Հանդարտություն

Մի ծեր պատմում էր, թե երեք մտերիմ ճգնասերներ կային: Երեքն էլ մենակյացներ էին, սակայն իրարից տարբեր խորհուրդներ ունեին. նրանցից մեկը կամեցավ ընտրել ճանապարհորդությունը, և որտեղ վեճ ու կռիվ էր լինում, խաղաղություն էր հաստատում` ըստ Տիրոջ խոսքի, թե` «Երանի խաղարարներին»  (Մատթ. Ե  9): Երկրորդը նախընտրեց հիվանդախնամ դառնալ, իսկ երրորդը գնաց անապատ, որպեսզի այնտեղ հանգիստ գտնի: Այս բաժանումից հետո առաջինը՝ չափազանց հոգնատանջ՝ մարդկանց թշնամանքների ու կռիվների պատճառով, չկարողացավ կարգավորել այս ամենը և ձանձրացած՝ եկավ հիվանդախնամի մոտ և նրան էլ գտավ խռովյալ վիճակում, որովհետև նա նույնպես չէր կարողանում կատարել պատվիրանը (Մատթ. ԻԵ 36-44): Եվ նրանք միասին գնացին անապատականի մոտ: Միմյանց տեսնելով՝ ուրախացան, և այս երկուսը նրան պատմեցին իրենց նեղությունների մասին և խնդրեցին, որ պատմի իրենց, թե ինչպիսի արդյունքի է հասել նա: Իսկ անապատականը ոչինչ չպատասխանեց, ապա որոշ ժամանակ անց նրանց ասաց. «Եկեք գնանք մի­մի սափոր ջուր բերենք»: Եվ երբ բերեցին, նրանց ասաց. «Լցրե՛ք այդ ջուրը այս թասի մեջ և կռանալով նայեցե՛ք ջրին: Ի՞նչ եք տեսնում»: Նրանք ասացին` ոչինչ: Եվ երբ ջուրը դադարեց շարժվել, նրանց ասաց. «Դարձյալ կռացե՛ք և նայե՛ք ջրին. այժմ ի՞նչ եք տեսնում»: Երբ նրանք պատասխանեցին, թե` մեր դեմքերն ենք հստակ տեսնում, նրանց ասաց. «Այդպես է նաև նրա պարագայում, ով մարդկանց մեջ է բնակվում, քանզի  խռովքների պատճառով չի կարող իր մեղքերը տեսնել, իսկ երբ անապատում հանդարտվի, այնժամ հստակ մտքով կհայի Աստծուն»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

12.10.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․