

Ծաղիկ ունեմ նարընջի,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Ապա մի խումբ աղջիկներ ու տղաներ վիճակի սափորով, յոթ աղբյուրից ջուր լցրած կժերով, վիճակի զամբյուղներով, ծաղկաթերթերի թասով, Ծաղկամեր խաչով, Ջան գյուլում, ջա՜ն, ջա՜ն երգելով, մոտենում են ժողովրդին: Եվ նրանցից յուրաքանչյուրը ներկայացնում է, թե ինչ է բերել հետ:

Համբարձում եկավ, ծաղկունքը ալվան,
Զուգել են հանդեր նախշուն գորգերով.
Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան,
Վիճակ հանելու, աշխույժ երգերով:

Աղջիկները վիճակի սափորն են պտտեցնում, ներկաներն որևէ նշան են գցում սափորը՝ սպասելով, թե հրեշտակների արդար ձեռքը ինչ վիճակ է հանելու իրենց համար:

Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամ և միջոցառման կազմակերպիչներից՝ Սիրանուշ Գյումրույանը, տոնին հատուկ ծաղիկ գովելուն զուգահեռ հանելուկային ձևով գովերգում էր միջոցառմանը մասնակից երեխաներին:

Ժողովրդական տոնախմբությունը շարունակվեց պարով և քանի որ Համբարձման տոնը հայտնի է նաև «Կաթնապրի օր» անունով և կաթնապուր եփելը պարտադիր էր, ապա իբրև մատաղ կաթնապուր բաժանվեց բոլոր ներկաներին:

Ողջ միջոցառման ժամանակ արևային և անձրևային եղանակի փոփոխությունը չէր փոփոխում երեխաների և ներկաների ուրախ տրամադրությունը:

Էրեբունու Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու համայնքից տիկին Ալիսան տպավորված էր միջոցառմամբ, և ուրախ է, որ իր երկու թոռնիկները երգում են երգչախմբում:

Էրեբունու համայնքի կիսակառույց Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զգոն քահանա Աբրահամյանը, ով այսօր ծառայում է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ որպես խորհրդակատար քահանա, նշեց, որ Էրեբունու համայնքում գործում է կիրակնօրյա դպրոց: Տեր Հայրը, կիրակնօրյա դպրոցի մասին ներկայացնելով, ասաց. «Երեխաները կիսակառույց եկեղեցուն կից տնակում հնարավորություն ունեն հաճախելու երգի, ուլունքագործության, նկարչության, կավագործության, անգլերենի  խմբակներ: Այս ամենին զուգահեռ երեխաները թատերական ներկայացումների են մասնակցում: Այսօր էլ երգչախումբը մեծ ոգևորությամբ էր պատրաստվել Քրիստոսի Համբարձման տոնին»:

 Մեծ թե փոքր, հանդիսատես թե մասնակից ապրեցին և իրենց հետ տարան Համբարձման տոնի հոգևոր և ժողովրդական ուրախությունն ու տոնախմբությունը:

 

Կարինե Սուգիկյան

17.05.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․