Քրիստոնյայի կյանքն առանց աղոթքի նման է այն զինվորին, որը դուրս է գալիս մարտադաշտ, նետաձիգների առջև` առանց վահանի: Այս դեպքում ինչքան էլ զինվորը ուժեղ ու բանիմաց լինի իր ռազմական գործում, առանց վահանի պաշտպանության` բազմաթիվ նետերից կխոցվի, այդպես էլ քրիստոնյան ինչքան էլ կամք, հավատք ու հոգևոր գիտելիք ունենա, առանց աղոթքի խոցելի է խավարի հրեշտակների արձակած անտեսանելի բազմաթիվ նետերից: Այդ իսկ պատճառով մեր Տեր Հիսուս Քրիստոսը պատգամում էր` մշտապես աղոթեցեք և հոգևոր կերպով արթուն եղեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք:
Ուսանելի են հոգևոր սուրբ հայրերի խորհուրդներն ու խոսքերը աղոթքի վերաբերյալ:
Զինվելով նրանց բազմահարուստ փորձառությամբ՝ անհատը սպառազինվում է հոգևոր մարտադաշտում ու խուսափում շատ խարդավանքներից ու թակարդներից, որոնք թշնամին հյուսել է տարբեր ճանապարհներում: Արդ, հոգևոր հայրերից սբ. Գրիգոր Նարեկացին նշում է, որ աղոթքն առավել հարազատ և մերձավոր է Աստծուն, քան ամեն մի առաքինություն, քանի որ բոլոր մյուսները որպես հանդերձանք և պատրաստություն են Աստծո մոտ մուտք գործելու համար, իսկ սա դեմ հանդիման խոսակցություն է Աստծո հետ: Քանի որ ինչպես երկրագործի ողջ աշխատությունը պտուղները հավաքելու համար է, և խոհարարի տաժանումը` կերակրելու, այնպես էլ ամեն բարեգործություն, զգաստություն և պարկեշտություն մտքի ճանապարհը հարթելու համար են, որպեսզի անզբաղապես Աստծո հետ լինի և ինչպես սիրելի բարեկամի աղոթքով զրուցի և անձի ու աշխարհի բոլոր մարմնավոր, հոգևոր կարիքները Նրա առջև դնի, Նրանից հայցի բոլոր բարիքների հաջողում և փրկություն՝ թշնամու որոգայթից: Եվ այս առաքինությունը մյուսների պես սահմանափակ չէ, այլ կարող ենք անսահմանաբար գործել ամեն ժամ` ըստ տերունական հրամանի, որ ասում է. «Արթուն կացեք և ամենայն ժամ աղոթեցեք» (Մատթ. 26:41 և Ղուկ. 18:1): Ինչպես որ Ինքը` բոլոր աղաչանքներն Ընդունողը, որպես մեզ օրինակ և հորդոր, բազում անգամ ողջ գիշեր աղոթում էր Աստծուն: Եվ առաքյալը, Նրանից ուսանելով, ասում էր. «Ամեն ինչի համար գոհացեք, անդադար աղոթեցեք» (Թեսաղ. 5:18): Քանզի այսպես է պատշաճ՝ նախ՝ տրված բարիքների համար գոհանալ և ապա՝ առաջիկայի համար խնդրել: Եվ ոչ միայն անձի և տան, որդու և ընտանիքի համար անել այս, այլև ամբողջ աշխարհի, որպեսզի Նա տնօրինի յուրաքանչյուրի հոգու և մարմնի կարիքներն ու օգուտները: Առավել ևս պետք է աղոթել թշնամիների և ատելիների համար՝ ըստ Տիրոջ խոսքի, թե. «Օրհնեցեք ձեզ անիծողներին և աղոթեցեք նրանց համար, ովքեր ձեզ չարչարում և հալածում են» (Մատթ. 5:44): Քանզի աղոթքը հալածում է ամեն տեսակի ատելություն և ոխակալություն, որովհետև ինչպե՞ս կարող է ոխակալությամբ լցվել նրանց հանդեպ, որոնց համար ճշմարիտ և աներկբա սիրով աղոթք է անում ու փրկություն հայցում Տիրոջից: Պետք է ամբողջ սրտով թողնել պարտապաններին և սիրով աղոթել նրանց համար, այսպես մեզ Աստված իշխանություն տվեց մեր մեղքերի թողության համար, քանզի ինչ սրտով թողնում ենք նրանց պարտքերը, և սեր ու գութ ցուցաբերում նրանց հանդեպ, նույն չափով էլ Աստված մեր հանցանքներն է թողնում, և Իր արարչական սերն ու գթությունը սփռում մեզ վրա:
Սբ. Հակոբ Մծբնա Հայրապետն ասում է, որ սրտի սրբությունն առավել է բոլոր բարձրաձայն բարբառվող աղոթքներից: Եվ հստակված մտքին խառնված լռությունն առավել է մեկի բարձրաձայն աղաղակից: Արդ, սիրելի՛, տո՛ւր քո սիրտն ու խորհուրդները Աստծուն և լսի՛ր դու սրբերի աղոթքների զորությունը: Տե՛ս, ինչպես Աստծո առաջ առաքինացան առաջին արդարներն իրենց աղոթքներով և ինչպես դրանք սրբության պատարագ եղան նրանց համար, նույն աղոթքներով պատարագներն ընդունելի եղան Աստծուն: Եվ դարձյալ աղոթքներով Նա ցածրացրեց հեղեղի ջուրը, բազմացրեց ամուլների ծնունդները, կործանեց բանակները, հայտնեց խորհուրդները, բաժանեց ծովերը, ճեղքեց Հորդանանը, կանգնեցրեց արեգակը և լուսինը, կոտորեց պիղծերին, իջեցրեց ջրերը, փակեց երկինքը, հանեց գուբից, ազատեց հրից, փրկեց ծովից և աղոթքի զորությունները հույժ և առավել են: Երբ աղոթելիս լինես, սիրտդ ուղղիր վեր և աչքերդ` վար, մտիր դու ներսը` քո ներքին մարդու մեջ և ծածուկ աղոթիր քո Հորը, որ երկնքում է: Եվ այս ամենը, որ գրեցի քեզ աղոթքի ճառերի մասին, եթե սուրբ լինեն, ընդունելի կլինեն, և եթե սուրբ չլինեն, ընդունելի չեն լինի: Քանզի կան ոմանք մեր մեջ, որոնք շատացնում են աղոթքները, երկարացնում հեծությունները, կորացնում իրենց անձերը և տարածում իրենց ձեռքերը, բայց աղոթքի գործերը հեռու են նրանցից: Աղոթում են մեր Տիրոջը, որ սովորեցրեց իրենց. «Թող մեր մեղքերը, և մենք թողնում ենք մեր պարտապաններին» (Մատթ. 6:12):
Ինչպե՞ս ես աղոթում, հիշիր, որ պատարագ ես մատուցում Աստծո առջև: Դու աղոթում ես, որ թողնվի քեզ և խոստովանում, բայց սուտ մի՛ լինիր Աստծո առաջ ասելով` թողնում եմ, բայց չես թողնում: Մի՞թե մարդ է քեզ համար Աստված, որ ստում ես Նրան: Եթե մարդ իր ընկերոջ դեմ մեղք է գործում, Տիրոջից է խնդրում քավություն, ապա եթե Աստծո դեմ մեղք գործի, ումի՞ց խնդրի քավություն: Մի դատապարտիր անձդ քո աղոթքներով: Լսի՛ր դու նորից մեր Տիրոջ խոսքը. «Երբ մատուցես քո պատարագը և այնտեղ հիշես, թե քո եղբոր հանդեպ ոխ ունես, թող պատարագը սեղանի առաջ, գնա հաշտվիր քո եղբոր հետ և ապա արի մատուցիր քո պատարագը» (Մատթ. 5:23-24), որպեսզի աղոթքի ժամանակ չբարկացնես քո Տիրոջը, քանզի աղոթելիս եթե հիշես, թե ոխ ունես, այս իմացիր դու քո մտքում, որ քո աղոթքները լքված կլինեն սեղանի առջև, չի կամենա նա, ով աղոթքն է մատուցում, վերցնել և երկրից վեր բարձրացնել: Քանզի քննում է քո պատարագը` աղտեղի՞ է, թե՞ ոչ: Եթե սուրբ է, հանում, բարձրացնում է վեր` Աստծո առաջ: Ապա եթե նա քո աղոթքում գտնի, որ ասում ես. «Թող ինձ և թողնում եմ ես», բարձրացնող պատասխանն այսպես կլինի աղոթողին. «Նախ թող դու քո պարտապանին, և ապա կբարձրացնեմ ես աղոթքներդ քո Պարտատիրոջ առաջ»: Թող դու հարյուր դահեկան` ըստ քո աղքատության, և Տերը քո պարտքից կթողնի բյուր քանքար` ըստ Իր հարստության, և չի հաշվի քեզ վաշխ և տոկոսների վարձ: Եթե դու կամենաս և թողնես, ապա հրեշտակը կառնի քո պատարագը և կհանի, կբարձրացնի իր հետ, բայց եթե դու չթողնես, այսպես կասի քեզ. «Ես պղծված աղտեղված պատարագը սուրբ Աթոռի առաջ չեմ տանի, բայց ահա գալու ես դու այնտեղ` տալու քո պարտքերի հաշիվը և քո պատարագը քեզ հետ պիտի բերես»: Եվ կթողնի քո պատարագն ու կգնա: Աղոթքները վայելուչ են, եթե գործերը բարի են, ընդունելի են, եթե խաղաղություն է լինում նրանց մեջ, լսելի են, եթե թողություն է գտնվում նրանց մեջ, սիրված են, եթե սուրբ են նենգությունից, զորավոր են, եթե նրանց մեջ կատարվում են Աստծո զորությունները: Կան խնդրվածքներ, օրհնություններ և գոհություններ: Խնդրվածքներն այս են` որ մեկն իր մեղքերի համար գթություն և ողորմություն է խնդրում: Օրհնությունները և գոհություններն այս են, որ խնդությամբ գոհանում է Երկնավոր Հորից և օրհնում Նրան Իր բոլոր գործերի համար: Խնդրվածքների աղոթքը մատուցիր քո նեղության վտանգի ժամանակ, իսկ երբ լցվես Նրա բարությամբ, խոստովանությամբ գոհացիր քեզ տվողից և այն ժամանակ, երբ միտքդ լի է ուրախությամբ և ցնծությամբ, օրհնություն և փառք տուր: Եվ քո բոլոր աղոթքները թող ընտրողաբար լինեն Աստծո առաջ: Մեր Փրկիչը սովորեցրեց խիստ ծածուկ աղոթել, ահա Ամենատեսն ասում է. «Մտիր քո սենյակը և դռները փակելով, ծածուկ աղոթիր քո Հորը» (Մատթ. 6:6): Ցույց տամ քեզ, թե ինչպես եմ վերն ասվածը հասկանում: Ասում է. «Աղոթիր փակ դռներով». մեր Տիրոջ խոսքը ցույց է տալիս հետևյալը` ծածուկ աղոթիր քո սրտում և փակիր սրտիդ դռները: Եվ ի՞նչ է դուռը, եթե ոչ` քո բերանը, քանզի մարմինը Տիրոջ տաճարն է, որում բնակվում է Քրիստոս, ինչպես առաքյալն է ասում. «Դուք Աստծո տաճար եք» (Ա Կորնթ. 3:16): Եվ քո ներքին մարդը, փակելով դռները, որ քո բերանն է, թող մտնի այս տաճարը և սրբի այն բոլոր պղծություններից: Եթե աղոթքի ժամանակ կտրվես ամեն ինչից, լսելի կլինես և կարժանանաս Տիրոջ զորությանը: «Ուր երկու կամ երեք հոգի հավաքված են Իմ անվան համար, այնտեղ Ես նրանց մեջ եմ» (Մատթ. 18:20): Ինչպե՞ս ես հասկանում այս խոսքը, ո՛վ սիրելի… Եթե դու մենակ լինես, Քրիստոս չի՞ լինի քո մեջ, քանզի ահավասիկ գրված է Քրիստոսին հավատացողների մասին, որ նրանց մեջ բնակվում է Քրիստոս… Իսկ ես ցույց կտամ քեզ, որ կա տեղ, ուր փոխանակ երկուսի կամ երեքի, ավելի քան հազարն են ժողովվել, սակայն Քրիստոս նրանց մեջ չէ: Բայց կա մարդ, որ մենակ է, և Քրիստոս նրա հետ է: Երբ Մովսեսն աղոթում էր լեռան վրա, մենակ և առանձին էր նա, մի՞թե լսելի չեղավ, այլ առավել ևս լսելի եղավ և մեղմեց իր Աստծո բարկությունը: Եղիան նույնպես մենակ էր Կարմել լեռան վրա, սակայն նրա աղոթքները սքանչելի զորություններ կատարեցին: Նրա աղոթքով փակվեց երկինքը և դարձյալ բացվեց, իր աղոթքով նա փրկվեց մահից և ազատվեց դժոխքից, նրա աղոթքները Իսրայելից վերցրին պղծությունը և երեք անգամ հուր իջեցրին երկնքից` մի անգամ սեղանի վրա և երկու անգամ` նախարարների վրա: Եվ երբ հալածում էին նրան, ծունր դրեց և աղոթեց և արագ լսելի եղավ: Եվ չորս հարյուրը, որ բարձրաձայն կանչում և աղաղակում էին, լսելի չեղան, քանզի կանչում էին Բահաղի կուռքերին, իսկ Եղիան մենակ էր և առավել լսելի եղավ: Եվ Հովնանը, երբ աղոթք էր անում ներքին դժոխքից, Աստված շուտափույթ լսեց նրան, թեպետ և մենակ էր:
Արդ, մի մոռացեք ամեն օր ժամանակ հատկացնել աղոթքի համար և Աստծո հետ խոսել անկեղծությամբ և խոնարհությամբ, որպեսզի ամենատես Երկնավոր Հայրն էլ ձեզ հաղորդակից դարձնի իր զորությանը, ուրախությանը և խաղաղությանը:
Հովհաննես Մանուկյան