Որքան շատ են մարդիկ այսօր ձեռք բերում նյութական բարիքներ, այնքան ավելի շատ խնդիրներ են ձեռք բերում: Ո՛չ Աստծուն են երախտագիտություն հայտնում Նրա բարեշնորհության համար, ո՛չ էլ իրենց մերձավորների դժբախտությունն են տեսնում: Իսկ մերձավորների դժբախտությունը չտեսնելով՝ նրանց հանդեպ ողորմածություն չեն ցուցաբերում: Մարդիկ առանց նպատակի փող են ծախսում և չեն մտածում իրենց մերձավորի մասին, որ ուտելու ոչինչ չունի: Դե էլ ինչպե՞ս Աստծո Բարեշնորհությունը նրանց վրա լինի: Եթե նույնիսկ մարդ ընտանիք ունի, միևնույն է, պետք է որոշ գումար տնտեսի, որպեսզի ուրիշների հանդեպ ողորմածություն ցուցաբերի: Նա պետք է իր կնոջն ու երեխաներին բացատրի, որ մի ինչ-որ տեղ բոլորի կողմից լքված, հիվանդ մարդ է ապրում կամ՝ շատ կարիքավոր մի ընտանիք: Եվ եթե նրանք փող չունեն դժբախտներին օգնելու համար, ապա նա պետք է ասի իր հարազատներին. «Եկեք այդ խեղճերին գոնե ինչ-որ քրիստոնեական գիրք նվիրենք, քանի որ շատ ունենք»: Կարիքավորներին ողորմություն տալով՝ մարդն օգնում է և՛ իրեն, և՛ իր ընտանիքին:
Գիտեք, թե Ռուսաստանում ինչպիսի՜ կարիքի մեջ են խեղճ հավատացյալները: Մի անգամ ես մի տուփ խունկ նվիրեցի մի ռուս հոգևորականի և ասացի. «Ընդունիր այս համեստ նվերը»: «Մի՞թե սա համեստ նվեր է,- պատասխանեց նա,- Մեզ մոտ, Ռուսաստանում, այսպիսի լավ խունկ չես գտնի»: Իսկ գիտե՞ք, թե այստեղ, Հունաստանում, որքան են տանջվում Ռուսաստանից և այլ երկրներից եկած փախստականները: Խալկիդիկիում ես մի մարդու հետ ծանոթացա, որ Ռուսաստանից էր եկել: Նա քարե սալիկներ էր շարում, մեկ մետր քառակուսու համար ստանում էր երեք հարյուր դրահմ* և ասում էր. «Փա՜ռք Քեզ, Տեր, որ հաց ունենք»: Այդ պատճառով էլ, երբ մի կապալառու գանգատվեց ինձ, որ աշխատանքի ժամանակ նա «ծանրաբեռնում է» իրեն մեղքերով, ես պատասխանեցի նրան. «Եթե դու աշխատանքով ծանրաբեռնես այս փախստականներին և օգնես նրանց, ապա կբեռնաթափես քեզ մեղքերից: Չէ՞ որ այս խեղճերն ապրելու տեղ էլ չունեն: Նրանց համեմատությամբ դու Օնասիսն ես»**:
Կամենալով, որպեսզի մենք աճենք առաքինության մեջ՝ Աստված թույլատրում է հիվանդություններ, աղքատություն և այլն: Չէ՞ որ Աստված կարող էր ապաքինել հիվանդներին և հարստացնել աղքատներին, Նա կարող էր լուծել բոլորի խնդիրները, բայց այդ ժամանակ մենք խաբուսիկ զգացում կունենանք, որ առաքինի ենք: Օրինակ՝ մենք մեզ ողորմած կանվանեիք՝ իրականում այդպիսին չլինելով, այն դեպքում, երբ այժմ մեր առաքինությունները մեր գործերից են երևում: Փա՜ռք Աստծո, կան մարդիկ, որ իրենք իրենց զոհաբերում են հանուն մերձավորի: Ես մի մարդու էի ճանաչում, որը բանակից վերադառնալուց անմիջապես հետո երկար ժամկետով, անարդարացիորեն կալանքի դատապարտվեց: Նա գիտակցաբար այդ քայլին գնաց, որպեսզի մի ընտանիքի փրկի: Այդ մարդը չմտածեց ո՛չ այն մասին, որ վարկաբեկում է ինքն իրեն, ո՛չ էլ իր ապագա կարիերայի մասին:
Ես տեսնում եմ, որ Աստված այնպես է դասավորում, որ ամեն ընտանիքում գոնե մի հոգի հավատ ու ակնածանք ունենա, որպեսզի այդ ընտանիքի մյուս անդամներն էլ օգնություն ստանան: Կոնիցայում մի ընտանիք էի ճանաչում, որի բոլոր անդամներն անտարբեր էին Եկեղեցու նկատմամբ, բացառությամբ դուստրերից մեկի: Այդ աղջիկը հենց զանգերի ձայնն առնում էր, հանում էր գոգնոցը, թողնում էր իր բոլոր անավարտ գործերն ու շտապում էր եկեղեցի: Նույնիսկ, երբ գերմանացիները գյուղ մտան և դպիրն սկսեց զանգերը տալ՝ ժողովրդին տեղեկացնելով այդ մասին, այդ աղջիկը եկեղեցի վազեց՝ երեկոյան ժամերգության: Եվ չնայած նրա ծնողները բավականին ժլատ էին, նա՝ ինքը, շատ սրտացավ էր: Այդ աղջկա հայրն, իր ժլատությունից, ոչ թե նորմալ սնունդ էր ուտում, այլ՝ ջրի մեջ թրջած չոր հաց: Նրա մայրը նույնպես ժլատ էր: Չնայած, որ նրա երեխաները պատասխանատու պաշտոններ էին զբաղեցնում և հարուստ էին, նա, որպեսզի նույնիսկ լուցկու մի հատիկ չօգտագործի՝ մոխիրն էր փորփրում, որպեսզի ածխի դեռևս չհանգած մի կտոր գտնի և չոր խոտի օգնությամբ կրակ վառի դրանից: Որպեսզի սրճեփ չգնեն, նրանք սուրճը պահածոյի տուփի մեջ էին եփում: Բայց նրա մայրն ինձ սիրում էր: Այն ժամանակ ես Ստոմիոն վանքում էի ապրում: Եվ ահա, եթե այդ աղջիկը մի բան էր ուզում վերցնել իր ժլատ ծնողների տնից, որպեսզի ողորմություն տա մի ինչ-որ աղքատի և չէր կարողանում դա թաքուն անել, ապա մորն ասում էր. «Մամ, այս իրը վանականին է անհրաժեշտ»: «Տուր նրան, տուր», - պատասխանում էր նա: Այդ ժլատ կինը համաձայն էր միայն վանականներին ինչ-որ բան տալ: Եվ առաջ էլ, շրջափակման ժամանակ, նրա աղջիկը թաքուն օգնում էր աղքատներին: Նա աննկատ շտեմարաններից ցորեն էր վերցնում, ուսերին դրած տանում էր ալրաղաց, աղում էր և բաժանում աղքատ ընտանիքներին: Մի անգամ մայրը բռնացրեց նրան «հանցագործության վայրում»: Ա՜խ, ի՜նչ բաժին հասավ խեղճ աղջկան: Այդ ժամանակ նա ուխտեց Աստծուն: «Աստված իմ,- ասաց նա,- օգնիր ինձ ինչ-որ աշխատանք գտնել, և իմ ողջ աշխատավարձը ես ողորմություն կտամ»: Եվ հաջորդ օրն իսկ, նրան մի բարեգործական կազմակերպությունում աշխատանքի հրավիրեցին: Ախ, որքա՜ն ուրախացավ: Նա խոստումը պահեց. աշխատած գումարով իր համար նույնիսկ մի զույգ գուլպա չգնեց, այլ ամբողջը ողորմություն էր տալիս: Գիտե՞ք, թե որքա՜ն մարդիկ են նրան ասում այժմ. «Աստված քեզ պահի: Օրհնյա՜լ լինեն ծնողներիդ աճյունները»: Ահա այսպես, նրա ողորմությունների համար Աստված հետագայում նրա մորը ևս ողորմեց:
* Արտասանվել է 1992թ.-ին: Մոտավորապես մեկ ԱՄՆ դոլար:
** Արիստոտել Օնասիս (1900-1975) – հույն մուլտի-միլիոնատեր, խոշոր նավատեր, եղել է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը:
Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի