23 Դեկտեմբեր, Բշ
1. Հայր Ագաֆոնի մասին ասում են, որ նա երեք տարի բերանում քար էր պահում, մինչև լռել սովորեց (Հարանց վարք):
2. Հայր Սիսոյը մի անգամ իր աշակերտին ասաց. «Հավատա, որ ահա երեսուն տարի է այսպես եմ աղոթում Աստծուն. «Տեր Հիսուս Քրիստոս, պահպանիր ինձ լեզվից», բայց մինչև օրս մեղանչում եմ լեզվով» (Հարանց վարք):
3. Վանքում մի կրոնավոր այնքան լռակյաց էր, որ տասնվեց տարի ոչ մի մարդ նրա բերանից խոսք չէր լսել: Մի անգամ իր խցում հրդեհ էր բռնկվել և քանի գնում, այնքան ավելի էր սաստկանում: Այդժամ սուրբը տեսնելով, որ մարդկանցից այլևս օգնություն չի սպասվում, դիմում է Աստծուն, աղոթելով մտքում, ապա թույլ տալիս իր լեզվին երկու բառ ասելու.«Հուր, կաց»: Զարմանալի էր, նույն ժամին կրակը դադարեց, ապա ամբողջովին հանգեց (Հայելի վարուց):
4. Սուրբ հայր Պամբոն, որ կարդալ չգիտեր, գնաց, որ մի գրագետից սաղմոս սովորի: Երբ լսեց երեսունիններորդ սաղմոսի առաջին տողը, ուր ասվում է. «Զգուշանամ իմ ճանապարհին, որ լեզվովս չմեղանչեմ», չցանկացավ այլևս լսել և ասաց. «Եթե գործով սաղմոսի այս տողը կարողանամ կատարել, այդ ինձ բավական կլինի»: Երբ ուսուցանող վարդապետը հանդիմանեց նրան, որովհետև վեց ամիս չէր եկել իր մոտ, սուրբը պատասխանեց. «Դեռ գործս չեմ ավարտել»: Սրանից հետո տարիներ անց ծանոթներից մեկը նորից հարցրեց նրան, թե սովորե՞լ է այն երեսունիններորդ սաղմոսի սկիզբը: Իսկ սուրբն ասաց.«Երեսունինը տարում հազիվ կարողանամ գործով սովորել» (Հայելի վարուց):
5. Սուրբ ծերերի մեջ կար մեկը, որին Քրիստոս այնպիսի շնորհ էր տվել, որ Սուրբ Հոգու շնորհիվ տեսնում էր բաներ, որ մյուսները չէին տեսնում:
Մի անգամ, երբ եղբայրներով զրուցում էին հոգևոր բաների շուրջ, այնժամ ծերը տեսնում էր եղբայրների մեջ կանգնած ժպտադեմ սուրբ հրեշտակներին, որոնք հաճույքով ունկնդրում էին խոսակցությունն Աստծո մասին: Երբ խոսակցությունը փոխվում էր ունայն թեմաների շուրջ, հրեշտակները տխրելով հեռանում էին զրուցակիցներից, և նրանց փոխարեն հայտնվում էին գարշելի վայրի բորոտած խոզեր, որոնք դևեր էին: Նրանք ընդունել էին խոզի կերպարանք և զվարճանում էին վանականների շատախոսությամբ և դատարկաբանությամբ: Այս տեսնելով, երանելի ծերը գնաց իր խուցը և ամբողջ գիշեր արտասվեց:
Նա ցավով արտասվում էր վանականների հոգևոր սայթաքումների համար: Ծերը տեղեկացրեց և ուսուցանեց վանքում ապրող հայրերին ու եղբայրներին՝ ասելով. «Պահպանեք ձեզ շատախոսությունից և ունայն զրույցներից, որից հոգու համար ծնվում են վնասներ և մահ: Մենք չենք հասկանում, որ նման խոսակցությունների միջոցով դառնում ենք ատելի Աստծուն և Իր հրեշտակներին: Շատախոսությունը տկարացնում է մեր հոգին և միտքը ու այնտեղ ստեղծում մեծ դատարկություն» (Հարանց Վարք):