Հավատի բյուրեղը

Երկու հարևաններ էին ապրում: Մեկը շատ աստվածավախ էր, իսկ մյուսը նույնպես հավատացյալ էր, բայց միշտ նախանձում էր առաջինի հավատին:

Այդպես էլ ապրում էին. մեկն ամեն ինչ անում էր հավատի ճշմարտությունները կյանքի կոչելու համար, իսկ երկրորդը, դա տեսնելով, միայն զարմանում էր առաջինի եռանդի ու անխախտ հավատի վրա: Տարբեր իրավիճակներում էին հայտնվում տարիների ընթացքում, բայց նրանցից մեկը միշտ անդրդվելի էր իր որոշումների ու արարքների մեջ, միշտ սուր միտք էր ունենում խնդիրների լուծման հարցում, և իր մտքի լույսը միշտ ուղղում էր հավատին վերաբերող հարցերի ապացուցմանը: Իսկ երկրորդը, տեսնելով, որ իր համար անհասանելի է գոնե երբևէ այդպիսին դառնալը, իր հարցերը սովորական եղանակներով էր լուծում և հանգստացնում էր ինքն իրեն, ասելով, որ հնարավոր է մի օր ինքն էլ դառնա այնքան ուժեղ ու խելացի, որքան իր ավելի հավատացյալ հարևանն էր: Մեծ խնդիրներ լուծելու իր անզորությունից էր, թե նրանից, որ յուրաքանչյուր խնդիր լուծելու համար իրենց ավելի շատ ժամանակ էր պահանջվում, քան առաջինից, նա սովորեց նույնիսկ այն ժամանակ ուրախանալ, երբ խնդրի էր հանդիպում: Ուղղակի այլևս ոչինչ չէր մնում անել, քան ուրախանալ:

Այնուհետև, կյանքի բերմամբ, հարևանները բաժանվեցին և երկրորդը ստիպված էր մի հեռու երկիր մեկնել: Նա մեկնեց ու ի վերջո մոռացավ առաջինին: Իր խնդիրները շարունակում էր իր հանդարտ եղանակներով լուծել: Եվ տարեցտարի սկսեց ավելի թեթևորեն կյանքին նայել ու մի խաղաղ ուրախություն բնակվեց նրա հոգում:

Եկավ նրա մահանալու ժամանակը: Նա հայտնվեց Երկնքում ու հրեշտակներն ասացին, որ դրախտ է գնալու: Սկզբում զարմացավ, բայց հետո ուրախությամբ ընդունեց այս լուրը: Որոշ ժամանակ անց հրեշտակներին խնդրեց իր հարևանի մասին պատմել: Նա ցանկանում էր իմանալ, թե ինչ եղավ նրա հետ, որովհետև իր կյանքում նրանից ավելի կրոնասեր մարդ չէր տեսել: Հրեշտակները նրան մի բարձր լեռան վրա բարձրացրեցին, որտեղ մի արձան էր կանգնած:

- Նա ողջ կյանքը հավատքն իր մեջ բյուրեղացնում էր,- ասացին հրեշտակները,- Ահա այժմ նա անշարժ է: Նա կատարելության էր ձգտում ու դարձավ այն, և այժմ նրան ծանոթ չեն հասարակ ուրախությունները:

- Բայց մի՞թե սա քար է,- հարցրեց նախկին հարևանը:

- Ոչ, սա քար չէ, սա մի հսկայական բյուրեղ է, հոգի,- պատասխանեցին հրեշտակները,- և մենք բոլորս կարող ենք հիանալ նրանով:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

27.04.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․