Հեծանիվը

Վաղ առավոտյան` մթնշաղին, մի երիտասարդ իր հեծանիվն է կարգի բերում: Հիսուս մոտենում է նրան ու հարցնում.

- Այդ ի՞նչ ես անում.

Երիտասարդն առանց ուշադրություն դարձնելու պատասխանում է.

- Երեկ հանդիպեցի մի մարզիկի, ով ասաց, թե ինքը «ես»-ի վարպետ է, «ես»-ի մասնագետ, բարեհաջող կերպով մարդկանց «ես»-ն է մարզում ու ինձ մի լավ խորհուրդ տվեց, որ վաղ առավոտյան հեծանվով արագ գնամ-հասնեմ ուխտատեղի, ուր Սբ. Զատկի կապակցությամբ մեծ միջոցառում է լինելու: Ինչպե՞ս գլխի չէի ընկել, բոլորից շուտ կհասնեմ. այնքան շատ բան կա անելու միջոցառման համար: Քրիստոնեական ծառայությունն ինձ համար շատ կարևոր է, ինչքան շատ բան կարողանամ անել, այնքան լավ, ինչքան շատ հոգևոր փորձառություն ձեռք բերեմ, այնքան լավ: Ես չեմ կարող հենց այնպես ապրել, ես պետք է հնարավորինս արագ ու շատ գործեմ: Իսկ այժմ ժամանակ չկա, պետք է գնամ:

Երիտասարդն արագ նստում է իր հեծանիվը և սլանում դեպի ուխտատեղի: Քանի որ դեռ ամբողջովին չէր լուսացել և լավ չէր երևում ճանապարհը, ընկնում է մի մեծ փոսի մեջ:

Փոքր-ինչ անց ցավից տնքալով կանգնում է ու նայում վերև, արդեն ամբողջովին լուսաբաց էր և նկատում է մարզիկին, որ փոսի եզրից իրեն է նայում:

- Շատ եմ ցավում, բայց դու մի մեծ փոսի մեջ ես ընկել ու ինքնուրույն չես կարող դուրս գալ այս փոսից, ինչ արած, այստեղ էլ կմնաս և ո՛չ ուխտատեղի կհասնես, ո՛չ էլ այստեղից այլևս դուրս կգաս, իսկ ես չեմ կարող օգնել, պետք է շտապեմ, դեռ շատ մարդկանց խորհուրդներ պետք է տամ,-ասում է մարզիկն ու անհետանում:

Երիտասարդը շատ է տխրում, անդադար փորձեր կատարում փոսից դուրս գալու համար, սակայն ապարդյուն, քանի որ այն բավականին խորն է լինում:

Այդ պահին կրկին նայում է դեպի վեր ու Հիսուսին տեսնում:

Հիսուս հարցնում է` մի պարան երկարելով դեպի երիտասարդը.

- Այդ ի՞նչ ես անում.

- Տե՛ր, այդ Դու էիր վաղ առավոտյան ինձ հարցնում, թե ինչ եմ անում: Ների՛ր ինձ. չճանաչեցի Քեզ... շատ էի զբաղված...

Երբեմն քրիստոնյաները չափից ավելի տարվում են հոգևոր փորձառություն ձեռք բերելու, քրիստոնեական ծառայություն իրագործելու համար` մոռանալով, որ Հիսուս ասում է, թե եղեք կատարյալ, ինչպես Ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ և մարդուց կատարյալ գործեր ու ծառայություն չի պահանջում, այլ կամենում է, որ մարդ իր հոգևոր էությունը կատարյալ դարձնի:

Իսկ սատանան աշխատում է մարդուն գցել մեղքի մեջ, մանավանդ քրիստոնեական մեծ տոների հիշատակության ժամանակ, որպեսզի մարդուն, մանավանդ նրան, ով ձգտում է կատարյալ գործեր անել, ավելի դատապարտի ու անարժան համարի ու հուսալքության մատնի: Քրիստոսի համար ավելի կարևոր ենք հենց ինքներս` մենք, քան մեր ծրագրավորված գործերն ու նպատակները: Ի՞նչ արժեք ունի, եթե ամբողջ աշխարհը շահենք, բայց մեր անձը կորցնենք...

 

Հովհաննես Մանուկյան

 

17.05.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․