Հայրերի կենցաղավարության մասին

Ոմն եղբայր գնալով Իփիմե լեռը՝ մի մեծն ծերի մոտ, ասաց նրան. «Ի՞նչ անեմ, աբբա՛, քանզի կորչում է իմ անձը»: Եվ ծերը նրան հարցրեց. «Ինչո՞ւ, որդյա՛կ»: Եղբայրն ասաց. «Երբ աշխարհի մեջ էի, շարունակ պահքերի ու հսկումների մեջ էի, և մտքի մեծ արթնություն ու սրտի ջերմություն կար իմ մեջ, իսկ այժմ մենակյաց եմ և բարության ոչ մի նշույլ չեմ տեսնում իմ մեջ»: Ծերն ասաց. «Հավատա՛ ինձ, որդյա՛կ, բարությունը, որ անում էիր աշխարհում, սնափառությունից էր` ի ցույց մարդկանց, սակայն խոհեմությունից զուրկ էր Աստծո առաջ, դրա համար էլ սատանան չէր շտապում մարտնչել քո դեմ կամ հատել քո փափագը: Այժմ դևերը տեսան քեզ զինվորագրված և սկսեցին պատերազմել քո դեմ, որովհետև սաղմոսերգությամբ, աղոթքներով և պահքերով վերքեր ես հասցնում նրանց, և նույն սատանան սպառազինվել է քո դեմ, քանի որ Աստծո արժանավորն ես: Որդյա՛կ, այժմ, որ խոնարհությամբ սաղմոսում ես` ավելի ընդունելի է, քան այն հազարավորները, որ սաղմոսում էիր աշխարհում, և այժմյան քո փոքր պահքերն ավելի ընդունելի են, քան այն ժամանակվա շաբաթականը»: Եղբայրն ասաց. «Լսի՛ր, աբբա՛, այժմ ամենևին պահեցողություն չեմ անում, և բոլոր բարի գործերը, որ անում էի աշխարհում, վերացան ինձանից»: Ծերն ասաց. «Ընդունելի է՝ ինչ որ ունես, միայն թե համբերի՛ր, և քեզ համար բարի է մնալ այն ժուժկալության մեջ, որ եղբայրներն ունեին»: Եվ տեսնելով եղբոր տկարությունը` ծերն   ավելացրեց. «Հավատա՛, եղբա՛յր, չէի կամենում քեզ ասել, բայց տեսնում եմ քեզ՝ սատանայի տիղմի մեջ ընկած: Լսի՛ր, դո՛ւ, որ կարծում ես, թե բարի գործեր ունեիր, երբ աշխարհի մեջ էիր, նախ՝ մեծամտանում ես՝ ինչպես փարիսեցին, որ կարծում էր, թե բարություն է անում, որի պատճառով էլ կորսվեց (Ղուկ. ԺԸ 10-14): Իսկ այժմ, որ կարծում ես, թե բարի գործեր չունես, դա իսկ բավական է քո փրկության համար, քանզի ով խոնարհեցրեց իր անձը, նա էլ արդարացավ, ինչպես մաքսավորը, որը թեև ոչ մի բարի չգործեց, սակայն Աստծուն հաճելի եղավ մեղավորն ու հեղգացածը (Ղուկ. ԺԸ 13), քանզի սրտի դողով ու խոնարհությամբ մարդն առավել է, քան նրանք, ովքեր շատ են տքնում և իրենց մեջ կարծում են, թե բարիք գործեցին: Երկրորդ՝ երբ աշխարհի մեջ էիր և բարիք էիր գործում, մարդիկ տեսնում էին քեզ և պատվի էին արժանացնում, և տառապյալները, որոնք կերակրվում էին քո բաշխածից, գովում էին քեզ քո երեսին, և դու լսում էիր ու առավել ջերմեռանդորեն էիր գալիս եկեղեցի, տեսնում էիր աշխարհականներին և փափագով սաղմոսում էիր: Այժմ քո սենյակում մարդիկ չկան, որ քեզ տեսնեն, այլ հրեշտակները, տեսնելով քո վարքը, աղոթակից են լինում քեզ, իսկ դևերը նետերի թիրախ են դարձնում քո միտքը չար ու անսուրբ մտածումներով, որպեսզի հեղգությամբ ու անզղջությամբ կործանեն քեզ. քա՛ջ եղիր և ամո՛ւր կանգնիր քո մարտում»: Եվ շահեց եղբայրը, ծունր դրեց ծերի առջև և ասաց. «Այսօր, աբբա՛, փրկվեց իմ անձը»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

05.10.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․