Մի անգամ աթեիստը զբոսնում էր ձորաբերանին, երբ հանկարծ սայթաքեց ու ցած ընկավ: Ընկնելիս հաջողվեց քարերի արանքից աճած մի փոքրիկ ծառի ճյուղից բռնվել: Այդպես ճյուղից օրորվելով՝ հասկացավ, որ անելանելի վիճակում է գտնվում. ներքևում խորունկ ձորն էր, իսկ վեր բարձրանալու միջոց էլ չկար: Երբ ձեռքերը սկսեցին թուլանալ՝ մտածեց. «Վե՛րջ, այժմ միայն Աստված կարող է փրկել ինձ: Երբեք չեմ հավատացել Աստծուն, բայց երևի սխալվել եմ: Ի՞նչ պիտի կորցնեմ, եթե դիմեմ Նրան»: Եվ կանչեց.
- Տե՛ր Աստված, փրկի՛ր ինձ, եթե գոյություն ունես, և ես կհավատամ Քեզ:
Պատասխան չկար: Նա կրկին կանչեց.
- Խնդրում եմ, Տե՛ր Աստված: Ես երբեք չեմ հավատացել Քո գոյությանը, բայց այժմ կհավատամ, եթե փրկես ինձ:
Հանկարծ մի հզոր ձայն լսվեց երկնքից.
- Միևնույն է չես հավատա: Շատ լավ եմ ճանաչում քեզ նմաններին:
- Ո՛չ, սխալվում ես,- բացականչեց մարդը,- իսկապես կհավատամ:
Եվ այսպես այնքան աղաչեց ու վստահեցրեց, որ կհավատա, մինչև Աստված ասաց.
- Դե լավ, կփրկեմ քեզ: Բա՛ց թող ճյուղը:
- Բա՞ց թողեմ,- բացականչեց մարդը,- կարծում ես խելագա՞ր եմ…
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի