21 Դեկտեմբեր, Շբ
Հանգստյան ժամերգությունը օրվա վերջին ժամերգությունն է, որով եզրափակվում է օրը, և ավարտվում են պաշտամունքային ժամերը: Այս ժամի աղոթքն ուղղում ենք Հայր Աստծուն, որ Իր Միածնի պահպանողական Աջով պահպանի մեզ խավարային գիշերվա մեջ: Ժամերգությունը կատարվում է գիշերը քնից առաջ, ուստի և կոչվում է Հանգստյան: Կոչվում է նաև Եկեսցէ, որովհետև սկսվում է Եկեսցէ սաղմոսով:
Հանգստյան ժամերգությունը բացի քառասնորդական պահոց շրջանից, կատարվում է նաև հետևյալ տոների (Ծաղկազարդ, Ավագ Ուրբաթ, Զատիկ, Նոր Կիրակի, Հոգեգալուստ, Վարդավառ, Վերափոխումն, Խաչվերաց և Աստվածահայտնություն) նախօրեին, ինչպես նաև՝ կաթողիկոսական օծման, եպիսկոպոսական ձեռնադրության և Սրբալույս Մյուռոնի օրհնության նախորդող երեկոյան ժամերգությունից հետո:
Գիշերվա չորս պահերի համար գիշերը չորս անգամ է ժամերգություն կատարվում. դրանք են՝ Հանգստյան, Գիշերային, Առավոտյան և Արևագալ: Առաջին պահը հանգստյան ժամն է, երկրորդը` գիշերամեջն է, երրորդը` աքլորականչը, իսկ չորրորդը` լույս առավոտը: Այս ժամերի համար Տերը զգուշացրեց մեզ արթուն կենալ ու աղոթել (Մարկոս 13:35):
Մեզ հասած ժամերգությունների մեկնություններում Խաղաղական և Հանգստյան բառերը հաճախ նույնացվում են: Կարծվում է, որ նախկինում Հանգստյան ժամերգությունը շարունակումն ու լրացումն է եղել Խաղաղականի, և որ այս երկուսը հնում եղել են մեկ ժամերգություն, որովհետև տարբեր խորհուրդ և տարբեր իմաստ չունի այն Խաղաղականից: Եվ միայն հետագայում՝ ավելի ուշ, Հանգստյանն առանձնացվել է Խաղաղականից, ճոխացել և դարձել առանձին ժամերգություն:
Հանգստյան ժամերգությունը սկսվում է «Տերունական աղոթք»-ով և ապա ժամօրհնող քահանան արտասանում է ժամերգության կորիզը՝ «Առաքեա Տէր զլոյս քո»-ը (Սաղմոս 42:3-5): Սարկավագը պատասխանում է նույն սաղմոսի բառերով. «Մտից առաջի սեղանոյ Աստուծոյ առ Աստուած, որ ուրախ առնէ զմանկութիւն իմ»: Ապա հոգևորականները կամ ավագ դպիրները կարդում են զղջական և օրհնաբանական «Եկեսցէ» երկար փոխը, որը կազմված է «Ամբիծքի» երեք գուբղաներից (Սաղմոս 118: 41-55, 113-120, 169 170, Սաղմոս 35:12-13, Ամբակում մարգարեի օրհնությունից 25-26, Սաղմոս 90:1-16, Սաղմոս 112:1-5, Սաղմոս 103:1-7, Երից մանկանց օրհնությունից 52, 56, որը հարցի փոխարենն է, այսինքն Սաղմոս 150:1-6, Սիմեոնի երգը՝ Ղուկաս 2: 29-32, Սաղմոս 137:7-8, Սաղմոս 141:7-8, Աստվածամոր օրհնությունը՝ Ղուկաս 1:38, 55, Սաղմոս 85:15-16: Ընդամենը 92 տուն, առանց «Փառք Հօրի»): Փոխին հաջորդում է «Անձն իմ ի ձեռս քո է…» մաղթանքը, և ապա՝ «Աղաչեսցուք զԱմենակալն Աստուած» քարոզը: Այնուհետև հետևում է քահանայի կողմից ասված «Տէր Աստուած մեր» աղոթքը, որն ընդմիջվում է «Խաղաղութիւն ամենեցուն» բառերով: Այս աղոթքով խնդրում ենք Աստծուց, որ հավատացյալների մտածումները սևեռած պահի Իր երկյուղի վրա, որպեսզի Իրենով պաշտպանված լինեն թշնամու բոլոր որոգայթներից: Նաև խնդրում ենք խաղաղության հրեշտակին հանձնի մեր անձերը ցերեկ թե գիշեր անխռով մնալու, որովհետև Աստված Ինքն է արարիչը լույսի և ստեղծիչը տիեզերքի: Աղոթքից հետո կարդացվում է «Խաղաղութեամբ յայս եւ ի սոյն ննջեսցուք» ինը տներից բաղկացած 4-րդ սաղմոսը: Սաղմոսին հաջորդում է Հովհաննեսի Ավետարանից մի կարճ հատված (Հովհաննես 12:24-26), ապա՝ սարկավագի կողմից արտասանված «Փառք քեզ Տէր Աստուած մեր» քարոզը և «Պահպանեա զմեզ» աղոթքը: «Փառք քեզ Տէր Աստուած մեր» քարոզը կարծվում է, որ սկիզբ է առել հավանաբար Պահլավունիների ժամանակ, Սև լեռան վանքերից մեկում: Քահանան տալիս է իր օրհնությունը, խնդրելով, որ Քրիստոս Իր խաչի հովանու տակ պահպանի հավատացյալներին խաղաղության մեջ և փրկի նրանց տեսանելի և անտեսանելի թշնամուց: Այստեղ ավարտվում է ժամերգությունը «Հայր մեր»-ով:
Հետագայում Հանգստյան ժամերգությանն ավելացված է մի բաժին ևս: Այդ մասը դարձյալ սկսում է «Հայր մեր»-ով, ապա՝ «Անկանիմ առաջի քո» մաղթանքն է ասվում:
Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգությունից» (Նարեկ) այս ժամերգության մեջ կան չորս աղոթքներ` Բան 12` «Մաղթանք զօրաւոր», Բան 41` «Աղօթք զօրաւոր», Բան 83` «Մաղթանք ի դիւաց պահպանութեան» և Բան 80` «Աղերս առ Տիրամայր Սբ. Աստուածածինն»: Նարեկացու աղոթքին հաջորդում է Սուրբ Ներսես Շնորհալու «Հաւատով խոստովանիմ» աղոթքը, բաղկացած 24 տներից, օրվա 24 ժամերի համար: Հոգեշահ ու ջերմեռանդ այս աղոթքը հոգևոր գանձ է, որի արժեքը մարդ զգում է, երբ անկեղծ սրտով և կենդանի հավատքով է այն ասում: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, երբ Հսկումի ժամերգությանը ներկա է լինում Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը, նրան է վերապահվում այս աղոթքի առաջին և վերջին տներն ասելու պատիվը, իսկ մնացած տներն արտասանում են միաբաններն ու սաները: Աղոթքը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով ու հրատարակվել:
«Հաւատով խոստովանիմ» աղոթքից հետո ծնկաչոք երգվում է «Տեր ողորմեա»-ն: Որին հաջորդում է «Վասն սրբուհւոյ» մաղթանքը, «Սուրբ զԱստուածածինն» քարոզը և «Ընկալ, Տէր» աղոթքը:
Հանգստյան ժամերգությունն ավարտվում է «Փառք քեզ Տէր Աստուած մեր» մաղթանք-աղոթքով և «Հանգերուք խաղաղութեամբ…»-ով, որ ասում է քահանան ժողովրդին արձակելուց հետո:
Օգտագործված գրականության ցանկ՝
1. «Ժամագիրք Հայաստանեայց Սուրբ եկեղեցւոյ», Անթիլիաս, 1986թ.
2. Հայ եկեղեցու ժամերգությունները, Աշխատասիրությամբ Հրայր սրկ. Խաչատրյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1999թ.
3. Անդրանիկ ծ.վրդ. Կռանեան, «Հայ ծիսական պաշտամունքը», Պեյրութ, 2001թ.
4. Խ. Հ. Պալյան, «Ժամակարգությունք Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցու», Երևան, 2005թ.
5. Մեկնություն ժամակարգության, Աշխատասիրությամբ Արամ Դիլանյանի, Սբ. Էջմիածին, 1997թ.
6. Կարգ աստուածպաշտութեան Հայաստանյայց Ս. Եկեղեցւոյ (դասագիրք թեմական և ծխական հոգևոր դպրոցների համար), Կազմեց Գիւտ աւագ քահանայ Աղանեանցը, Թիֆլիս, 1902թ.
7. «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002թ.
8. «Ժողովրդական ժամագիրք Մեծի Պահոց օրերու», Սբ. Էջմիածին, 1996թ.:
Կազմեց Կարինե Սուգիկյանը