25 Նոյեմբեր, Բշ
Սատանան գեղեցիկ երիտասարդի կերպարանքով ծառայում էր մի զորականի, և երբ իր գեղեցիկ հասակի ու խոսվածքի համար վերջինիս հաճելի եղավ, սկսեց է՛լ ավելի հոժարակամ, երկյուղածությամբ ու մտերմությամբ ծառայել, իր տիրոջ զարմանքը հարուցելու աստիճան: Ամեն անգամ, երբ զորականը ձի էր նստում կամ ձիուց իջնում, ճիշտ ժամանակին գալիս ու պատրաստ կանգնում էր և միշտ պատկառանքով, խոնարհությամբ և խոհեմությամբ սպասավորում էր նրան:
Մի օր, մինչ նրանք երկուսով գնում էին և մոտեցան մի ընդարձակ գետի, զորականը, ետ նայելով, տեսավ թշնամիների մեծ բազմություն, որ իրեն էր հետապնդում: Եվ ծառային ասաց.
-Ահավասիկ կործանվեցինք, քանի որ թշնամիներս հասան ինձ, իսկ մեր առջևում անեզր գետն է, փախուստի տեղ չկա. կա՛մ կսպանեն ինձ, կա՛մ կբռնեն: Ի՞նչ անեմ:
Ծառան ասաց.
-Տե՛ր, մի՛ երկնչիր, որովհետև այս գետն անցնելու տեղը քաջ գիտեմ: Ե՛կ իմ ետևից, և կփախչենք:
-Այս գետը ոչ ոք չի կարող անցնել,- ասաց տերը:
Սակայն փախչելու հույսով գնաց ծառայի ետևից և անվնաս անցավ:
Արդ, երբ դեմ հանդիման կանգնեցին` սրանք գետի մի կողմում, նրանք էլ՝ մյուս, թշնամիները զարմացած ասացին.
-Ո՞վ է երբևէ լսել, թե այս գետը մեկն անցնի. ոչ այլ ինչ է, բայց միայն որ սատանան նրան անցկացրեց:
Եվ այսպես տուն վերադարձան:
Դրանից հետո զորականի կինը խիստ հիվանդացավ, այնպես որ բժիշկների բոլոր դեղերն անզոր էին: Դևն իր տիրոջն ասաց.
-Եթե տիկինն առյուծի կաթով օծվի, այն օգուտ կլինի նրան, և կառողջանա:
-Որտեղի՞ց կարող ենք գտնել այն,- հարցրեց տերը:
-Ես կբերեմ,- պատասխանեց դևը:
Այդ ասելուց հետո գնաց և մի ժամ հետո վերադարձավ` կաթով լի մի աման բերելով իր հետ, որով երբ կինն օծվեց, անմիջապես սկսեց թեթևություն զգալ և առողջացավ:
Տերը նրան հարցրեց.
-Որտեղի՞ց այս կաթն այսքան արագ բերեցիր:
-Արաբիո լեռներից,- պատասխանեց նա,- քանզի այստեղից Արաբիա գնացի, առյուծին այրի մեջ բռնեցի, ձագին հեռու վանեցի, մորը կթեցի և քեզ մոտ դարձա:
Այս լսելով` տերը զարմացավ և նրան ասաց.
-Ո՞վ ես դու:
-Մի՛ տրտմիր այս բանի համար, քո ծառան եմ,- պատասխան տվեց նա:
Սակայն երբ ստիպեց, հայտնեց` նրան ասելով.
-Ես սատանա եմ, մեկը նրանցից, որ Բելիարի հետ երկնքից ընկան:
Այն ժամանակ տերն է՛լ ավելի սարսափեց.
-Եթե դու ի բնե սատանա ես, ինչո՞ւ ես մարդուն այսքան մտերմաբար ծառայում:
-Ինձ համար մեծ մխիթարություն է լինել մարդու որդիների հետ,- պատասխանեց դևը:
Եվ տերն ասաց.
-Այլևս չեմ համարձակվում թույլ տալ, որպեսզի ծառայես ինձ:
-Ստույգ այս իմացիր,- ասաց դևը,- որ եթե ինձ քեզ մոտ պահես, իմ կողմից կամ իմ պատճառով երբեք չարիք չի պատահի քեզ:
Զորականն ասաց.
-Չեմ համարձակվում, բայց ինչ խնդրես քո ծառայության դիմաց, քեզ կտամ, մինչև իսկ իմ ունեցվածքի կեսը հոժար կամքով քեզ կբաշխեմ, քանի որ երբեք մարդը մարդուն այսքան հավատարիմ չի ծառայել և օգտակար եղել, ինչպես դու ինձ, որովհետև քեզնով փրկվեցի մահից, և քեզնով իմ կինն առողջացավ:
Այնժամ դևն ասաց.
-Քանի որ քեզ հետ չեմ կարող այլևս ապրել, իմ վաստակի փոխարեն քեզնից ոչինչ չեմ ուզում, բայց միայն հինգ ոսկի:
Եվ այն առնելով` վերադարձրեց տիրոջը.
-Խնդրում եմ քեզ, որ սրանով զանգակ գնես և հրամայես կախել աղքատ ու անխնամ այն եկեղեցու տանիքից, որպեսզի նրա միջոցով թերևս կիրակի օրերին քրիստոնյաները հավաքվեն աստվածային պաշտամունքի:
Այս ասելով` անհայտացավ:
Արդ, սատանան այս խնդրանքը ներկայացրեց նրան հետևյալ պատճառով. մարդիկ մինչ այդ վաղ առավոտյան էին գալիս եկեղեցի և աղոթում` սպասելով սուրբ պատարագին, քանզի վախենում էին, թե միգուցե քնով անցնեն և պատարագից զրկվեն, իսկ այժմ զանգակի ձայնը լսելուց հետո են գալիս եկեղեցի և ծուլանում աղոթելու մեջ:
***
Սրբասեր ու աստվածահաճո մի քարոզիչ էշով այս ու այն կողմ էր գնում` կենաց խոսքը սերմանելու: Արդ, մի օր աղոթելու համար եկեղեցի մտնելով` էշը թողեց դռանը, և մինչև «Հայր մեր»-ն ասաց, քանիցս տարվեց մտքերով` խորհելով էշի մասին, թե միգուցե մեկն այն գողանա, և այսպիսի այլ մտքեր էլ խափանում էին նրա աղոթքը: Այս տեսնելով` անմիջապես ելավ եկեղեցուց և էժան գնով վաճառեց էշը` չկամենալով, որ այսուհետ աղոթքի ժամանակ միտքը զբաղվի և հեռանա Աստծուց:
Հայելի վարուց