Հայրերի վարքից

1. Մի անգամ աբբա Սրապիոնը տեսնելով մի աղքատի, որ մերկ էր ու ցրտից դողում էր, հանեց իր պարեգոտը և տվեց նրան: Երբ մարդիկ նրան հարցրին. «Հայր, քեզ ո՞վ մերկացրեց», նա ցույց տվեց Ավետարանը՝ ասելով. «Սա մերկացրեց ինձ»: Եվ մեկին էլ պարտատիրոջից ազատելու համար, ծախեց փոքրիկ Ավետարանը: Երբ խուցը դարձավ, իր աշակերտը՝ Զաքարիան հարցրեց նրան. «Հա՛յր, ու՞ր է պարեգոտդ», իսկ նա պատասխանեց. «Որդյա՛կ, ուղարկեցի այնտեղ, ուր որ պետք էր»:

-  Իսկ ու՞ր է Ավետարանդ :

Եվ ծերն ասաց.

- Նա, ով ինձ  ասաց՝ ծախի՛ր բոլոր ինչքերդ և տու՛ր աղքատներին, ես էլ Իրեն ծախեցի և Իրեն տվի, որ Իր առաջ համարձակությամբ կանգնեմ (Վարք սրբոց):

2. Մի ծեր պատմում էր. «Պատահում է, որ երբ մեկը գործում է բազում բարի գործեր, այնժամ չարը նրա սիրտն է գցում մանրուքների հանդեպ հաշվենկատություն, որպեսզի հափշտակի նրանից այն վարձքը, որն Աստծուց պիտի ստանար իր բարեգործության համար:

Երբ ես հյուր էի մի վանահոր մոտ, որը առատորեն ողորմություն էր տալիս, նրա մոտ եկավ մի այրի կին և խնդրեց մի քիչ ցորեն տալ իրեն: Վանահայրն ուղարկեց այրուն, որպեսզի չափելու համար աման բերի: Ձեռքով չափելով ամանը, վանահայրն ասաց, որ այն չափազանց մեծ է:

Այս խոսքերն այրուն ստիպեցին կարմրել: Երբ այրին դուրս եկավ, ես հարցրեցի վանահորը. «Աբբա, դու պարտքո՞վ տվեցիր ցորենը»: «Ոչ, ես նվիրեցի»,- պատասխանեց վանահայրը: Իսկ ես ասացի. «Քանի որ այդ բոլորը անվճար տվեցիր, էլ ինչո՞ւ խռովքի մատնեցիր այրուն ու հաշվենկատ եղար այդ մանրուքի համար» (Հարանց Վարք):

3. Թեոդոս ինքնակալի ժամանակ, երբ սաստիկ սով էր Բուրգունդիա գավառում, մի Սինկտոս անունով հռոմեացի հավաքեց ավելի քան չորս հազար աղքատի, ովքեր ոչինչ չունեին ուտելու, և սովի բոլոր օրերին կերակրեց նրանց: Երբ սովն անցավ, ամենքն իրենց տեղը գնացին: Եվ ահա երկնքից մի ձայն լսվեց, որ ասում էր. «Ով սիրելի, քեզ և քո զավակներին հավիտյան չի պակասի հացը, որովհետև սովի ժամանակ անդրանիկներիս խնամեցիր՝ Ինձ խնամեցիր» (Հայելի Վարուց):

4. Հայր Ագաֆոնը, իր ժամանակվա վանականների մեջ ամենափորձառուն էր և բոլորից առավել միայնակեցության և լռակյացության գնահատողը: Այս սքանչելի այրը, մի անգամ գալով շուկա, որպեսզի վաճառի իր ձեռքի աշխատանքները տոնավաճառում, գտավ հիվանդ պառկած մի ուխտավորի, նրա համար տուն վարձեց և մնաց նրա հետ՝ աշխատելով իր ձեռքերով և ստացվածքը ծախսելով նրա վրա: Ծառայեց նրան վեց ամիս, մինչև որ հիվանդն առողջացավ: Այս Ագաֆոնը, ինչպես որ պատմում են, իր մասին ասում էր. «Կուզենայի գտնել մի բորոտածի և նրան տալ իմ մարմինը, իսկ իրենը վերցնել ինձ»: Ահա կատարյալ սերը (Իսահակ Ասորի):

5. Մի ոմն ճգնավոր, որ միայն հոգում էր երկնայինի համար և թոթափել էր իրենից ամեն երկրավոր բան, ապրում էր աղքատության մեջ: Մի անգամ նրան մոտեցավ մի աղքատ մարդ և սկսեց պաղատանքով ողորմություն խնդրել՝ ասելով, թե խիստ մեծ կարիքի մեջ է: Ճգնավորը ոչինչ չունենալով, որոշեց հրաժարվել ձմեռվա ցրտից պաշտպանվելու իր միակ մխիթարությունից և աղքատին տվեց իր վերարկուն և ինքն էլ սկսեց կրել ձմեռային ցրտի տառապանքները: Մի օր, երբ ճգնավորը մտավ շուկա իր կողովները վաճառելու, հանկարծ աչքն ընկավ գինետան մոտ հավաքված մարդկանց, որոնց մեջ էր նաև այն աղքատը: Այդ պահին աղքատը պատմում էր իր բաժակակիցներին հետևյալը. «Խմենք եղբայրներ, քանզի այս գինին ձեռք է բերված մի վանականի վերարկուի վաճառված գումարից, ես ձևացրեցի, թե հույժ կարիքավոր մեկն եմ և խաբելով նրանից ձեռք գցեցի այս վերարկուն»: Այս լսելով, գինուց հարբած սկսեցին բարձրաձայն ծիծաղել: Ճգնավորը լսելով այս խոսակցությունը, հույժ տրտմեց և վշտացավ, որ իզուր տեղն է զրկվել իր վերարկուից և ընկավ մեծ թախիծի մեջ: Երեկոյան, երբ տրտմած նստած էր իր խցում, թմրությունից ննջեց և տեսավ մի տեսիլք: Արեգակի պես պայծառ, սքանչելի մի երիտասարդ կանգնել էր իր առջև և ասում էր. «Ինչո՞ւ ես այդպես տրտմել, նայիր և տես, թե ինչ է իմ հագին» և ճգնավորը նկատեց, որ իր վերարկուն էր նրա վրա, և Տերն ասաց. «Մի վշտացիր, քանի որ ինչ տվեցիր՝ ինձ տվեցիր»: Սթափվելով քնից, ճգնավորը գոհացավ Տիրոջից և մխիթարվելով իր վշտից, մեծ ցնծությամբ փառավորեց բարերար Աստծուն (Հոգեշահ գրքերից):

6. Եղբայրը հարցրեց հայր Պիմենին. «Աբբա, երբ ես եղբորս մի քիչ հաց եմ տալիս կամ մի ուրիշ բան, դևերը նսեմացնում են այն, որպես թե մարդահաճությունից տվեց»: Ծերն ասաց նրան. «Եթե նույնիսկ դա արվում է մարդահաճությունից, միևնույն է, մենք պետք է տանք եղբորը պետքականը»: Եվ պատմեց նրան հետևյալը. «Երկու հողագործ ապրում էին նույն քաղաքում: Նրանցից մեկը ցանեց քիչ և անմաքուր, մյուսը ծուլությունից մղված՝ ոչինչ չցանեց: Եթե սով լինի, երկուսից ո՞ր մեկը ուտելիք կունենա»: Եղբայրն ասաց. «Քիչ և անմաքուր ցանողը»: Ծերն ասաց նրան. «Այդպես էլ մենք ցանենք, թեկուզ և՛ քիչ, և՛ անմաքուր, որպեսզի սովից չմեռնենք»:

Մի ուրիշ անգամ էլ մի այլ եղբայր խնդրեց ծերին, որ իրեն մի հոգեշահ բան ասի: Ծերն ասաց. «Որքան կարող ես՝ զբաղվիր ձեռքի աշխատանքով, որպեսզի քո ձեռքի գործից տաս կարիքավորներին, քանի որ գրված է. «Ողորմությունը և հավատը մաքրում են մեղքերից» (Առակ. 15:27): Եղբայրը հարցրեց. «Ի՞նչ է հավատը»: Հայր Պիմենը պատասխանեց. «Հավատն այստեղ նշանակում է՝ ապրել խոնարհությամբ և ողորմություն տալով» (Հարանց Վարք):

7. Մայր Սառան ասում էր. «Լավ է ողորմություն տալ, թեկուզ մեկն այդ անի մարդահաճությունից դրդված, որովհետև նա աստիճանաբար մարդահաճությունից կգա Աստծո երկիրը» (Հարանց վարք):

8. Ալեքսանդրիայում պատրիարքն էր Հովհաննեսը, որին չքավորների հանդեպ ունեցած իր սիրո համար Ողորմած էին անվանում: Ամեն բան տալով, որպեսզի թեթևացնի չքավորների վիճակը, ինքը մնում էր ծայր աստիճան չքավորության մեջ: Հասարակ հագուստը, փոքր ննջարանը՝ մաշված ծածկոցով, որը գործված էր կոպիտ թելից, կազմում էր նրա ողջ ունեցվածքը: Մի անվանի քաղաքացի Ալեքսանդրիայից սուրբ Հովհաննեսին մի ծածկոց նվիրեց, որն արժեր 36 արծաթ, և իր հանդեպ ունեցած սիրուց խնդրեց, որ անպայման սա օգտագործի իր կարիքների համար: Սուրբ Հովհաննեսը այդ գիշեր ծածկվեց նոր ծածկոցով, բայց միտքը 36 արծաթի կողմն էր, որը ծախսվել էր մի ծածկոցի վրա, երբ քանի մարդ կարելի էր կերակրել այդ գումարով: Այս միտքն ամբողջ գիշեր նրան հանգիստ չէր տալիս: Նրա առջև էին գալիս բոլոր տեսակի թշվառությունները, որոնց կարելի էր հաղթահարել այդ գումարով և նա ամբողջ գիշեր աչք չկպցրեց: Վաղ առավոտյան, երբ լույսը բացվեց, սուրբ Հովհաննեսն իսկույն ուղարկեց, որ վաճառեն այդ ծածկոցը, որը հանգիստ չէր տալիս նրան: Վերցնելով գումարը, իր սովորության համեմատ բաժանեց աղքատներին: Քաղաքացին, տեսնելով իր ծածկոցը շուկայում, գնեց այն և նորից նվիրեց սբ. Հովհաննեսին: Բայց հոգատար հովիվն այս անգամ չուզեց փորձ անել և մինչև երեկո վաճառեց ծածկոցը, գումարը նորից բաժանեց աղքատներին, որպեսզի քնելու գնա հանդարտ հոգով: Վերջապես ջանասեր քաղաքացին երրորդ անգամ բերեց նույն ծածկոցը: Սբ. Հովհաննեսն ասաց. «Ես միշտ կվաճառեմ այն ապրանքը, որ ինձ պետք չէ, տեսնենք թե մեզանից որ մեկն առաջինը կդադարեցնի անել իրենը» (Հոգեշահ գրքերից):

9. Ալեքսանդրիայի պատրիարք Հովհաննես Ողորմածի օրոք կար մի եպիսկոպոս՝ Թռոլիուս անվամբ, որ շատ ժլատ և հաշվենկատ մարդ էր: Մի անգամ Հովհաննեսը հրավիրեց նրան իր հետ հիվանդանոց՝ այցելելու հիվանդ աղքատներին: Անցնելով հիվանդների միջով, Սբ. Հովհաննեսն ասաց Թռոլիուսին. «Ահա քեզ, աբբա, հիասքանչ առիթ՝ մխիթարելու աղքատ եղբայրներին և ողորմություն տալու նրանց»: Թռոլիուսն անհարմար զգաց հրաժարվել բարի գործից և մի-մի ոսկի դրամ տվեց, որը կազմեց 30 ոսկի, բայց երբ տուն եկավ, այն աստիճան ափսոսաց այդ փողը, որ հիվանդացավ և ընկավ անկողին: Այդ ժամանակ Հովհաննեսը մարդ է ուղարկում նրա մոտ և հրավիրում իր մոտ ճաշի: Թռոլիուսը հրաժարվում է՝ պատճառաբանելով հիվանդությունը: Այնժամ սուրբ Հովհաննեսը հասկանալով, թե ինչումն է բանը, վերցնում է 30 ոսկին և գնում հիվանդ եպիսկոպոսի մոտ. «Ես բերել եմ այն գումարը, որ վերցրի քեզանից հիվանդներին բաշխելու համար: Ահա վերցրու այն, միայն ջանա քո ձեռքով գրել, որ Տերը ինձ տա այն վարձքը, որն այդ գումարի փոխարեն քեզ պիտի տրվեր»: Թռոլիուսը ուրախությամբ վեր կացավ անկողնուց և իսկույն գրեց հետևյալը. «Ողորմած Տեր, տուր վարձքը իմ տեր Հովհաննեսին, այն ոսկու փոխարեն, որ ես մեղավոր Թռոլիուսս բաժանեցի հիվանդներին, քանի որ նա իմը վերադարձրեց ինձ»: Տալով գրությունը Հովհաննեսին Թռոլիուսը մոռացավ իր հիվանդությունը և գնաց Հովհաննեսի մոտ ճաշելու: Ցավալի էր տեսնել Աստծո մարդու՝ եպիսկոպոսի այսպիսի դրամապաշտությունը, և այն էլ ո՞ւմ մեջ՝ եկեղեցու հովվի: Եվ սբ. Հովհաննեսը ամբողջ սրտով սկսեց աղոթել, որպեսզի Տերը խելքի բերի Թռոլիուսին, և Տերը լսեց նրա սուրբ աղոթքները: Հաջորդ գիշեր Թռոլիուսը երազում տեսավ սքանչելի մի տուն, որի դռների վրա գրված էր ոսկե տառերով. «Թռոլիուս եպիսկոպոսի հավիտենական կացարանը և հանգրվանը»: Անպատմելի ուրախությամբ ուրախացավ նա այս տեսիլքի համար, բայց հանկարծ հայտնվեց մի ահեղ մարդ և ասաց այնտեղ գտնվող ծառաներին. «Տերն ամբողջ աշխարհի հանձնարարեց ջնջել Թռոլիուսի անունը այստեղից և նրա փոխարեն գրել Հովհաննեսի՝ Ալեքսանդրիայի պատրիարքի անունը, որ գնեց այս տունը 30 ոսկով: Եվ այսպես, փոխեք գրվածքը»: Այս խոսքի վրա Թռոլիուսն արթնացավ սարսափած և խեղճացած: Առավոտյան նա շտապեց սբ. Հովհաննեսի մոտ և արցունքաթաթախ պատմեց նրան իր տեսիլքը՝ զղջալով իր դրամապաշտության համար և այդ պահից դարձավ բոլորի հանդեպ առատաձեռն և ողորմած: Այսպիսով Տերը խելամտության բերեց ժլատ Թռոլիուսին՝ թույլ չտալով կործանվի նրա հոգին, երևի նրա անցած կյանքում բարին էլ է եղել, որը և հիշեց Տերը սբ. Հովհաննես Ողորմածի աղոթքներով, քանի որ Տեր Աստծու մոտ սրտից բխած ոչ մի հոգոց անտես չի լինում և ոչ մի կաթիլ արցունք չի մոռացվում: Նա Ողորմած է և կարող է մեր բարի գործերի համար մեզ՝ մեղավորներիս տալ այնպիսի վշտեր, որոնք մենք կրում ենք մեր կամքից անկախ, մեր մեղքերի համար: Միայն թե չտրտնջանք այդ վշտերի ժամանակ և ապաշխարենք մեր մեղքերի համար (Հոգեշահ գրքերից):

10. Ահա նմանօրինակ մի այլ պատմություն, որից կայլայլվի նույնիսկ ամենաշահամոլ սիրտը: Կոստանդնուպոլսեցի մի մարդ ծանր հիվանդ էր և վախենալով մահվանից, Թռոլիուսի նման աղքատներին բաժանեց 30 ոսկեդրամ: Աստված ողորմաց նրան և նրա տված ողորմության համար նրան առողջություն շնորհեց: Բայց անմիտն սկսեց զղջալ վատնած գումարի համար և հայտնեց իր վիշտն իրեն ծանոթ մի հարուստ մարդու: Հարուստը համոզում էր նրան չզղջալ տված ոսկիների համար. «Տե՛ս, որ չբարկացնես Տիրոջը», ասում էր նա. «Չէ՞ որ Աստված քո տված ողորմության համար համարյա թե մեռելներից հարություն տվեց քեզ: Տես, որ չմահանաս առանց ապաշխարության այդ բանի համար»: Բայց նա չէր դադարում ափսոսալ փողերի համար: Այդժամ ծանոթն ասաց նրան. «Եթե դու չես ուզում լսել ինձ, ուրեմն գնանք եկեղեցի, այնտեղ միայն ասա՝ Տեր, ես չեմ տվել ողորմությունը այլ այս մարդը: Հենց նույն պահին ես քեզ կտամ քո ոսկիները»: Դժբախտ արծաթասերն ուրախությամբ համաձայնվեց: Եվ հենց որ նա իր ձեռքը վերցրեց գումարը և ասաց վերը հիշատակված խոսքերը, հենց այդ պահին ընկնելով եկեղեցու մեջ՝ մահացավ: Եկեղեցու սպասավորները առաջարկեցին հարուստին ետ վերցնել 30 ոսկին, բայց Աստծո ծառան պատասխանեց. «Աստված ինձ պահի նման բանից, որ ես վերցնեմ այն, ինչը ես արդեն տվել եմ Տեր Աստծուն: Մի՞թե դա հնարավոր է: Աստված չի ծաղրվում»: Եվ այդ փողերը բաժանվեցին աղքատներին: Ահա այսպես եղավ Աստծո դատաստանը այն մարդու հանդեպ, որ չամաչեց շահամոլությունից դրդված հրաժարվել այն բարի գործից, որի փոխարեն նա արդեն ստացել էր մեծ ողորմություն Աստծուց (Հոգեշահ գրքերից):

11. Մի քաղաքում, որի հոգևոր առաջնորդն էր Նիկողայոս Սքանչելագործը, կար մի մարդ, որ նախկինում հարուստ էր, սակայն հետո ընկավ ծայրահեղ աղքատության մեջ: Այս մարդն ուներ երեք հասուն աղջիկներ: Չունենալով հնարավորություն ոչ միայն այն բանի համար, որ նրանց ամուսնացնի, այլև որպեսզի նրանց կերակրի և հագցնի, նա հաճախ ընկնում էր հուսահատության մեջ: Եվ հուսահատությունը հասնում էր այն վիճակի, որ մտածում էր վաճառքի դնել իր աղջիկների պատիվը և այս ամոթալի եղանակով հոգալ թե՛ իր և թե աղջիկների ապրուստը: Սուրբ Նիկողայոսը իմանալով այս ընտանիքի վատթար վիճակի մասին, որոշեց օգնել նրանց: Իր մտադրությունը նա իրագործեց արագ և շատ պարզ եղանակով: Վեր կենալով կեսգիշերին և իր հետ վերցնելով ոսկով լցված մի քսակ, նա բոլորից աննկատ գալիս է այդ տարաբախտի տան մոտ և կիսաբաց լուսամուտից ներս է գցում այդ քսակը և շտապ հեռանում: Առավոտյան արթնանալով, տանտերը տեսավ իր մոտ քսակը: Իրեն թվաց, թե աչքին է երևում, բայց երբ համոզվում է իրողության մեջ, սկսում է արցունքաթաթախ գոհություն հայտնել Աստծուն՝ նման մեծ ողորմության համար: Շուտով ամուսնացրեց իր ավագ աղջկան: Տեսնելով ոսկու նման բարի ձևով օգտագործումը, սուրբը որոշեց նույն կերպ վարվել նաև խեղճ հոր երկրորդ աղջկա հետ: Նորից գալով գիշերով այնտեղ թողեց ևս մի ոսկով լեցուն քսակ:

Այս անգամ էլ գտնելով իր մոտ գանձը, մարդն աղաղակեց. «Տե՛ր, ցույց տուր Քո մեծ ողորմությունը և ցույց տուր ինձ այն հրեշտակին կամ մարդուն, որ ազատեց ինձ աղքատությունից և չար մտքերից: Նրա գթասրտության հետևանքով այժմ կարող եմ հոգալ երկրորդ աղջկաս համար՝ փրկելով նրան սատանայական ցանցի կորուսիչ որոգայթից»: Եվ իսկապես, շատ արագ ամուսնացրեց նաև երկրորդ աղջկան: Մարդու տալով իր երկրորդ աղջկան, նա դադարեց վշտանալ՝ համոզված լինելով, որ Տերը երրորդ աղջկան էլ կօգնի՝ իրեն էլ ցույց տալով իր բարերարին: Այնժամ նա, համարյա թե միանգամայն երջանիկ, սկսեց գիշերները արթուն մնալ՝ հուսալով, որ կհանդիպի այն առատաձեռնին և ողորմածին: Հույսը նրան չխաբեց: Նիկողայոս Սքանչելագործը երրորդ անգամ նորից գիշերով գցեց լուսամուտից քսակը և առաջվա պես ուզեց արագ հեռանալ: Բայց անչափ ուրախացած հայրը նույն պահին հասավ Աստծո այրի հետևից և ընկնելով նրա ոտքերի առջև, թրջեց այն իր արցունքներով և սկսեց իր շնորհակալությունները հայտնել այս մեծ ողորմության համար: Եվ ի՞նչ պատասխանեց նրան սուրբ հայրապետը: նա երդումով նրանից խոստում վերցրեց, որպեսզի մինչև իր կյանքի վերջը լռություն պահպանի իր արածի մասին և սովորոցնելով հոգշահ բաներ, արձակեց նրան: Ահա թե ինչպիսին պետք է լինի ճշմարիտ և աստվածահաճո ողորմությունը (Հոգեշահ գրքերից):

12. Մի ագարակատեր, Հովհաննես անունով, այն աստիճան ողորմած էր աղքատների հանդեպ, որ իր ամբողջ եկամուտը, որ ստանում էր իր հողից, բաժանում էր չքավորներին, թողնելով իրեն միայն ամենաանհրաժեշտը: Այս մարդու վրա փորձություններ եկան սատանայի կողմից: Ագարակատերն սկսեց մտահոգվել, որ ծերության ժամանակ ինքն էլ կարող է հասնել աղքատության, հատկապես եթե կորցնի առողջությունը, և սրանից ելնելով, սկսեց նվազեցնել ողորմությունները: Եվ ամենաանհրաժեշտից բացի սկսեց կուտակել բավականին արծաթե դրամ: Այս ագարակատիրոջ ոտքը հիվանդացավ, և ինչքան էլ նա գումար ծախսեց, բաժանեց բժիշկներին, չստացավ թեթևություն ցավերից: Վերջապես բժիշկները եկան այն եզրակացության,որ պիտի անդամահատեն ոտքը: Վիրահատման նախօրյակին նա հիշեց իր արարքը, զղջաց, Աստծու առջև արցունքներով աղաղակեց Տիրոջը. «Հիշիր, Տեր, իմ առաջվա գործերը, թե ինչպես էի ես օգնում աղքատներին»: Եվ երբ նա այս խոսքերն էր ասում, նրա առջև հայտնվեց Տիրոջ հրեշտակը և ասաց նրան. «Ո՞ւր են քո արծաթադրամները, որ դու կուտակել էիր»: Զղջալով նա ասաց. «Մեղանչեցի ես, Տեր, թողություն տուր ինձ, էլ նման բան չեմ անի»: Այնժամ Տիրոջ հրեշտակը կպավ նրա հիվանդ ոտքին և հիվանդությունը նույն պահին դադարեց: Առավոտյան նա գնաց իր ագարակը: Նորից աշխատելու համար: Իսկ այդ ընթացքում եկավ բժիշկը, որպեսզի կտրի նրա ոտքը և տեսնելով նրան աշխատելուց, միանգամայն առողջ վիճակում ու փառավորեց Աստծուն՝ ասելով. «Երանելի է ողորմածը, քանի որ նա ողորմություն կգտնի» (Հոգեշահ գրքերից):

13. Մի բարի և առաքինի մեծատոհմիկ աստիճանավոր կար, որը ցավոք, կորցրել էր թագավորի բարեհաճությունը: Քանի որ նրան ստությամբ զրպարտել էին թագավորի առջև, գործը տվել դատարան, որը և սպառնում էր բանտով: Այս խեղճ մեծատոհմիկը վշտից հիվանդացավ և անկողին ընկավ: Այդ ժամանակ քաղաք եկավ մի մեծանուն և խստակրոն ճգնավոր: Նա ծանոթ էր այս տարաբախտ աստիճանավորին և այցելեց նրան՝ մխիթարելու նպատակով: Այս ազնվազարմ մեծատուն մարդու կինը դիմավորելով ճգնավորին, ասաց. «Աղոթի՛ր հայր, որպեսզի իմ ամուսնու գործը բարի ավարտ ունենա»: «Լավ,-պատասխանեց ծերը,-իհարկե, պետք է աղոթել Տիրոջը, բայց անհրաժեշտ է խնդրել նաև թագավորների մերձավորներից բարեխոսություն: Տվեք ինձ մի քիչ գումար և ես ինքս կխնդրեմ նրանց ձեր համար»: Ծերին ոսկի տվեցին: «Ոչ,-ասաց նա,-սա ինձ պիտանի չէ: Չունե՞ք արդյոք, պղնձադրամ կամ մանր արծաթ»: Տվեցին թե՛ այն, թե՛ մյուսը: Ճգնավորը վերցնելով փողերը՝ գնաց: Ուշ երեկոյան նա նորից եկավ այդ աստիճանավորի մոտ և ասաց նրան. «Թագավորի բոլոր մերձավորները խոստացան ամեն ջանք գործադրել ձեր համար: Հանգստացեք և սպասեք ուրախ լուրի»: Եվ ի՞նչ, ծերը դեռ նստած էր հիվանդի անկողնու մոտ, երբ լուր ստացան գործի բարեհաջող ավարտի մասին: Բարի լուրը նպաստավոր ազդեցություն թողեց հիվանդի վրա: Նա սկսեց իր գոհությունը հայտնել ճգնավորին և խնդրեց, որ ասի, թե թագավորի մերձավորներից որը մյուսներից առավել մասնակցություն ունեցավ այդ գործում: Այստեղ նոր միայն պարզվեց, որ ճգնավորը թագավորի մերձավորներից ոչ ոքի մոտ չի եղել և չի խնդրել: Դրա փոխարեն նա ամբողջ օրը քայլել էր քաղաքի փողոցներով և բաժանել աղքատներին իր մոտ եղած մետաղադրամները, որը վերցրել էր մեծատոհմիկից: «Եվ այսպես գոհացեք Տիրոջից, -վերջում ասաց ծերը, - նա ողորմած է և լսելով չքավորների աղոթքները, թագավորի սրտում դրեց, որ նա վերստին անդրադառնա քո գործին: Դրա համար էլ մի՛ մոռացեք Նրա մեծազարմիկներին, այսինքն, ձեր բարեգործներին՝ աղքատներին և մուրացիկներին, նրանք շատ բան կարող են Տեր Աստծու մոտ» (Հոգեշահ գրքերից):

14. Տասերորդ դարում հայոց թագավորն էր Աշոտ Ողորմածը: Աշոտի բարեպաշտ և գթասեր գործերն առատ են պատմության մեջ: Իր ժամանակի պատմիչ Ասողիկը հաստատում է, որ. «Խոնարհությամբ և ողորմությամբ գերազանցեց ամենքին»: Աշոտ թագավորը եկեղեցիների հետ միասին շինել է նաև հիվանդանոցներ և բորոտանոցներ, որոնց մեջ շատ անգամ ինքն անձամբ սպասավորում էր այդ վարակիչ ախտերով վարակված հիվանդներին: Պատմվում է նաև, որ գոնջերին, կաղերին և կույրերին հավաքում էր իր պալատը և իրեն սեղանակից էր անում, իր արքայական բաժակով նրանց ըմպելիք էր մատուցում և գավաթի տակը մնացածն էլ ինքն էր խմում:

Իսկ իր առատաձեռնությանը չափ ու սահման չկար, այնպես, վերոհիշյալ պատմիչը հաստատում է, որ թե իր մահվանից հետո արքայական գանձարանի մեջ դրամ չէր մնացել, մինչև իսկ զարդերը դրամի վերածելով՝ բաշխել էր կարոտյալներին: Աշոտը Հայսմավուրքում նշված է որպես տոնելի սուրբ, մայիսի 20-ին: Բազմաթիվ ներբողական արտահայտությունների հետ միասին ասված է իր մասին. «Աշոտը զարդարված էր հոգևոր և մարմնավոր ձիրքերով և ամենքին սիրելի էր իր առաքելի վարքով: Շինեց բազմաթիվ եկեղեցիներ Անի քաղաքի մեջ և ուրիշ տեղեր: Հնացածները նորոգեց և վայելուչ վիճակի մեջ դրեց, բազմաթիվ հիվանդանոցներ և անկելանոցներ հաստատեց մշտնջենավոր եկամուտներով»: Այս Աշոտն էլ իր պապի՝ Աշոտ Առաջինի պես կատարյալ թագավորի տիտղոսով էր ներկայանում: Նա՝ Աշոտ Գ-ն, որքան բարի ու առաքինի՝ նույնքան էլ քաջ, կորովի և վեհանձն թագավոր էր: Իր օրով կովկասյան լեռնականները արշավել էին Հայաստան: Աշոտը նրանց դեմ ելավ 45 հազարանոց բանակով և երեք տարի հարատևորեն պայքարելով՝ երկիրը մաքրեց այս անզուսպ ու անհակ ասպատակողներից: Նույնպես դրացի երկրներից մի իշխան ապստամբելով իր ամիրապետից, աջ ու ձախ ասպատակում էր: Աշոտը ջախջախեց ապստամբի բանակը և իր երկրից դուրս վռնդեց նրան: Նա վախճանվեց լեցուն տարիքի մեջ՝ 977-ին, գրեթե քառորդ դար թագավորելուց հետո, երկիրը շեն ու խաղաղ վիճակի մեջ պահելով (Շնորհք Պատրիարք):

15. Երբ երանելի Խադ եպիսկոպոսը խնամում էր աղքատներին, դատարկելով և աղքատներին բաժանելով բոլոր կճուճները, ամանները և կարասները, մյուս օրը գնում և տեսնում է, որ ամանները նորից լցվել են, կարծես Աստծո հրամանով: Եվ այսպես ամեն օր մատակարարում էր աղքատներին, իսկ անոթները շարունակ լիքն էին:

Ներսես Մեծ հայրապետը երբեք սեղան չէր նստում, մինչև որ սեղանի շուրջը չհավաքվեին աղքատներն ու հիվանդները, և նա իր ձեռքերով լվանում էր նրանց ոտքերն ու վերքերը, և ապա նոր նրանց հետ միասին սկսում ճաշկերույթը (Փավստոս Բուզանդ):

26.01.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․