Համբերություն

Համբերություն | Hamberutyun

«Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձությանը. որովհետև, եթե փորձության մեջ հաստատ լինի, կստանա կյանքի պսակը, որը Տերը խոստացավ իրեն սիրողներին» (Հակ. 1:12)

Սիրելի հավատացյալներ,

Այս խոսքերի ճշմարտացիության մեջ բազմիցս ենք համոզվել մեր կյանքում: Տեսել ենք, թե զանազան բարդ ու խճճված իրավիճակներն ինչպես են պարզվում համբերելու շնորհիվ: Կամ մարդու ֆիզիկական կյանքն ինչպես է փրկվում համբերության միջոցով և մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերի համաձայն ու երանելի սրբերի օրինակով հավատում ենք, որ երկրային կյանքում համբերելը երկնայինին է արժանացնում: Արդարև տեսնում ենք, որ քրիստոնեական մեծագույն առաքինություններից մեկն է համբերությունը, և ինչպես սուրբ Հովհան Ոսկեբերանն է ասում. «Համբերությունը բոլոր բարիքների արմատն է», արդ, ինչո՞ւ չենք կարողանում համբերել:

Կարծում եմ խնդիրը նախ այս հասկացության սխալ ընկալման մեջ է: Հաճախ համբերությունը շփոթում ենք այնպիսի բացասական հատկությունների հետ, ինչպիսիք են անտարբերությունը, անվճռականությունը կամ վախը, երբ մարդ դառնում է հանգամանքների գերին, ի վիճակի չի լինում որևէ բան փոխելու և սա է անհամբերության պատճառ դառնում: Սակայն Սիրող Հայրը երբեք Իր զավակներից համբերություն չէր սպասի, եթե դրանում բացասական նշույլ իսկ լիներ և կամ որևէ կերպ վնասեր նրանց: Բայց համբերատար չգտնվելու հիմնական և գլխավոր պատճառը մեր թերահավատությունն ու անվստահությունն է առ Ամենակալ Աստված: Այո՛, որքան էլ տխուր ու սարսափելի են հնչում խոսքերս, բայց վճռական պահին կամ փորձության ժամին չենք վստահում Նրան, Ով վայրկյան անգամ չերկմտեց Իր սրբազան արյունը մեզ համար հեղելու: Մեր ունեցած հավատն ու վստահությունը չեն բավականացնում, որպեսզի ամբողջությամբ նվիրվենք մեր Երկնավոր Հորը, մեր Արարչին ու Ծնողին, Նրան՝ Ով ամեն վայրկյան հոգ է տանում մեր մասին: Հավատի ու վստահության բացակայությունն է, որ մեզ թույլ չի տալիս ենթարկվել Աստծո սուրբ կամքին ու համբերությամբ սպասել Հոգատար Հոր օգնությանը: Մեր սիրելի հոգևորականներից մեկը միշտ մի հրաշալի օրինակ է բերում այս հարցի մասին խոսելիս: Նա ասում է. «Պատկերացնենք, որ մարդը կանգնած է հրապարակի կենտրոնում և տարբեր ուղղություններով ճանապարհներ կան հրապարակից դուրս եկող: Մարդը, իր կանգնած տեղից, կարող է մի քանի հարյուր մետր տեսնել միայն, թե այդ ճանապարհները ուր են տանում, իսկ Աստված այդ ամենը վերևից է տեսնում և հրաշալի գիտե, թե ճանապարհներից յուրաքանչյուրն ուր պիտի հասցնի մարդուն»: Եվ սա ամենևին էլ անգործության մատնվելու, անվերջ սպասումի ու պայքարից հրաժարման առիթ չէ, սիրելինե՛ր, այլ ընդհակառակը՝ փորձություններից, վշտերից, հիվանդություններից ու դժվարություններից չհուսահատվելով՝ հավատքով, համբերությամբ ու վճռականությամբ զինված, առաջ ընթանալու՝ միմիայն Տիրոջ մատնանշած փրկության ճանապարհով: Համբերատար մարդն ամենևին էլ այն մարդը չէ, որ լողում է հոսանքի ուղղությամբ և փոփոխվում՝ ըստ աշխարհի պահանջների: Այլ այն մարդն է, ով չնայած շրջապատող աշխարհի չարությանը՝ պահպանում է իր ներքին ուժը, անկախությունն ու վճռականությունը, քանի որ աստվածային լույսն է կրում իր հոգում: Մենք համբերությամբ պայքարում ենք մեր ունեցած կրքերի, վախերի ու հուսահատության դեմ: Մեր մեղավոր բնության հետևանքով հաճախ սայթաքում և անկում ենք ապրում մեր հոգևոր կյանքում, բայց ողջ իմաստը նրանում է, որ երբեք չհուսահատվենք ու չտրտնջանք, այլ Տիրոջն ապավինելով, համբերատարությամբ կրկին ոտքի կանգնենք ու շարունակենք մեր խաչը կրել:

Վստահորեն կարող եմ ասել, որ համբերությունն ու համբերատարությունը ուժի հոմանիշ է և ուժեղ մարդկանց հատկանիշ: Ո՞վ, եթե ոչ ուժեղ մարդը, կարող է առանց տրտնջալու դիմանալ նեղություններին ու չընկրկել իր ընտրած ուղուց: Ո՞վ, եթե ոչ ուժեղ մարդը, կարող է համբերությամբ տանել ծանր հիվանդության պատճառած ցավերն ու շարունակել փառաբանել Աստծուն: Ո՞վ, եթե ոչ ուժեղ մարդը, կարող է դիմանալ երևելի ու աներևույթ թշնամու հարձակումներին ու հավատարիմ մնալ Տիրոջը: Նաև հանուն հավատի նահատակվածներն են այդ քրիստոնեկան փրկաբեր համբերության և ուժի կենդանի օրինակները, որ համբերում էին բոլոր չարչարանքներին, փառք էին տալիս Աստծուն ու մահն ուրախությամբ ընդունում: Եվ այս ամենն իհարկե Հիսուս Քրիստոսի օգնությամբ, Նրա շնորհած ուժի ու համբերության միջոցով միայն:

Ապագա մայրն ինը ամիս համբերում է, մինչ իր զավակի ծնունդը: Աշնանը ցորեն ցանած հողագործը մինչև ամառ համբերում է մինչ ցորենի հասունանալը: Ուսուցիչը համբերությամբ նորից ու նորից կրկնում է նյութն աշակերտին, մինչև որ նա յուրացնի: Խնամակալը համբերությամբ խնամում է հիվանդին, մինչ նրա ապաքինումը կամ Տիրոջ մոտ գնալը: Նկարիչը, քանդակագործը կամ երաժիշտը ամիսներ և նույնիսկ տարիներ շարունակ համբերությամբ տքնում է, մինչև կարողանում է աշխարհին ներկայացնել իր ստեղծագործությունը: Համբերությունը բնական վիճակ է մարդու համար, քանի որ նա ժամանակի մեջ է ապրում, իսկ եթե գոյություն ունի ժամանակ և ամեն ինչ իր ժամանակն ունի, ուրեմն համբերությունն ուղղակի անհրաժեշտ պայման է: Սակայն մարդկային համբերության այս բոլոր օրինակները միասին վերցրած մի փոքր մաս են կազմում այն անսահման համբերության, որ Ամենակալն է մեր հանդեպ դրսևորում: Մենք՝ Աստծո որդեգիր զավակներս, մեղանչում ենք միմյանց ու Աստծո դեմ, իսկ Նա համբերում է: Քայքայում, ոչնչացնում ու կործանում ենք Նրա արարչագործությունը, Նա համբերում է: Նույնիսկ «դաշն ենք կնքում» մեր ընդհանուր թշնամու դեմ, բայց Նա միևնույն է համբերում է: Ինչո՞ւ: Որովհետև «Սեր ունեցողը համբերատար է լինում, քաղցրաբարո» (Ա Կորնթ. 13:4),- ասում է Պողոս Առաքյալը: Այո՛, աստվածային անսահման ու անգին սերն է, որ Տիրոջը մղում է համբերել մեր զազրագործություններին ու հուսալ, որ մի օր ետ կդառնանք դեպի Իր սիրող գիրկն ու մեր հոգիների փրկությանը կարժանանանք: «Տերը չի ուշացնի իր խոստումը, ինչպես կարծում են ոմանք, թե ուշացած է, այլ համբերատար է ձեր հանդեպ. քանզի չի ուզում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ ուզում է, որ ամենքը ապաշխարեն» (Բ Պետ. 3:9),- ասում է Պետրոս առաքյալը։

Այո՛, սիրելինե՛ր, համոզվում ենք, որ համբերությունը կենսական նշանակություն ունեցող հատկություն է և կյանքի տարբեր իրավիճակներում հաճախ ենք միմյանց համբերություն մաղթում: Սակայն հարց է առաջանում, թե ինչպե՞ս է այն ձեռքբերվում կամ ինչպե՞ս հասնել դրան: Վերևում արդեն տեսանք, որ համբերությունը սիրուց է ծնվում և Եկեղեցու սուրբ հայրերն էլ ավելացնում են, որ համբերությունը նաև ինքնաքննադատությունից է ծնվում, որն էլ իր հերթին խոնարհության արդյունք է: Եվ իսկապես, եթե խոնարհաբար քննենք ինքներս մեզ, տեսնենք մեր աչքի «գերանն» ու ընդունենք մեր սխալները, ապա համբերություն կդրսևորենք նաև մեր մերձավորի սխալների կամ թուլությունների նկատմամբ, քաջ գիտակցելով, որ ինքներս էլ պակաս մեղավոր չենք: Իսկ անձնական փորձությունների ու դժվարությունների ժամանակ համբերությունը գալիս է առ Աստված ունեցած վստահությունից. «Չէ՞ որ երկու ճնճղուկ մեկ դահեկանի է վաճառվում, բայց նրանցից մեկն անգամ առանց ձեր Հոր գետին չի ընկնում. և ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշվված են։ Արդ, մի՛ վախեցեք, քանի որ բազում ճնճղուկներից լավ եք դուք»,- վստահեցնում է մեզ Տերը Մատթեոսի ավետարանի 10-րդ գլխում։ Մենք պետք է հաստատապես իմանանք, որ Աստված տեսնում է մեզ հետ պատահող ամեն մի դժբախտություն և դա տեղի է ունենում ոչ միայն Նրա թույլտվությամբ, այլև՝ մեր մասին ունեցած հոգածությամբ, քանզի Բարեգութ Աստված մեզ թույլ է տալիս տառապել մեր մեղքերի համար ժամանակի մեջ, որպեսզի ազատի մեզ դրանից հավիտենական կյանքում: Ահա այս գիտակցումն է, որ մեզ օգնում է առանց դժգոհելու և տրտնջալու, համբերությամբ կրել մեզ բաժին հասած բոլոր տառապանքներն ու շնորհակալ լինել Աստծուց: Ուստի համբերությունը նաև իմաստություն է, սիրելինե՛ր, որի միջոցով մարդ հոգևոր ուժ է ձեռք բերում և այդ պատճառով էլ մեր աղոթքներում Աստծուց խնդրում ենք մեզ համբերություն շնորհելու մասին:

Համբերության մեծագույն օրինակը՝ Տեր Հիսուս Քրիստոս, որ երկիր եկավ մեր փրկության համար և Իր աստվածային էության անհերքելի ապացույցներն ուներ, որ անմեղ էր և ինքնաքննադատության կարիք չուներ, որ անսահման իշխանություն ուներ ամենքի ու ամեն ինչի վրա՝ չընդունվեց մարդկանց կողմից: Ավելին՝ անարգվեց, ծաղրվեց, չարչարվեց և ի վերջո՝ անարգ մահվան արժանացավ: Սակայն հեզությամբ, խոնարհությամբ ու լռությամբ համբերեց այդ ամենին՝ վստահելով ու ենթարկվելով Իր Հոր սուրբ կամքին, քանզի գիտեր, որ Երկնավոր Հայրը երբեք չի լքում իր հավատարիմ զավակներին: Այն հզոր հավատը, վստահությունն ու խոնարհությունը, որ մեր Փրկչին խաչը բարձրացրեց, Իր հետևորդներին էլ համբերության խաչն է բարձրացնում, որ ձգվում է մինչև Երկնային Արքայության դարպասները: Արդ, Աստծուց համբերության շնորհը խնդրենք, սիրելինե՛ր, որպեսզի դրա միջոցով ժամանակի մեջ տեղի ունեցող փորձություններին համբերելով՝ փրկության արժանանանք հավիտենության մեջ, քանի որ. «Ով մինչև վերջ համբերեց, նա պիտի փրկվի» (Մտթ. 24:13)։ Ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

 

 

31.07.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․