12 Հոկտեմբեր, Շբ
Մի աշխատասեր շինական մեծ ոգևորությամբ ճամփա է ընկնում դեպի մի հեռավոր
երկիր, ուր պատմում են, թե Աստծո արքայությունն է գտնվում և որտեղ բազում մեծ ու վեհ նպատակների ու երազանքների իրականացումն է կայանում: Մեծ հույսով լցված շինականը գնում-գնում է, բայց ոչ ճանապարհն է վերջանում, ոչ էլ արքայությանն է հասնում:
Ուժասպառ եղած պառկում է ճամփեզրի խոտերին ու ասում.
- Տե՛ր Աստված, այլևս ուժ չունեմ շարունակելու...
Միևնույն ժամանակ տարօրինակ զգացում է ունենում ու զարմացած ասում.
- Տե՛ր Աստված, ես ուժասպառ եղած պառկել եմ գետնին, բայց, չգիտես ինչու, շարժվում ու գնում, շարունակում եմ ճամփան:
Եվ այդ պահին նկատում է` Հիսուս ժպտում է ու իրեն գրկած քայլում է ճանապարհով դեպի նպատակակետը...
Երբեմն մարդ ուժասպառ է լինում ու մտածում, որ այլևս չի կարող շարունակել` երկար սպասելով Աստծո օգնությանը, բայց այդ ժամանակ զարմանք ու ուրախություն է ապրում,քանի որ հենց Աստված է իրեն մղում, ուժ տալիս ու տանում դեպի այդ առաքելությունը:
Մի կողմից երկար սպասումից հետո Աստծուն հուսալով և Նրա ճանապարհներով գնալը անվերջ է թվում նպատակին հասնելու համար, որովհետև Աստված անվերջ ու հավիտենական է և Նրա ճանապարհներով գնալն էլ է անվերջ, սակայն երկնքի արքայությունը հենց ինքն է գալիս ու հանգրվանում Քրիստոսի շնորհի միջոցով` իրականացնելով սպասված նպատակը:
Հովհաննես Մանուկյան