5 Հոկտեմբեր, Շբ
Աղոթքը քրիստոնյայի կյանքի շնչառությունն է և հավատքի մեջ առաջադիմելու գրավականներից մեծագույնը: Որքան շատ է քրիստոնյայի կյանքում աղոթքը, այնքան նա ավելի մոտ և հարազատ է Աստծուն՝ կյանքի աղբյուրին և, հետևաբար, առավել լիարժեք և բարի կյանքով է ապրում: Ոմանք մոլորվում են՝ կարծելով, թե հարատև աղոթքն անիմաստ է և հաճելի չէ Աստծուն: Քրիստոս մեզ պատվիրում է փորձության մեջ չընկնելու համար ամեն ժամ աղոթել (Մատթեոս 26:41), և Ինքն էլ բազում անգամներ ամբողջ գիշեր աղոթում էր (թեև Հիսուս աղոթքի կարիք չուներ)՝ մեզ հարատև աղոթքի օրինակ ծառայելով: Աղոթքի միջոցով Աստված մեզ մեծամեծ շնորհներ է մատակարարում, որոնցից զրկվում են այն արհամարհողները և ծուլության պատճառով աղոթքի մեջ չհարատևողները:
Նախ` աղոթքի կանգնողը պետք է հասկանա, որ աղոթքի բուն նպատակը խնդրանքներն Աստծու առաջ թափելն ու ուզածն անմիջապես ստանալը չէ, այլ Աստծուն մոտենալը, Նրա հայրությունը զգալը և մեր որդիական սերը Նրա առջև պարպելը: Նա, ով այսպիսի գիտակցությամբ է մոտենում աղոթքին, իր խնդրանքներն ստանալուց հետո էլ չի դադարում աղոթելուց, այլ ամեն ժամ հարատևում է աղոթքի մեջ՝ օրըստօրե աճելով Աստծու շնորհների մեջ:
Երկրորդ՝ աղոթքի կանգնողը պետք է զգուշանա հարատև աղոթքը խաթարող և անպտուղ դարձնող երևույթներից, որոնք մարդու տկարության կամ դևերի ներգործության պատճառով պատերազմում են աղոթողի դեմ: Այդ երևույթներից են.
* աղոթքի շտապողականությունը,
* մտքի անզգայացումը (միտքն անջատած աղոթելը),
* խանգարող մտքերը,
* աղոթքի տևողությունը նախապես որոշելը,
* առանց ջանքի և եռանդի աղոթելը,
* մտքի սխալ վիճակները (հիշաչարություն, ատելություն, բարկություն, չզղջացող միտք, անհնազանդություն, ուրիշների համար չարիք խնդրելը) և այն:
Աղոթքի ժամանակ չշտապելու համար անհրաժեշտ է նախապես չորոշել, թե քանի րոպե պետք է աղոթել, այլ պարզապես նվիրվել աղոթքին:
Մտքի անզգայացումն աղոթքի խոսքերը մտքից բաժանելն է, երբ մարդ, առանց խոսքերին հետևելու, իրար հետևից բառեր է շարում: Այս սխալը հաճախ է հանդիպում կանոնական աղոթքներով աղոթելու ժամանակ:
Աղոթքի ժամանակ տեղի ունեցող ամենամեծ պատերազմը խանգարող մտքերի պատերազմն է, որոնք առաջանում են առօրյա տպավորությունների, ինչպես նաև դևերի ներգործությամբ: Նման մտքերի առաջացման դեպքում պետք է աղոթքի սուրն ուղղել թշնամու դեմ՝ աղաչելով Աստծուն, որ հեռու վանի չար մտքերը:
Սառը սրտով աղոթքը թերի և ոչ կատարյալ է, քանի որ Աստված ամենից առաջ մեր սրտի բաղձանքն ու տենչանքն է ուզում տեսնել, որ անուշաբույր խունկ է Նրա առաջ: Եթե աղոթքը չունենա այդ բաղձանքը և սերը, կնմանվի կրակի վրա չդրված խունկի, որ անուշահոտություն չի արձակում:
Շատ կարևոր է աղոթքից առաջ քննել, թե ինչ վիճակում է միտքն ու սիրտը, արդյո՞ք քեն ու ոխ, սրտնեղություն, բարկություն չկա կուտակված: Եթե այդպիսի չար մտքով աղոթքի կանգնենք, ապա մեր աղոթքները դատարկաբանություն կլինեն: Նման դեպքերում պետք է մեր դեմ գործած հանցանքները բոլորին ի սրտե ներել, հեռացնել ամեն չար միտք և ջերմեռանդությամբ կանգնել աղոթքի՝ խոնարհությամբ թողություն խնդրելով մեր հանցանքների համար:
Վերջապես, պետք է հիշել համբերատարության մասին: Եթե չունենք ջանասիրություն կամ խանգարող մտքերը մեզ հանգիստ չեն տալիս, պետք չէ հուսահատվել, այլ առավել նվիրումով աղոթել և մշտապես օգնություն խնդրել Աստծուց՝ հիշելով, որ մարդն ինքն իրենով ոչինչ անել չի կարող, այլ ամեն ինչում Աստծու աջակցության կարիքն ունի:
Վերոնշյալ սխալներից զերծ մնացող աղոթարարը, հարատևելով աղոթքի մեջ, Աստծուց ստանում է շնորհներ: Հարատև աղոթքի ժամանակ Սուրբ Հոգին հանգչում է մեզ վրա և լուսավորում մեզ, մեր սիրտը լցնում խաղաղությամբ, սիրով, մխիթարում է մեզ, թողություն տալիս մեր հանցանքներին, ուժ և կարողություն՝ մեղքի դեմ պայքարելու, լուսավորում մեր խիղճը՝ բարին և չարը տարբերակելու համար, փրկում է փորձանքներից, խափանում սատանայի որոգայթները, տալիս սրբության քաղցրություն: Նրա ներկայությունից մարդ անպատմելի ցնծություն է ապրում, անսահման սեր, մեղքերը սրբող առատ արտասուքներ ստանում, որոնք մեծ մխիթարության պատճառ են ապաշխարողի համար: Բազմաթիվ են աղոթքի ժամանակ տրվող շնորհները, որոնք այս աշխարհիկ կյանքի ոչ մի ոլորտ երբեք չի կարող տալ մարդուն:
Աղոթքի մեջ մարդ բժշկություն է ստանում այս դարի ամենածանր հիվանդություններից մեկից՝ դեպրեսիայից, որն Աստծուց հեռու լինելու հետևանք է:
Աղոթող մարդը միշտ ունի ներքին մի խաղաղություն, ուրախություն, որ այս աշխարհից չէ, այլ Աստծուց է գալիս, որի մասին ասաց Տեր Հիսուս. «Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ» (Հովհաննես 14:27) և «Եկեք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ» (Մատթեոս 11:28): Աղոթող մարդու սրտի մեջ Աստված դնում է Սուրբ Հոգու առհավատչյան, որի մասին խոսում է Պողոս առաքյալը (Բ Կորնթացիներ 1:21-22): Դա Աստծու ներկայությունն է մարդու մեջ: Նման մարդը հավատալու համար այլևս արտաքին նշանների կարիք չունի, քանզի Աստված Ինքը բնակվում է նրա հոգում, ինչպես ասաց Տեր Հիսուս, թե՝ Երկնքի Աքայությունը ձեր մեջ է:
Ուրեմն ջանասիրությամբ նվիրվենք աղոթքին՝ մեր գոհությունը, փառաբանությունը և աղերսները վերառաքելով Աստծուն, քանզի Նա ողորմած Հայր է և Իր շնորհները առատորեն տալիս է բոլոր Իրեն փնտրողներին, որպեսզի Նրա որորմությամբ ապրենք այս կյանքը բարեպաշտությամբ, իսկ հետմահու արժանանանք հավիտենական բարիքներին մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ, Որին փառք հավիտյանս, ամեն:
Տարոն Սիմոնյան