21 Դեկտեմբեր, Շբ
Ոսկեղենիկ դարի մեր սուրբ Հայրերը և հրեշտականման նահատակները, պատրաստվելով Հայաստանյայց Ս. Եկեղեցու համար յուրյանց արյունը թափելու, փառավորում էին Աստուծուն, որ առաքինության այդ մեծասքանչ հանդեսն յուրյանց էր վիճակեցնում, և ասում էին. «Գոհանամք զքէն, Աստուած, որ ի շնորհէ քարոզութեան սուրբ առաքելոցն բազումս ծնար առաքեալս եւ ի շնորհէ ճգնազգեցիկ մարտիրոսացն անթիւս ծնար նահատակս, որպէս առաքեալն եւ խոստովանողն Տէրն Գրիգորիոս` արարողն ուղիղ գործոց եւ ուսուցիչն յստակ եւ անհեղգ վարդապետութեան, նախանձեցուցեալ զամենեսեան ի բարի նախանձս` ծնաւ վարդապետս եւ անթիւ նահատակ...»[1]:
Այս հրաշադեպ և հայրենաշունչ աղոթքի մեջ գեղեցկապես որոշված է Հայաստանյայց Ս. Եկեղեցու հիմնադրության և կազմակերպության խորհուրդը: Քրիստոս հիմնեց յուր Եկեղեցին Երուսաղեմում և պատվիրեց առաքյալներին տարածել Ավետարանը բոլոր աշխարհում` տալով նոցա մի հիմնական պատվեր նոցա ապագա հաջողության համար: Ըստ այդ պատվերին` նոքա պետք է հաստատ ու հավատարիմ մնային Քրիստոսին, ինչպես ուռը` որթի վրա. «Ոչ եթէ դուք ընտրեցէք զիս, այլ ես ընտրեցի զձեզ եւ եդի զձեզ, զի դուք երթայցէք եւ պտղաբերք լինիցիք, եւ պտուղն ձեր կայցէ, եւ զոր ինչ խնդրիցէք ի Հօրէ իմմէ յանուն իմ, տացէ ձեզ» (Հովհ., ԺԵ, 16): Քրիստոս որթն է, առաքյալները` ուռը, ըստ որում և Քրիստոսի եկեղեցին հիմնադրվում և պտղաբեր է լինում որթի վրա ուռի աճումով ու ծաղկումով[2]:
Եկեղեցու հաստատման մի այլ նմանությունն է շինությունը: Քրիստոս կոչում է ինքյան վեմ, իսկ առաքյալները իմաստուն շինողներ ու հիմքեր են[3]: Ամուր վեմի վրա հաստատվում են այդ հիմքերը, և նոցա գլուխն է դարձյալ Քրիստոս, վասնզի այն է կատարյալ վեմ ու հիմք, որ էապես և ինքն է գլուխն ու կատարումը: «Ապա այսուհետեւ ոչ էք օտարք եւ պանդուխտք, այլ քաղաքակիցք սրբոց եւ ընտանիք Աստուծոյ, շինեալք ի վերայ հիման առաքելոց եւ մարգարէից, որոյ է գլուխ անկեան Քրիստոս Յիսուս, յորում ամենայն շինուածն յօդեալ եւ պատշաճեալ, աճէ ի տաճար սուրբ Տերամբ, Յորում եւ դուք ընդ նմին շինիք ի բնակութիւն Աստուծոյ Հոգւով»[4]: Ուրեմն հաստատուն վեմի վրա և ամենախնամ գլխի ներքոյ առաքյալները հիմնադրում են Քրիստոսի ս. Եկեղեցին ու կազմակերպում` ինքյանք իսկ հիմք դառնալով յուրյանց աստվածային շինության[5]: Եվ ինչպես որ աստվածային վեմի վրա դրված հիմքն ու կառուցված եկեղեցին կոչվում է տաճար կամ շինվածք, այնպես էլ նույն գլխի ներքո կազմակերպված եկեղեցին կոչվում է մարմին[6]:
Պարզ է, որ առաքյալները հիմքեր պետք է դառնային Քրիստոսի եկեղեցու համար և շինողներ պետք է լինեին այդ եկեղեցին «յօդելու ու պատշաճելու» համար. այդպես և Քրիստոսի գործիչ անդամները պետք է լինեին նոքա, որպեսզի բոլոր հավատացյալներին միացնելով մի հոգով` Քրիստոսի մարմինը շինեին «յայր կատարեալ ի չափ հասակի կատարմանն Քրիստոսի»: Երբ մի առաքյալ կատարում էր յուր պարտքը, շինում էր հաստատուն վեմի վրա և կազմակերպում Քրիստոսի ճշմարիտ եկեղեցին ու կազմում նորա կենդանի մարմինն, այնուհետև ապահովվում էր և վստահանում էր ասել. «Զի մի՛ յայսմհետէ իցեմք տղայք խռովեալք եւ տատանեալք յամենայն հողմոց վարդապետութեան խաբէութեամբ մարդկան, խորամանկութեամբ ի խաբէութիւն մոլորութեան: Այլ ճշմարտեալք սիրով` աճեցուսցուք ի նա զամենայն, որ է գլուխ Քրիստոս: Ուստի ամենայն մարմինն յօդեալ եւ պատշաճեալ ամենայն խաղալեօք տարբերութեան, ըստ ազդեցութեան չափով ըստ իւրաքանչիւր մասին զաճումն մարմնոյ գործէ ի շինած անձին իւրոյ սիրով» (Եփ., Դ 10):
Եվ ինչպես որ շինությունը բնակարան էր դառնում Աստուծո և աստվածային գործերի ու հաղորդակցության, շնորհագործության և բարգավաճման, այնպես էլ մարմինն ուներ յուր վարիչ ու գործիչ անդամներն` ըստ նմանության աչքի, ականջի, ձեռքի, ոտքի և այլն, որոնց բոլորի կենդանացուցիչն է Ս. Հոգին: Ըստ որում «Եւ նա (Քրիստոս) ետ զոմանս առաքեալս, զոմանս մարգարէս, զոմանս աւետարանիչս[7], զոմանս հովիւս եւ վարդապետս. ի հաստատութիւն սրբոց, ի գործ պաշտաման, ի շինուած մարմնոյն Քրիստոսի»:
Արդ` Երուսաղեմից առաքվեցան առաքյալները դեպի աշխարհի զանազան կողմերը` նախապես արևելյան երկրներում հաստատելով յուրյանց աստվածային իջևանները: Նոքա ամեն տեղից սերտ հարաբերություն էին պահում Երուսաղեմի` իբրև Մայր Եկեղեցու հետ թե՛ յուրյանց տուրքերով[8], թե՛ հաճախակի այցելությամբ և թե՛ խորհրդակցական կամ ընդհանուր կառավարչական գործունեությամբ[9]: Հիմնադրելով ու կազմակերպելով եկեղեցիները` նոքա հաստատում էին եպիսկոպոսական աթոռներ, շարունակ այցելելով կամ բանակցությամբ վերահսկում էին և վերջապես նահատակվելով` ինքյանք իսկ հիմք էին դառնում յուրյանց առաքելական աթոռին և իբրև պտղաբեր ուռ` սնուցանում էին յուրյանց հիմնված եկեղեցու ճյուղերը: Բնականաբար և բոլոր ճյուղավորությունները ստանում էին յուրյանց սնունդն յուրաքանչյուր առաքյալի նախահաստատ եկեղեցուց` իբրև վիմաշեն հիմքից և որթաբողբոջ ուռից: Այսպիսով և «հեթանոսք, որք ընկղմեալ էին ի գործս մեղաց իւրեանց, ելին յանդնդոց ծովու մեղաց ի ձեռն երկոտասան առաքելոց, որ են վէմք ճշմարտութեան, եւ հողմք եւ հեղեղք զնոսա ոչ կարեն շարժել» (Եղիշե):
Հայաստանին ևս վիճակվեցան գլխավորապես չորս առաքյալներ, որոնցից Հուդա Հակովբյանը նահատակվել է Ուրմիայում, Սիմոն Կանանացին` Պարսկաստանում, մինչդեռ երկուքը բուն Հայաստանում են քարոզել, եկեղեցի հաստատել ու նահատակվել. այն է` Ս. Թադեոսն` Արտազում և Ս. Բարդուղիմեոսը` Տարոնում: Երկուքի հիմնած եկեղեցիներն ևս դարձան առաջնակարգ աթոռներ, ըստ որում և Տարոնի եկեղեցին ևս Մայր Եկեղեցի է կոչվում Հայոց համար (Բյուզանդ. III ԺԴ): Նոցանից հետո նոցա հաջորդությունը սաստիկ հալածանքների դիմացավ խուլ անկյուններում[10], և երբ Գ դարի վերջերում Տրդատը Ս. Գրիգոր Լուսավորչի քարոզությամբ ընդունեց և յուր ամբողջ ազգի մեջ հաստատեց քրիստոնեությունը, Հայ ազգը առաջին քրիստոնյա ազգը դարձավ, և Ս. Գրիգորը, գնալով Կեսարիա, Հայոց Ս. Թադեոս առաքյալի աթոռից ձեռնադրություն ստացավ: Այնուհետև Հայաստանյայց առաքելական ս. Եկեղեցին յուր վերջնական հաստատությունն ու կազմակերպությունը ստացավ առաքյալների հիման վրա Ս. Գրիգոր Լուսավորչի ճգնությամբ[11]. Նորանից ծնվեցան բազմաթիվ ս. Հայրեր ու նահատակներ` «որք հաւատովքն իւրեանց եղեն սիւնք հաստատութեան յաղթողք Եկեղեցւոյ» (Եղիշե):
Բայց Քրիստոս մի հրաշալի տեսիլում երևաց Գրիգոր Լուսավորչին, «արագաթև արծվի» պես իջավ Վաղարշապատ, ոսկի ուռամբ բաղխեց, դղրդեցրեց երկիրը և բացված երկնքի տակ ու լուսավորող աղբյուրի վրա Կաթուղիկե Նախեկեղեցին հաստատեց (Բյուզանդ, 32), այն է` Ս. Էջմիածինը, որ «ժողով է զամենայն ժողովս ի միաբանութիւն հաւատոց ի ներքոյ թեւոց իւրոց»: Այդտեղ հաստատեց Քրիստոս և մեծ քահանայապետությունն ի մեջ ժողովրդոցն, օրինակ «Քրիստոսի պատկերին մարմնանալոյն քահանայութեանն օծութեան աստուածորդւոյն»[12]: Այդտեղ հայերը, վերածնվելով իբրև լուսամիտ որդիք, պետք է վայելեն բացված երկնքի քրիստոսատուր շնորհները, և «երկիրս իբրեւ զերկինս լինելոց է, խառնուրդք հրեշտակաց եւ մարդկան ըստ քրիստոսեան վճռին ու յայտնութեան»[13]: «Զի ի Սիոնէ ելցեն օրէնք, եւ բան Տեառն` յԵրուսաղեմէ» (Միք., Դ 2). նույնը եղավ և Հայոց մեջ[14]:
Այսպիսով, Հայաստանյայց Ս. Եկեղեցին ու նորա քահանայապետությունը հիմնադրվեց Ս. Թադեոս ու Ս. Բարդուղիմեոս առաքյալների նահատակությամբ և հաստատվեց Միածնի իջմամբ: Եվ երբ Հայրապետական Աթոռը Ս. Գրիգոր երկրորդ Լուսավորչի հաջորդաց քաղաքական աննպաստ դրության պատճառով շրջեց Հայաստանը մե՛կ դեպի Ս. Թադեոս առաքյալի և մե՛կ դեպի Ս. Բարդուղիմեոսի վկայարանը, յուր արժանի դիրքը պահեց Սսում և Աղթամարում և Փոքր Կաթուղիկոսներ թողեց իբրև տեղակալ համատարած Հայրապետական Աթոռին, մինչ բնականաբար Միածնի հաստատած Աթոռը գերագահ և նախամեծար դիրք ստացավ արժանապես[15]:
Արդ` Հայոց առաքյալների հաջորդությունը Հայաստանում ամփոփվեց Ս. Գրիգոր Լուսավորչի մեջ, և Միածինն էլ, իջնելով, նորան պատվիրեց. «Զգոյշ լեր աւանդիդ, որ քեզ հաւատացաւ ի Տեառնէ Յիսուսէ Քրիստոսէ»[16]: Ուստիև նորա սուրբ Աթոռի վրա է հաստատված Ամենայն Հայոց Հայրապետությունն, որի իշխանությունը շնորհաց և իրավանց լրումն է ամբողջ Հայաստանյայց Ս. Եկեղեցում, և որի իշխանությունն արտահայտվում է Ս. Գրիգոր Լուսավորչի ս. Աջով, ըստ այնմ, թե` «Աւադիկ Աջն Աստուածութեան շնորհացն ի ձեռն քահանայապետութեան հասանելոց է, յորոյ ձեռն բղխեսցէ աղբիւրն մկրտութեան, թողութիւն քաւութեան բազում մեղաւորաց»[17]:
Հայաստանյայց Ս. Եկեղեցու իշխանությունը հոգևոր սուրբ կարգ է և մերժում է որևիցե «նվիրապետություն», որ բովանդակում է յուր մեջ մարմնավոր կամ աշխարհային իշխանության նմանություն և սկզբունք: Ըստ որում` այդ ս. Կարգին ստորադրվում է յուրաքանչյուր հավատացող հայ ազատապես և ինքնաճանաչության համոզմունքով` առանց ենթարկվելու որևիցե արտաքին հանգամանքների: Հայոց Եկեղեցու իշխանությունն ևս նույն քրիստոսական հոգևոր սկզբունքով է հովվում յուրյան հավատացած հոտը, և սույն հոգևոր շրջանում ամենայն Հայոց Կաթուղիկոսը կատարյալ Տեր է[18]: Սակայն նա ևս յուր գործունեության և իշխանության մեջ սահմանափակվում է առաքելական քարոզությամբ և Հայաստանյայց Ս. Եկեղեցու լրմամբ, այն է` Ազգային Եկեղեցական ժողովով (Ընդհ., 201, 220), այդպիսի ժողովների կանոնադրություններով և Ս. Գրիգոր Լուսավորչի[19] ու մեր Եկեղեցում տոնվող սրբագումար Հայրապետների ու վարդապետների ուսուցմամբ ու կարգադրություններով, որոնք ամփոփված են մեր ծիսարաններում և առհասարակ մեր եկեղեցական գրքերում, կանոնագրքում և վարդապետական գրվածներում: Ինչպիսի իշխանություն ևս լինի Հայաստանյայց Ս. Եկեղեցում, նա չի կարող յուր գործունեությամբ նոր վարդապետություն քարոզել[20] կամ նոր հիմք դնել նոր ընթացքի համար, այլ նա պետք է ամենայն ինչ շինե «ի վերայ հիման առաքելոց եւ մարգարէից»` ըստ մեր անզուգական նախնյաց պարզ ու վճիտ հաստատության, որ միշտ նոր է ու նոր կմնա[21]: Ուստիև նոցա սուրբ սկզբունքն է եղել. «Ցուցանեմք զմեզ Քրիստոսի մի մարմին եւ մի հոգի, յիշելով զսուրբ զառաքեալսն` զքարոզքն սուրբ Եկեղեցւոյ, որոց էր սիրտ մի եւ ոգի մի»[22]: (Ղ. Փարպ., Պատմ., էջ 133):
[1] Փարպ., 270. հմմտ. Շար. Ս. Ղևոնդյանց, էջ 574. «Որ յառաջագոյն սահմանեցեր զփրկութիւն Հայաստանեայց` շնորհելով մեզ հրաւիրակ զերանելին զսուրբ Գրիգոր, օրհնեմք զքեզ ընդ զօրս անմարմնականացն Հայր Ամենակալ: Որ նորին դաւանութեամբն խաչակից քեզ ընտրեցեր զդասս քահանայիցն, շնորհաբաշխ օծութեամբ կարգեալ հովիւս եւ վարդապետս, գովեմք զքեզ ընդ զօրս անմարմնականացն Որդիդ Միածին: Որ մաքրութեամբ աւազանին եւ փրկական հաղորդութեամբ` զզինուորեալսն անուանդ քո` պայծառացեալ արեամբն իւրեանց յաղթող մարտիւ պսակեցեր, բարեբանեմք զքեզ ընդ զօրս անմարմնականացն` Հոգիդ ճշմարիտ»:
[2] «Ես եմ որթն ճշմարիտ, եւ Հայր իմ մշակ է: Ամենայն ուռ, որ յիս է եւ ոչ բերէ պտուղ` կտրէ զնա. եւ ամենայն, որ բերէ պտուղ` սրբէ զնա, զի առաւել եւս պտղաբեր լիցի: Դուք արդէն իսկ սուրբ էք վասն բանին, որ խօսեցայ ընդ ձեզ: Կացէք յիս եւ ես` ի ձեզ. որպէս ուռն ոչ կարէ պտուղ բերել յանձն է իւրմէ, եթէ ոչ իցէ հաստատեալ յորթն, նոյնպէս եւ դուք` եթէ ոչ յիս հաստատեալ իցէք: Ես եմ որթ եւ դուք` ուռ, որ հաստատեալ է յիս եւ ես` ի նա, նա բերէ պտուղ յոյժ, զի առանց իմ ոչինչ կարէք առնել: Եթէ ոք ոչ է հաստատեալ յիս, ել նա արտաքս իբրեւ զուռն եւ ցամաքեցաւ, եւ ժողովեն զնա եւ ի հուր արկանեն, եւ այրի: Եթէ կայցէք յիս եւ բանք իմ ի ձեզ կայցեն, զոր ինչ կամիցիք` խնդրեսջիք, եւ լինիցի ձեզ: Յայսմիկ փառաւորեցաւ Հայր իմ, զի պտուղ յոյժ բերիցէք եւ եղիջիք իմ աշակերտք: Որպէս սիրեաց զիս Հայր, եւ ես սիրեցի զձեզ. հաստատուն կացէք ի սէր իմ: Եթէ պահիցէք զպատուիրանս իմ, կացջիք ի սէր իմ. որպէս ես զպատուիրանս Հօր իմոյ պահեցի եւ կամ ի սէր նորա»: (Հովհ., ԺԵ 1-10. հմմտ. Ծննդ., ԽԹ 11. Մամբրե Վերծ., Ճառք, 69:
[3] Մատթ., Է 24-25. ԻԱ 42-44. Մարկ., ԺԲ 10. Ղուկ., Զ 48. Ի 17-18. Գործք, Գ 11. Ա Պետր., Բ 4-8. Ա Կոր., Գ 10. Ժ 4-11. «Այսուհետեւ ոչ այն ոք ինչ է, որ տնկեացն, եւ ոչ այն, որ զջուրն ետ, այլ որ աճեցոյցն Աստուած: Որ տնկեացն եւ որ զջուրն ետ` մի են, բայց իւրաքանչիւր ոք զիւր վարձս առնուցու ըստ իւրում զվաստակոց. Զի Աստուծոյ գործակից եմք, Աստուծոյ արդիւնք էք, Աստուծոյ շինած էք: Ըստ շնորհացն Աստուծոյ, որ տուեալ են ինձ, իբրեւ իմաստուն ճարտարապետ հիմնեցի, բայց այլ է, որ շինեն, այլ իւրաքանչիւր ոք զգոյշ լիցի, թէ որպէս շինիցի: Զի հիմն այլ ոք ոչ կարէ դնել, քան զեդեալն, որ է Յիսուս Քրիստոս»:
[4] Եփես., Բ 19-22. Բ Կոր., Զ 16:
[5] Ս. Եղիշեն գեղեցկապես ասում է հրեաներին. «Բայց բարւօք ասէր (Քրիստոս), թէ քակեցէք, քանզի ի սկզբանէ քակել եւ եթ գիտէք եւ ոչ շինել. Ահա քակեցէք զազգս արդարոցն, եւ ես այլ արդարս շինեցից ի միջի ձերում... անարգեցէք դուք զվէմն, որ էր գլուխ անկեան, եւ ես այլ երկոտասան վէմս կանգնեցի յաշխարհի ձերում, զի շինեցից զձեզ ի վերայ անշարժ հիմանն` եւ ոչ կամեցարուք»: Ճառք, էջ 257:
[6] Հռովմ., ԺԲ 4-8. Ա Կոր., Զ 15, 19. Ժ 17. ԺԲ 12. Եփես., Ե 30. Կող., Ա 18-24. Եփես., Ա 22. Բ 20. Ա Պետր., Բ 4-10. Ա Տիմ., Գ 15:
[7] Եփես., Դ 10. Հաճ., Ի 328-352. Ընդհ., 16:
[8] Գործք, ԺԱ 28. Գաղ., Բ 10 և այլն. Հռովմ., ԺԵ 25-28. Ա Կոր., ԺԶ 1-4. Բ Կոր., Թ 1. Ը 10...:
[9] Գործք, ԺԸ, ԺԵ Գաղ., Բ 1-10...
Մամբրե Վերծանողը, ճառելով Հոգեգալստյան հրաշքն, ասում է. «Զհիմնադրութիւն եկեղեցւոյ ի նոյն Սիոն սկզբնաւորեցին: Յաղագս այսպիսի նորագործ հրաշից հրամայէ մարգարէն` նախքան զամենեցուն Սիոնի խնդալ»:
[10] Տե՛ս Ագաթ., էջ 85-87. Սամուել Անեցի, էջ 280-283. Եվսեբիոս, Եկ. պատմություն, VI, ԽԶ, Եղիշե, էջ 45: Յոթանասուններից և առաքելոց աշակերտներից էլ եկող, եկեղեցիներ հիմնող են եղել, ինչպես Ս. Եղիշե, Ս. Եվստաթեոս և այլք:
[11] «Մի՞թէ փոքր էր պատարագն, յորոյ հոտոյ լցան երկինք եւ երկիր, եւ կենդանացան զարմք եւ զաւակք տանս Հայկազանց` Արշակունեաց Պահլաւկաց: Մի՞թէ փոքր էր պարծանք որդւոց առ այնպիսի հայր, եթէ զշաւիղս նորա գնայցեն: Մի՞թէ թոյլ ետ այլում` հօր վեհագոյն գտանել, քան զինքն, մի՞թէ սակաւ եւ դուզնաքեայ չարչարանօք եղեւ հայր, եւ բազմութիւն որդւոց էած ի փառս...: Գրիգորիոս Լուսաւորիչ Հայոց, վասն զի այլոց ուրուք ազգի առաջնորդի ոչ կայ անունն Լուսաւորչի...»: Վարդան վարդ., Ճառ. (Սոփ., Ե 60, 78):
[12] Ագաթ., ՃԲ. հմմտ. Փարպ., 78, 87, 116. և Շահապ. ս. ժող. կանոնք:
[13] Տե՛ս և Սիմեոն Կաթուղիկոսի ճառերը «Ի գովեստ Էջմիածնի և կաթուղիկոսության» (գրչագիր). «Եկայք ուրեմն ո՛վ դուք, որք նստիքդ ի խաւարի, ի Լուսաւորիչս Գրիգորիոս, զի լուսատու լիցի ձեզ: Եկեսցեն եւ աղքատքն հոգւով եւ մարմնով ի հարուստ եւ յամենառատ գանձապահս Գրիգորիոս, զի ընկալցին զլաւութիւն աննուազելիս: Եկեսցեն եւ նոքա, որք ցանկան անուշահոտ ծաղկանց ի գեղեցկահոտ վարդս Գրիգորիոս, զի լցցին Հոգւով անմահականաւ: Եկեսցեն եւ հեռացեալքն ի յԱստուծոյ ի յօդաւորիչս Գրիգորիոս, զի սա բեւեռեսցէ ի սէրն եւ յերկիւղն Աստուծոյ: Դիմեսցին ի սա եւ ի սրբասնեալ որունս ոտիցն սորա այնոքիկ, որք խախտեալք են ի ճշմարիտ հաւատոյն, զի սա հաստատէ վերստին ի վէմն հաւատոյ Քրիստոս»: Խոսելով և Ս. Լուսավորչի տեսիլի վրա` համեմատում է Քրիստոսի այդ իջումը նորա առաջին գալստյան հետ և նկատում. «Արդ զինչ եւս քան զայս մեծ ողորմութիւն եւ յատկապէս բարերարութիւն, զոր արար Աստուած յատկօրէն մեզ` ազգիս Հայոց»: «Յարփիահրաշ լուսոյն յայնմանէ յօրինեցաւ եւ կազմեցաւ ամենագեղեցիկ խորանս հրաշալի, զմայրս հաւատոյ, զտեղիս պարծանաց, եւ զամենագով տաճարս զայս ասեմ` զՍուրբ Էջմիածին, զսա ասեմ, որոյ անունն է սքանչելի, ձեւն է անհամեմատ եւ ամենահին աննման ի բոլորի աշխարհի»:
[14] Հմմտ. Սիմեոն Կաթուղիկոս. անդ. «Զի՞նչ ելիք տեսանել ի յերկիրս յայս, եւ կամ զի՞նչ կամիք իմանալ զմայրս մեր Ս. Էջմիածին. տո՞ւն իմն մարդկան ձեռագործ. ո՛չ եւ կամ զհասարակ եկեղեցի իմն ի մարդկային ճարտարութենէ եւ ի յերկրային նիւթոյ կազմեցեալ. ոչ. եւ կամ զինչ ելիք տեսանել եւ իմանալ ի դաշտս Վաղարշապատու. զգեղեցիկ իմն շինուած, եւ կամ զնկարակերտ իմն ազնիւ` ըստ մարմնականի եւ ըստ երեւելոյ տեսութեան միայն. ոչ, ահաւասիկ` որք այսպիսիք են, յաշխարհէ են, յաշխարհէ հնարակերտեցեալ եւ աշխարհականօք պճնացեալ, վասնորոյ եւ մարմնականօք առ բերութեամբ վարեցեալ եւ ըստ մարմնականի տեսութեան գովեցեալ: Այլ զի՞նչ եկիք տեսանել եւ իմանալ զհոգեւոր եւ զաստուածային իմն կերտուած, եւ կամ զխորհրդաւոր երկին իմն ի յերկրի երեւեալ. այո, ասեմ ձեզ, առաւել եւս, քան զերկին...: Էջմիածին` տաճար փոքրագոյն` քան զերկինս մեծագոյն: - Էջմիածին` զարդ եկեղեցեաց, պարծանք Հայաստանեայց, արեգակն պայծառագոյն եւ լուսաւորող տանս Արամեան: Էջմիածին` ծնող հոգեւոր, մայր շնորհասուն, համալսարան իմաստութեան, վարժարան գիտնոց եւ նիւթ քարոզողացն»:
[15] Տե՛ս և իմ Հայաստանյայց Եկեղ. Ս. Կարգը, 1897, էջ 122, հմմտ. Մխիթ. Սկևռացի, անդ. 67. Միք. Ասորի, Պատմ., էջ 32. Ստեփ. Ուրպ., Ողբ ի Ս. Կաթուղիկե, Թիֆ., 1885, Թովմ. Մեծոփեցու Հիշատարականը, Թիֆլիս, 1892:
[16] Ագաթ., էջ 439, 145:
[17] Տեսիլ Ս. Գրիգոր Լուսավորչի, անդ. 438. հմմտ. Փարպ., 160, 179-180, 387, 539. «Գրիգորիոս, արթուն կամ հսկող յաւազանէ կոչեցեալ անուամբ, արթնագոյն եւ սիրով եւ հովուական բանիւք, անդադար զհոգեւորս ուղղելով բարբառ, ի բացեայ հեռի պահէր զանմարմին գազանն: Քանզի քաջ հովուին` քաջ եւ ճշմարիտ գոլ աշակերտ. ուղղէ այժմ աղօթիւք առ Քրիստոս, եւ զայժմու ուսմանց սխալմունս` ձայնիւ եւ գաւազանաւ, երբեմն կոչելով քաղցր ձայնիւ եւ երբեմն սաստելով, զերկոսեան ի Հոգւոյն բանից»: Հովհ. Սարկ. վարդ., Ճառ., 35:
Ս. Գրիգոր «մարգարէիցն է համապատիւ եւ առաքելոցն զուգահաւասար եւ աստուածազգեաց հարցն սրբոց համանման: Վասնորոյ հայր կոչեմք, զի ծնաւ զմեզ բանիւն ճշմարտութեան եւ սնոյց անհամեմատ գթութեամբ առատութեան իւրոյ, եւ աճեցոյց ուղղափառ հաւատոյն դաւանութեամբ. զի որպէս մի է Հայրն մեր եւ զամենայն բարիս յանձն իւր տպաւորեաց, այսպէս մի է եւ միակրօն ազգն Հայոց, եւ ամենայն գերազանց պարգեւօք մեծարեալ եղեն»: Հովհ. Սկևռացի, Ճառ ի Ս. Գրիգոր Լուսավորչին, էջ 101-102:
[18] Տե՛ս և Ս. Գր. Տաթ., Հարց., պրակ. Ե, Թ, Ժ. 537, 546:
[19] «Որ եղեւ ծնող մեր` ըստ Աւետարանին եւ եբաց մեզ զդուռն լուսոյ ճշմարիտ աստուածագիտութեան, որ ի նորին ճգնողական աղօթիւքն անարատ եւ ուղիղ մնաց հաւատս մեր. եւ ոչ ուստեք յաղթեաց բռնութիւն հերձուածողացն, ոչ Հայրապետ կարաց դնել նորաձեւ կարգ ինչ, ոչ թագաւոր, եւ ոչ այլ ումեք լուաք օտար ձայնից: Սակաւ է հաւատս մեր ի փոքր փարախի, սակայն ի գայլոց անկող մնացեալ, ըստ երանելոյն աստուածաբանի: Զի մեք, զոր ինչ լուաք եւ ուսաք ի մեր Լուսաւորչէն, զնոյն պահեցաք եւ պահեմք հաստատուն եւ ուղղափառ հաւատով, եւ այր զտրամբ ելանելով եւ յանձանց ինչ ոչ յաւելաք...»: Ստ. Սյունեցի, «Թուղթ առ պատրիարքն Անտիոքայ»:
«Սուրբն Գրիգորիոս Լուսաւորիչն մեր ոչինչ թողեալ թերի յօգտակար խրատուցն, զոր ոչ եցոյց մեզ, որով մարթ եմք ապրել ի տանջանաց, եւ կենաց անվախճանից ժառանգաւոր լինել: Արդ եւ մեզ, եղբարք, պարտ է զնա ընդունել ընդ առաքեալսն եւ պատուել ընդ մարգարէսն եւ անձուկ սրտիւ սիրել ընդ մարտիրոսն, եւ ունկնդիր լինել իբրեւ աշակերտք վարդապետի, եւ ոչ աւելի ինչ, քան զհրամայեալսն ի նմանէ իմանալ ի կորուստ անձանց եւ այլոց բազմաց, զի բանք նորա կենդանի են, եւ այսօր, որ կամիցին սիրով լսել եւ հաւատով ընդունել, եւ բազում շահս գտանել ի բանից նորա: Քանզի եւ Տէրն մեր յաղագս սիրոյ նորա մինչեւ ցայսօր եւ ցյաւիտեանս խնամէ ի վերայ մեր, եւ անդրդուելի պահեաց աղօթիւք նորա զՀայաստան աշխարհս ի դառն հերձուածոց հերեսիոտացն»: Գրիգոր Սարկավագապետ, Ճառ (Սոփ. Դ 156):
[20] Ամենայն հայոց Կաթուղիկոսը նախքան օծումը երդվում է հանդիսապես. «Ապաւինեալ յօգնականութիւն շնորհաց Բարձրելոյն` խոստանամ եւ ուխտեմ առաջի Ս. Սեղանոյս եւ աստուածընկալ Ս. Նշանացս յանձն առնուլ զպաշտօնս զայս եպիսկոպոսապետութեան Հայաստանեայցս Եկեղեցւոյ եւ բոլորապտուղ նուիրմամբ ընծայել զանձն իմ յանվթար կատարումն աստուածադիր օրինաց եւ Կաթուղիկոսական պարտուց եւ առաջնորդել ազգիս Հայոց` ըստ ուղղափառ վարդապետութեան քրիստոսական կրօնից` ըստ մերոյս Եկեղեցւոյ դաւանութեան եւ ըստ Հայրապետական կարգաց եւ կանոնաց Աստուածպաշտութեան անստերիւր եւ անխոտոր ընթանալով յամենայնի ընդ լուսաշաւիղ հետս գնացից արժանաժառանգ Յաջորդաց սրբոց առաքելոցն Թադէոսի եւ Բարդուղիմէոսի եւ Ս. Հօրն մերոյ Գրիգորի երկրորդ Լուսաւորչի զգուշաւոր պահպանութեամբ իրաւանց Մայր Աթոռոյս Հայաստանեայցս» (Մաշտոց): Տե՛ս և մանրամասն վկայություններ Ս. Հայրապետների ու վարդապետների գրվածներից իմ աշխատությանս մեջ «Հայաստանյայց Եկ. Սուրբ Կարգը», էջ 21-70: Հմմտ. և առաքելական ԺԹ կանոնը. «Կարգեցին առաքեալք եւ ետին հաստատութեամբ թէ չէ իշխանութիւն քահանայապետի կամ երիցու եւ ո՛ իցէ առաջնորդ եկեղեցւոյ առանց իւրոց պաշտօնակցացն առնել զիրս ինչ յեկեղեցւոջ, բայց կամօք եւ միաբանութեամբ ամենեցուն արասցեն, զոր ինչ կամինն, զի մի լիցի տրտմութիւն եւ հերձուածք ի միջի իւրեանց»: Ուստիև տարին երեք անգամ մեր Ս. Հայրապետները ժողով էին անում Եկեղեցու վիճակին լավ ծանոթանալու համար:
[21] «Եկեղեցիք ոչ են պարգեւք թագաւորաց եւ ոչ արուեստ ճարտարութեանց, եւ ոչ գիւտք իմաստնոց, եւ ոչ աւար քաջութեան զինուորաց, եւ ոչ պատիր խաբէութիւնք դիւաց, նաեւ բնաւ իսկ ամենեւին զինչ եւ ասասցես յերկրաւորացն, կա՛մ ի վեհից, կա՛մ ի վատթարաց, բնաւ ուրեք եկեղեցի ի նոցանէ ոչ գտցի: Այլ շնորհք են մեծին Աստուծոյ...: Հիմունք նորա եդեալ են ի վերայ հաստատուն վիմի, ո՛չ ներքինք շարժել կարեն եւ ո՛չ վերինք դրդուեցուցանել: Եւ զոր երկինք եւ երկիր ոչ դողացուցանէ, մի՛ ոք ի մարդկանէ խրոխտասցի յաղթել նմա»: Սուրբ Հայրերը, Եղիշե, էջ 36, 79:
[22] «Ի քոյդ գերակայ կայանս ի վեր նկատեալ բարձրահայեաց բանականացս, տեսանեմք ի մէջ բազմահոյլ հրեղինակերպ դասուց յոքնազան լուսով առ լցեալ, զհանդիսահրաշ եւ զմեծ նահատակն արեւելեան, զլուսերանգ եւ զզուարթարար աստղն աշխարհալոյս զԳրիգորիս գերազանց փառօք փայլեալ յաւետ, քան զբնաւս. զորոյ զքաղցրահայեաց լուսով շուրջ փարիմք յօր յիշատակի Սրբոյն» Հովհ. վ. Սկևռացի, անդ. էջ 86: Հմմտ. Մաշտոցի թուղթը, Հովհ. Կաթուղիկոս, Պատմ., 83-87:
Արշակ Տեր-Միքելյան
«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը» գրքից