13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
«Ոչ մի մարդ երբեք այնպես չի խոսել, ինչպես այն մարդը» (Հովհ․ 7․46)։
Հիսուսի աստված-մարդկային բնության վարդապետական հարցը բազմաթիվ երկպառակտությունների և հերձվածների առաջացման առիթ է տվել Եկեղեցու ծոցում, և այդ տարաձայնությունները, դժբախտաբար, տակավին շարունակվում են։
Անշուշտ պիտի գա մի այնպիսի ժամանակ, երբ կդադարեն դավանաբանական ու վարդապետական վիճաբանությունները, և բավական կլինի Հիսուսի աստված-մարդկային բնությունը բացատրել միայն Ավետարանի խոսքերով, որոնք պարզ են և հասկանալի։
Բայց և Հիսուսի անձին առնչվող մի հանգամանք կա, որի վերաբերյալ բոլորը համակարծիք և գաղափարապես համերաշխ են․ Հիսուսի բարոյական գեղեցկությունն է դա, որի վերաբերյալ որևէ խնդիր ու վեճ չկա, և ամենքը միաբան են, բոլորի մտքերը հասկանալի են մեկմեկու, բոլորի սրտերը մոտ են իրար։ Մինչև իսկ հերձվածող կամ հերետիկոս համարվածներն իրար ձեռք են մեկնում այդ կետում, և այդ միաբան համաձայնությունից երկինք է բարձրանում քաղցրագույն ու ներդաշնակ մի երգ՝ ի փառաբանություն նազովրեցի հյուսնի՝ Հիսուսի։
Միասին մոտենանք այս չքնաղ անձնավորությանը, այս վեհափառ ու պանծալի կերպարին, այս փառատեսիլ ու լուսեղեն ցոլքին, երկնային քաղցրության այս մարմնացումին և լսե՛նք նրան, ու դուք կհամոզվեք, որ Նրա անձի մեջ մարդկային նկարագրից անհամեմատ ավելի վեր մի բան կա։
Հիսուսի խոսքերի մեջ ուշագրավ է նախ և առաջ այն, որ դրանք պարզության ու ճշմարտության անկրկնելի կնիքն են կրում։ Նա երկնային հարցերի մասին խոսում է շա՜տ բնական եղանակով, առանց այլայլվելու, առանց շվարելու, առանց ճիգի։ Հիսուս հոգևոր իրականության մասին խոսում է շա՜տ հարազատությամբ՝ ասես Նա ապրել է այնտեղ։
Հիսուս բնության տեսարաններից համեմատական պատկերներ է վերցնում աստվածային խորհուրդները բացատրելու համար։ Հոսող ջրի, երգող թռչնի, փթթող ծաղկի, ծլարձակող ճյուղի՝ բնության այս բոլոր երևույթների միջոցով Նա մեզ առաջնորդում է դեպի Երկինք, դեպի Աստված։
Իրեն ջուր տվող սամարացի կնոջ հետ խոսում է հավիտենական կյանք պարգևող կենդանի ջրի մասին։ Ուտելու պահանջին ի պատասխան աշակերտներին ասում է, որ Իր կերակուրը երկնավոր Հոր կամքը կատարելն է։
Ցորենի արտի առջև, երբ մոտ էին հունձքի օրերը, Հիսուս խոսում է հոգիների հունձքի մասին։ Անպտուղ ծառի առջև խոսում է ամուլ բարեպաշտության ունայնության մասին։ Հավատքի վերաբերյալ ամենավսեմ գաղափարները շա՜տ բնականորեն հասկանալի և դյուրամատչելի է դարձնում անգամ ամենատկար միտք ունեցողների համար։
Օրինակ՝ նախախնամության մասին խոսելով՝ Հիսուս այն նկարագրում է առհասարակ ամենքին ծանոթ և հայտնի բնութագրիչներով․ «Նայեցե՛ք երկնքի թռչուններին. ո՛չ վարում են, ո՛չ հնձում և ո՛չ էլ շտեմարանների մեջ հավաքում, և ձեր երկնավոր Հայրը կերակրում է նրանց. չէ՞ որ դուք ավելին եք, քան նրանք: Եվ արդ, ձեզնից ո՞վ կարող է հոգս անելով՝ իր հասակի վրայ մեկ կանգուն ավելացնել: Եվ հագուստի համար ինչո՞ւ եք հոգս անում. նայեցե՛ք վայրի շուշանին, ինչպե՜ս է աճում. ո՛չ ջանք է թափում և ո՛չ հյուսում: Ասում եմ ձեզ, որ Սողոմոնն իսկ, իր ամբողջ փառքի մեջ, չհագնվեց նրանցից մեկի նման: Իսկ եթե դաշտի միջի խոտին, որ այսօր կա և վաղը հնոց կնետվի, այդպե՛ս է հագցնում Աստված, որքա՜ն ևս առավել՝ ձե՛զ, թերահավատնե՛ր» (Մատթ․ 6․26-30)։
Յուրաքանչյուր մարդու խոսքից կարելի է ենթադրել նրա նախապատվությունների կամ մասնագիտության մասին, քանի որ իրեն հարազատ հարցերի վերաբերյալ մարդ խոսում է բնականորեն, առանց դժվարություն ունենալու։ Զինվորը շատ բնականորեն է խոսում իր մասնակցած պատերազմների, վաճառականը՝ առևտրական գործառնությունների, վեհապետն՝ իր թագավորության մասին։
Հիսուս մարդկանց միջից միակն է, ով հոգևորի ու երկնայինի մասին խոսում է առանց ճիգ գործադրելու, այնքա՜ն դյուրությամբ և բացատրելու այնպիսի եղանակով, որն ինքնին ապացուցում է, որ Հիսուս երկնային էակ է և երկնային ներշնչանք ունի, որ մոտից ճանաչում է հոգևոր աշխարհը, տեսնում է, թե ինչ է կատարվում այդ աշխարհում և մշտապես հաղորդակցության մեջ է երկնքի հետ։
Հիսուսի բարոյական հեղինակությունից բխող իմաստալից և տրամաբանական խոսքերի գերազանցությունն անմիջապես ի հայտ է գալիս, երբ Նրա խոսքերը բաղդատում ենք մարդկանց խոսքերի հետ։ Հարցնում եմ ձեզ, թե դուք ի՞նչ կխոսեիք, օրինակ, «շնացող կնոջ» հարցի վերաբերյալ, երբ ձեզ խնդիրը ներկայացվեր այնպես, ինչպես ներկայացվեց Հիսուսին։ Պատմեմ ձեզ այդ կնոջ դեպքը, և դուք խորհրդածեք, թե ինչ պատասխան կարող էիք տալ։
Հիսուսի թշնամիները, կամենալով Նրան թակարդը գցել և ամբաստանության նյութ ունենալ նազովրեցի հյուսնի մասին, Հիսուսի առաջ են բերում շնության մեջ բռնված մի կնոջ (տե՛ս Հովհ․ 8․1-11)։
Համաձայն Մովսիսական օրենքի պետք էր քարկոծել այդ կնոջը, մինչդեռ հռոմեական քաղաքային օրենքն արգելում էր նմանատիպ պատիժը։ Արդ, փարիսեցիները Հիսուսին հարցնում են, թե Նա ի՞նչ է մտածում այդ թշվառական կնոջը պատժելու վերաբերյալ․ նրան պետք էր դատապարտե՞լ, թե՞ պետք էր ներել, կամ ի՞նչ կարգադրություն պետք էր անել։
Փարիսեցիները կարծում էին, որ ինչ էլ լիներ Հիսուսի պատասխանը, նրանք կկարողանային ամբաստանության առիթ գտնել։ Եթե Հիսուս շնացող կնոջ հանդեպ ներողամտաբար վարվեր, ապա դուրս եկած կլիներ Մովսեսի օրենքի դեմ և իբրև օրինազանց կամբաստանվեր հրեաների ատյանի առջև։ Իսկ եթե դատապարտելի համարեր կնոջ արարքը, ոտնահարած կլիներ հռոմեական օրենքը, և Նրան իբրև օրենքն արհամարհողի կամբաստանեին քաղաքային դատարանի առջև։
Այժմ ինքներդ ձեզ դրե՛ք Հիսուսի տեղը և փորձե՛ք պատասխան գտնել այդ դժվարին ու անելանելի կացությունից դուրս գալու համար։ Ինչպե՞ս խուսափել այդ կրկնակ ծուղակից։ Չգիտեմ, թե ձեր պատասխանն ինչպիսին կլիներ, բայց ահա՛ Հիսուսի պատասխանը․ «Ձեր միջից անմե՛ղը նախ թող քար գցի դրա վրա»։
Այս պարզ խոսքով Հիսուս ոչ միայն լիովին հավատարիմ է մնում իր նախնիների օրենքին և միաժամանակ ցույց է տալիս իր հնազանդությունը քաղաքային իշխանության հանդեպ, այլև ամբաստանողներին դեմ հանդիման է կանգնեցնում իրենց խղճի առջև և նրանց ենթարկում խղճի ծանր հանդիմանության ու դատապարտության։
Երբ փարիսեցիները լսում են այս խոսքը, ինչպես ասում է ավետարանիչը․ «իրենց խղճից հանդիմանված»՝ մեկ առ մեկ հեռանում են, իսկ Հիսուս ասում է այդ կնոջը․ «Ես էլ քեզ չեմ դատապարտում. գնա՛, այսուհետև մի՛ մեղանչիր»։
Հիսուսի այս պատասխանում մտքի պատրաստականության, խոհեմության, գթության, դատողության, նրբանկատության այնպիսի հրաշալի լույս կա, որ անկարելի է դա սովորական մարդու խոսք համարել, և ձեզնից որևէ մեկն էլ չէր կարող մի այդպիսի պատասխան տալ։
Հիսուսի թշնամիները ուրիշ առիթներով ևս կնճռոտ հարցադրումներ էին անում՝ հուսալով, որ Նրա տված պատասխաններից կարող էին ամբաստանություն «կորզել»։ Օրինակ՝ հարցնում են․ «Ի՞նչ իշխանությամբ ես Դու այդ անում, և ո՞վ տվեց Քեզ այդ իշխանությունը» (Մարկ․ 11․28, Մատթ․ 21․23, Ղուկ․ 20․2)։ Նաև հարցնում են․ «Օրինավո՞ր է հարկ տալ կայսրին, թե՞ ոչ․ տա՞նք, թե՞ չտանք» (Մարկ․ 12․14, Մատթ․ 22․17, Ղուկ․ 20․22)։
Այս և այսպիսի միտումնավոր ու նենգամիտ հարցադրումներին Հիսուս այնպիսի պատասխաններ է տալիս, որ Իր հակառակորդներին լռության մատնելուց զատ նաև նրանց զենքերն իրենց իսկ դեմ է ուղղում։
Հիսուսի խոսքերում ուշադրություն է գրավում հատկապես անսեթևեթ բնականությունը։ Այնտեղ երբեք փառասիրական շեշտադրություն, բռնազբոսիկ ոճ և արհեստականություն չեք տեսնի։ Հիսուս չի խոսում իբրև իմաստասեր, այլ խոսում է պարզ, շա՜տ պարզ եղանակով, իբրև սրտակից, իբրև մտերիմ ու բարեկամ, իբրև անձնվեր եղբայր։ Խոսում է այնքա՜ն հասկանալիորեն, որ ամենատգետն անգամ կարող է ըմբռնել Նրա աստվածային վսեմ լեզուն։
Նույնիսկ Իր վշտի մեջ Հիսուս չի կեղծում ու չի դրսևորում ո՛չ ստոյիկյան անզգայություն, ո՛չ հերոսի հպարտ արիություն։ Նա նախընտրում է տառապել մարդկության փրկության համար՝ առանց հռչակելու Իր անձնազոհության արժեքը։ Հիսուս միշտ խոնարհ է, միշտ պարզ, մշտապես ճշմարտության ու բնական խաղաղության մեջ։
Ոմանք, ընդունելով Հիսուսի անհամեմատ իմաստալից խոսքերի գերազանցությունը մեր մարդկային խոսքերի հանդեպ, այնուամենայնիվ ասում են, որ անշուշտ աշխարհում ապրել են այնպիսի մարդիկ, որոնք իրենց իմաստությամբ և առաքինությամբ նույնքան հիացնող խոսքեր են արտաբերել։ Այս առարկությանը պատասխանելու համար ինձ պարտական եմ զգում մեջբերել նախ ստոյիկյան մի իմաստասերի, ապա նաև առաքինի նկատված մի հերոսի «հռչակավոր, հիշարժան ու հիացնող» խոսքերը։
Արդ, նախ լսենք ստոյիկյան փիլիսոփայի՝ տառապանքի ժամանակ հնչեցրած խոսքերը։ Անշուշտ կարդացել եք ստոյիկյան իմաստասերի այդ պատմությունը, ըստ որի՝ նա իր անողոք տառապանքի ժամանակ, կրած ցավերին կարևորություն չտալով, հաղթականորեն գոչում էր․ «Ո՜վ տառապանք, դու երբևէ չես կարող խոստովանել, որ դու չարիք ես»։
Ուշադրությամբ քննելով այս խոսքը՝ պիտի տեսնեք, որ այն այնքան էլ հիացնող խոսք չէ, ինչպես կարծում են։ Առանց վարանելու սրբեցե՛ք այդ խոսքի վրայից փայլփլուն «շպարը» և ներթափանցե՛ք այդ բառերի խորքերը, ու այնտեղ պիտի տեսնեք հպարտություն, «ես»-ը փառավորելու և սեփական անձի մասին խոսեցնելու ծարավ։
Այնտեղ կգտնեք նաև մի բան, որ դեմ է բնությանը, այնտեղ կեղծի՛ք կգտնեք։ Այդ խոսքերի հեղինակն իզուր ճգնում է խաբել ուրիշներին, նա ստիպված է բոլոր մարդկանց նման իր գլուխը խոնարհեցնել տառապանքի երկաթե շղթայի տակ, և նույնիսկ ցավի այն աղաղակը, որ նա արձակում է, բացահայտ խոստովանություն է, որ տառապանքի չարիքի դեմ դարման չկա, ինչքան էլ որ նա ցանկանում է ներկայացնել իրեն իբրև այդ չարիքն արհամարհող մեկը։
Տեսնենք նաև, թե ինչ է ասում հերոսական կերպարը մահվան ժամանակ արյուն հեղելով: Մտքով փոխադրվենք Թերմոպիլեի արյունալից ճակատամարտ: Երբ անհավասար ուժերի մարտն իր ավարտին է հասնում, և Սպարտայի աներկյուղ զավակներն իրար հետևից անխնա կոտորվում են, ահավասիկ նրանցից մեկը, հակառակ ծանր վիրավոր լինելուն, քարշ գալով մոտենում է մի ապառաժի և, թրի ծայրը թաթախելով իր վերքերից հոսող արյան մեջ, ապառաժին մակագրում է այս խոսքերը. «Անցո՛րդ, գնա՛ և Լակեդեմոնին ասա՛, որ մենք այստեղ մեռանք մեր օրենքին հնազանդվելու համար»:
Այս խոսքերն անտարակույս գեղեցիկ, հուզիչ և ցնցող են: Դրանք կրում են քաջասիրտ հոգու դրոշմը: Բայց այդ արիության մեջ մի՞թե չեք տեսնում խռովահույզ պատերազմի վրդովմունքը, շինծու, հափշտակիչ և բորբոքուն մի բան: Չե՞ք կարծում, որ պիտի դրսևորվեր մի ուրիշ տեսակի արիություն՝ ճշմարիտ արիությունը, որն ունեցող մարդն ավելի հանդարտ է և իր անձի տերն է: Եվ հետո, չե՞ք տեսնում հպարտության շեշտ, որով «հայտարարվում» է սեփական կյանքը հայրենիքի փրկության համար զոհաբերելը:
Հիմա, ո՜վ հավատացյալներ, մի կողմ թողնենք անզգա ստոյիկյանին, որն ուզում է աշխարհին տեղեկացնել իր՝ տառապանքը արհամարհելու մասին, մոռանանք պատերազմի հերոսին, որը գոչում է օրենքին հնազանդվելու մասին, և մտաբերենք Գողգոթայի բարձունքում նահատակվողի՝ երկու ավազակների միջև խաչ հանված Սրբի ու Արդարի՝ Նազովրեցի Հիսուսի՝ կսկծալի տառապանքի պահին արտաբերած խոսքերը: Հակառակ Իր շուրջը տիրող ալեկոծ և խռովահույզ վիճակին, հակառակ իր թշնամիների կողմից ստացած աներևակայելի նախատինքներին Հիսուս չի կորցնում Իր մաքուր ու ջինջ հայեցակետը, գթությունը, սերը, և ահա, ներդաշնակ ու զգայուն խաղաղությամբ լցված, այս խոսքերով Աստծուց ներում է խնդրում զարհուրելի ոճրագործների համար. «Հայր, ների՛ր նրանց, քանի որ չգիտեն, թե ինչ են անում» (Ղուկ. 23.34):
Լսելով այս խոսքերը մարդ ոչ միայն հիանում, այլև ծնրադրում ու երկրպագում է Խոսողի առջև՝ գոչելով. «Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ»: Հիսուս տառապանքի մեջ ոչ միայն չի կորցնում Իր բարոյական արիությունը, այլև աղոթում է Իր թշնամիների համար: Ի՜նչ վսեմ գթություն ու սքանչելի խոսքեր նույնիսկ տառապանքի ու ցավերի ժամանակ:
Ո՜վ հավատացյալներ, եթե անտարբեր ստոյիկի և սպարտացի քաջարի մարտիկի խոսքերը հերոսական խոսքեր են, ապա Հիսուսինը աստվածային, երկնային խոսքեր են. «Ոչ ոք երբեք այս մարդու պես չի խոսել»:
Հիսուսի խոսքերի վերաբերյալ մեր քննությունը մի փոքր էլ առաջ տանենք և այս անգամ Նրա խոսքերը բաղդատենք ոչ թե սխալական կամ իմաստնագույն մարդկանց, այլ այնպիսի մարդկանց խոսքերի հետ, որոնք համարվում են ներշնչված: Արդ, համեմատությունը ցույց է տալիս, որ թեպետև Տերը և աշակերտները առաջնորդվում էին աստվածային միևնույն հոգով, սակայն վերջինները ավելի նվազ ուժ, ավելի քիչ զորություն ունեին իրենց խոսքերի մեջ:
Մինչդեռ Տերը աստվածային հոգու ամբողջության լիիրավ տերն է: Մի օրինակի օգնությամբ դա կկարողանամ ապացուցել ձեզ: Լսենք Հիսուսին և Նրա մեծ առաքյալ Պողոսին, և տեսնենք, թե նրանք հուզումնալից իրավիճակներում ինչպես են արտահայտվում:
Նախ դիտենք Հիսուսին: Աննա քահանայապետի ապարանքում, ուր կապված տարվել էր Հիսուս, հարցաքննության ժամանակ ծառաներից մեկը նվաստացուցիչ ձևով և անողոքաբար ապտակում է Նրան: Հիսուս, դիմելով ապտակող ծառային, շատ հանդարտորեն, բարկությունից ու արհեստականությունից զուրկ խոսքով բավական է համարում ասել միայն հետևյալը. «Եթե վատ խոսեցի, վկայի՛ր վատի մասին, իսկ եթե լավ՝ ինձ ինչո՞ւ ես խփում» (Հովհ. 18.23):
Ո՜վ հավատացյալներ, ուշադրություն դարձրեք ոչ միայն չափավորությանը, գթությանը և սիրուն, այլև այս պատասխանի ճշգրտությանը, կատարյալ պատշաճությանն ու վայելչությանը, միաժամանակ նաև քաղցրությանն ու հաղթական շեշտադրությանը, որից միայն հանցավորն իրեն մեղավոր է զգում:
Իսկ այժմ դիտարկենք Պողոս առաքյալի լեզուն բոլորովին նույնանման պարագայում: Հրեաների ատյանի առջև առաքյալը հազիվ էր սկսել խոսել իրեն պաշտպանելու համար, երբ Անանիա քահանայապետը ծառաներից մեկին հրամայում է ապտակել նրան:
Առաքյալը, անարդարացիորեն նախատված զգալով իրեն, չի կարողանում հանդուրժել այս անարգանքը, շրջվում է դեպի քահանայապետը և վրդովված ասում. «Աստված է քեզ խփելու, սպիտակեցրա՛ծ պատ: Եվ դու նստում ես, որ օրենքի համաձայն ինձ դատես, մինչդեռ հրամայում ես, որ օրենքից դուրս ինձ հարվածեն» (Գործք. 23.3):
Տեսե՛ք, Հիսուսի խոսքում կրքի նշույլ իսկ չկա, և դա ամենանշանակալի բնութագրիչն է, որով զատորոշվում են Հիսուսի խոսքերն առաքյալների խոսքերից: Սակայն պետք է հավելել, որ Հիսուսի խոսքերում չեք կարող հատուկ և որոշակի նկարագիր գտնել: Բացարձակապես անկարելի է ասել, թե որն է Հիսուսի ոճը: Պողոս, Պետրոս, Հովհաննես առաքյալներն ունեն իրենց լեզվի ինքնահատուկ ոճը, բայց Հիսուս բնավ չունի: Իսկ մարդու խոսքի ոճն այլ բան չէ, եթե ոչ նկարագրի արտացոլանքը:
Քրիստոս խոսքի ոճ չունի, քանի որ չունի նաև նկարագիր՝ բառի սովորական իմաստով: Ո՞վ կարող է ասել, թե որն էր Հիսուսի նկարագիրը: Խստությո՞ւնը, պահանջկոտությո՞ւնը. բայց Նա ինչպիսի՜ կատարյալ խանդաղատանք է ցուցաբերում Իր աշակերտներին հրաժեշտ տալու ժամանակ:
Գուցե քաղցրությունն ու ներողամտությո՞ւնը. սակայն ինչպիսի՜ ցասում և սաստկություն կա փարիսեցիներին ուղղված Նրա մեղադրանքներում: Հիսուսի անձի նկարագրի այս բացակայությունը նշանակն է Նրա անձի կատարելության, քանի որ մարդու նկարագիրն այլ բան չէ, եթե ոչ այսինչ կամ այնինչ զգացումի կամ կարողության նախապատվությունը:
Հիսուսի անձում մարդկային բոլոր կարողություններն իրենց կատարելության աստիճանին են հասած, հետևաբար կարող ենք ասել, որ Նա չունի նկարագիր՝ բառի սովորական իմաստով: Հիսուս ունի միաժամանակ բոլոր նկարագիրները՝ ներդաշնակորեն զուգախառնված:
Հիսուս խորհրդավոր համաձայնությամբ Իր անձում ամփոփում է բոլոր առաքինությունները, որոնք թերևս մեզ թվային միմյանց հակասող. մանկան պարզությունը, թագավորի վեհանձնությունը, փիլիսոփայի հանդարտությունը, մարտիրոսի աստվածատուր ավյունը, կնոջ փափկությունը, պատերազմամարտիկի արիությունը:
Նաև Նրա լեզուն օժտված է զանազան ընտրյալ հատկություններով, որոնք հրաշալիորեն միանում և մաքրամաքուր ճերմակություն են արտացոլում: Հիսուսի կյանքում, ինչպես Նրա խոսքերում, երևում են ի մի հավաքված բոլոր առաքինություններն ու առավելությունները, և թեև մեր աչքին դրանք միմյանց հակառակ և վանող են թվում, թեև իշխանական շեշտադրության կողքին պարզության ոգին, վեհափառության կողքին խոնարհության, խստության մեջ քաղցրության, սրբության մեջ հարազատության շունչը, թեև պրիզմայում ցոլացող բազմերանգ յոթ գույները՝ կարմիրը, կանաչը, դեղինը, նարնջագույնը, կապույտը, մանուշակագույնն ու երկնագույնը, բոլորովին միմյանց հակընդդեմ, փայլուն և գրավիչ գույներ են, սակայն իրար միանալով ստեղծում են կատարյալ ու ձյունաճերմակ ներդաշնակություն, որն արտահայտվում է Նրա խոսքի սրբությամբ, աստվածայնությամբ, սրտի և հոգու լուսալիր ցոլքով:
Հիսուսի խոսքերն անհամեմատելի են որևէ մարդու, որևէ իմաստասերի, որևէ առաքյալի և վերջապես որևէ հրեշտակի խոսքերի հետ: Երբ Հիսուս խոսում է, մարդ զգում է, որ Աստված է խոսողը: Նրա խոսքերում կյանք կա, կյանք, որը զորացնում, լիացնում ու ոգևորում է:
Հիսուսի խոսքերը խղճեր են շարժում, առինքնում են սրտեր: Նրա խոսքերը անպատմելի խաղաղություն են բերում ամենախռովված մտքերին, ուժ և սրբություն են տալիս դյուցազուն հոգիներին:
Եթե խռովված եք աշխարհի հոգսերով, Հիսուս ձեզ ասում է. «Դու հոգս ես անում և շատ բաներով ես զբաղված, բայց այստեղ քիչ բան է պետք» (Ղուկ. 10.41-42), քանի որ «ի՞նչ օգուտ կունենա մարդ, եթե այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կործանի» (Մատթ. 16.26), այլ «նախ խնդրեցե՛ք Աստծու արքայությունը և Նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա» (Մատթ. 6.33):
Եթե ծարավի եք երջանկության, բայց հակառակ ձեր փնտրտուքին այն չեք կարողացել գտնել հաճույքի, դրամի, ցանկությունների մեջ, Հիսուսի խոսքերը ձեր պապակած հոգուն զովարար և հագեցնող ջուր կտան. «Եթե դու գիտենայի՜ր Աստծու պարգևները, և թե ով է, որ քեզ ասում է՝ «Ինձ խմելու ջուր տուր», գուցե ինքդ արդարև Նրանից կուզեիր, և Նա քեզ կենդանի ջուր կտար»: Կինը Նրան ասաց. «Տե՛ր, սակայն Դու դոյլ իսկ չունես, և այս ջրհորը խորն է. ուրեմն Դու որտեղի՞ց կունենաս կենդանի ջուր: Միթե դու ավելի մե՞ծ մեկն ես, քան մեր հայրը՝ Հակոբը, որ այս ջրհորը մեզ տվել է և ինքն էլ խմել է սրանից. նաև՝ իր որդիներն ու իր հոտերը»:
Հիսուս նրան պատասխանեց և ասաց. «Ով որ այս ջրից խմի, նորից կծարավի, բայց ով որ խմի այն ջրից, որ Ես եմ տալու նրան, հավիտյան չպիտի ծարավի: Իսկ այն ջուրը, որ Ես նրան տալու եմ, նրա մեջ կլինի բխող ջրի աղբյուր հավիտենական կյանքի համար» (Հովհ. 4.10-14):
Եթե դուք ընկճված եք ու հեծեծում եք աշխարհի ցավերի և վշտի ծանր հարվածների ներքո, Հիսուս ձեզ պիտի ասի. «Եկե՛ք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ» (Մատթ. 11.28), «և Ես պիտի աղաչեմ Հորը, և Նա մի այլ Մխիթարիչ պիտի տա ձեզ, որպեսզի հավիտյան ձեզ հետ բնակվի. Ճշմարտության Հոգին, որին այս աշխարհը չի կարող ընդունել, որովհետև Նրան չի տեսնում և Նրան չի ճանաչում, բայց դուք ճանաչում եք Նրան, որովհետև ձեզ մոտ պիտի բնակվի և ձեր մեջ պիտի լինի» (Հովհ. 14.16-18):
Եթե կորցրել եք ձեր սիրելիին՝ հորը կամ մորը, ձեր եղբորը, քրոջը, ամուսնուն կամ զավակին, և արցունք եք հեղում նրա գերեզմանի վրա, ահավասիկ լսեցե՛ք, թե ինչ է ասում Հիսուս. «Աղջիկը ոչ թե մեռած է, այլ ննջում է» (Մատթ. 9.24), «Քո եղբայրը հարություն կառնի» (Հովհ. 11.23), «Ես իսկ եմ հարություն և կյանք. ով հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կապրի, և ով կենդանի է ու Ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի» (Հովհ. 11.25-26): «Իմ Հոր տան մեջ բազում օթևաններ կան, թե չէ Ես ձեզ կասեի, որ գնում եմ ձեզ համար էլ տեղ պատրաստելու. և եթե գնամ ու ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ և ձեզ կվերցնեմ Ինձ մոտ, որպեսզի, ուր Ես լինեմ, դուք ևս այնտեղ լինեք: Եվ թե ուր եմ գնում, այդ գիտեք, գիտեք և ճանապարհը» (Հովհ. 14.2-4):
Եթե մեղքերը ձեզ ընկճում են, և դուք ձեր ջանքերով չեք կարողանում հաղթահարել դրանք ու ամեն անգամ պարտվում եք, ահա՛ թե ձեզ ինչ է ասում Հիսուս. «Մարդու Որդին չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու և Իր կյանքը տալու շատերի փոխարեն իբրև փրկագին»: «Եվ ինչպես որ Մովսեսը անապատում բարձրացրեց օձը, այնպես էլ մարդու Որդին պետք է բարձրանա, որպեսզի, ով Նրան հավատում է, հավիտենական կյանքն ընդունի, քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի, ով Նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հովհ. 3.14-16):
Այստեղ կանգ եմ առնում, չնայած դեմ չէի լինի հիշատակել Հիսուսի բոլոր խոսքերը, որոնք պատշաճում են մեր զանազան կարիքներին, բայց այդ դեպքում հարկ կլիներ հիշատակել Ավետարանի բոլոր համարները:
Այդ աշխատանքի շարունակությունը պետք է դուք անեք, իմ ունկնդիրնե՛ր, եթե, իհարկե, ուզում եք կենսական օգուտ քաղել Ավետարանից: Բավարար չէ հիացում հայտնել Հիսուսի խոսքերի աստվածային նկարագրի վերաբերյալ, այլ հարկ է, որ այս սրբավայրից մեկնեք հաստատակամ այն համոզումով, որ ձեր տանը որոշակի ժամերի պիտի ընթերցեք Ավետարանները: Պիտի կարդաք ու վերստին կարդաք, և պետք է փորձեք ըմբռնել ավետարանական խոսքերի նշանակությունը: Այնժամ իրապես կհամոզվեք, որ Հիսուս Աստծու Որդին է, Աստված հայտնվել է Նրան:
Խոսքը հոգու «հավատարիմ» հայելին է, և Հիսուսի հոգում տեսանելի է Աստծու հոգու իմաստության, գթության, սրբության ու արդարության արտացոլանքը:
Բավարար չէ հիացում հայտնել Հիսուսի խոսքերի աստվածային նկարագրի վերաբերյալ, այլ պետք է վարժեցնենք մեր խոսքերը, որպեսզի դրանք Հիսուսի խոսքերի պես սուրբ, բարի, իմաստուն և արդար լինեն: Մեր խոսքերին շղթայված է ինչպես մեր, այնպես էլ մեր շուրջը եղողների կյանքը: Տեսե՛ք, հրամանատարի կարճ ու կտրուկ խոսքի զորությամբ շարժման մեջ են դրվում մարդկային զանգվածներ, որոնք վերիվայր շրջում են թշնամու ծրագրերը: Հաճախ ժողովրդի ճակատագիրը կախված է լինում հրամանատարի այդ մեկ բառից:
Ահավասիկ նաև մի զույգ մաքուր հոգի, որ իրար նոր ճանաչած, գրավիչ խոսքերով խանդավառում են միմյանց, և այդ խոսքերը երջանկության աղբյուր են լինում և ամրապնդում են սրտերի կապը: Ահա նաև մի մայր, որն իր մանկան, իր սրտի կտոր զավակի օրորոցի վրա խոնարհված ուրախ շուրթերով բարբառում և ոգևորում է մանկանը՝ նրա հոգում ազնիվ ուժեր արթնացնելով, ու այդպիսով հետզհետե ձևավորում է նաև երեխայի զգացումները, և ահա մանկիկը կենդանի Հոգի է ստանում ու դառնում է արարիչ Աստծու պատկերը:
Ո՜վ հավատացյալներ, անհրաժեշտ է, որ մենք մեր խոսքերում սիրո, զոհողության, արդարության, սրբության և բարության ոգի դնենք, որպեսզի մեր խոսքերով կազդուրիչ դեր կատարենք մեր շուրջը գտնվող մարդկանց համար, և երբ մեզ ունկնդրեն, մեր խոսքերի մեջ զգան շունչն ու ոգին Հիսուսի աստվածային խոսքերի, որ մշտապես և դարեդար պիտի լինեն աստվածային, գերազանց ու աննման խոսքեր:
Տեր Ղևոնդ եպս. Դուրյան, «Պարզ քարոզներ», Դ հատոր, Փարիզ, 1929 թ.
Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը