Շատ մարդկանց հավատքը կամ անհավատությունը նմանվում է մի խլուրդի, որը, ինչպես մյուս խլուրդները, կույր է: Խլուրդը հողը փորելով դուրս է գալիս ու հպարտ կանգնում, հայացքը հառում դեպի երկինքը, արեգակը: Արևի ճառագայթներն ընկնում են նրա վրա ու ջերմացնում խլուրդի սառած մաշկը: Ճառագայթների ջերմությունից իրեն լավ զգալով՝ խլուրդն ասում է.
- Ասում են, թե արեգակ գոյություն ունի, որտե՞ղ է այդ արեգակը, թող ցույց տան ինձ այդ արեգակը:
Այդ ժամանակ երկնքում սավառնող արծիվը լսում է, իջնում խլուրդի մոտ ու պատասխանում.
- Ինչպես կարող ես տեսնել արեգակը, երբ կույր ես, սակայն զգում ու վայելում ես արեգակի ջերմությունը և կրկին չես հավատում: Արդ, եթե աչքերդ էլ բացվեն ու ցանկանաս ուղիղ նայել արեգակին, ապա աչքերդ կրկին կփակես ու կրկին չես կարող տեսնել այն...
Հովհաննես Մանուկյան