Մի անգամ չորս սկյութիացիներ գնացին երանելի հայր Պամբոյի մոտ: Նրանք կաշվե զգեստներ էին հագել, և նրանցից յուրաքանչյուրը պատմեց իր հետ այնտեղ եղող ընկերոջ առաքինությունները: Նրանցից մեկն անսասան էր պահքի մեջ, երկրորդն անինչ էր, երրորդը հույժ ողորմած էր, իսկ չորրորդի մասին ասացին, թե քսաներկու տարի է, ինչ հնազանդությամբ մնում է ծերի մոտ: Հայր Պամբոն նրան ասաց. «Ահա ասում եմ ձեզ, որ սրա առաքինությունն ամենքինիցդ բարձր է, որովհետև ձեզնից յուրաքանչյուրը, որ առաքինությունը կամեցավ, այն էլ գործադրեց, իսկ սա իր կամքը մերժեց և ուրիշների կամքը կատարեց: Այսպիսիները մարտիրոսներ են, եթե պահեն մինչև վերջ»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016