Երուսաղեմի մոտակայքում՝ մի մեծ և խոր ձորի մեջ, ծովի եզերքին, որտեղ կրոնավորների վանքն էր, կար մի բարձր քարայր: Վանքի կրոնավորներից մի երիտասարդ ցանկացավ բարձրանալ այնտեղ և մենակ բնակվել: Սա աղաչեց վանահորը թույլ տալ իրեն այնտեղ բարձրանալ, իսկ վանահայրն արգելեց և ասաց նրան. «Որդյա՛կ, չես կարող մենակ բնակվել այնտեղ, որովհետև դեռևս ճգնավորական կյանքի մեջ չես ամրացել, քո մտքի չար խորհուրդները չես հնազանդեցրել և մյուս կրոնավորների չափին դեռ չես հասել, բայց մի գործ ես ուզում ձեռնարկել, որ քո կարողություններից չափազանց վեր է: Մի՞թե անտեղյակ ես սատանայի չար հնարքներին և խարդախությանը, թե ինչպես է մարտնչում Աստծո ծառաների դեմ: Ավելի լավ է, որդյա՛կ, եղբայրներիդ սպասավորելով՝ նրանց աղոթքները շահես և նրանց հետ սահմանված ժամերին աղոթքի կանգնես և Աստծուն փառաբանես, քան թե միայնակ՝ քարայրում բնակվես և մարտնչես չար խորհուրդների դեմ, որ չարը սերմանում է մարդկանց մտքերում: Քրիստոս ասաց. «Ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մեջ» (Մատթ. ԺԸ 20), սակայն վա՜յ միայնակին, քանզի եթե ընկնի նեղսրտության մեջ և ձանձրանա իր մտքում, չի լինի մեկը, որ մխիթարի և նեցուկ լինի նրան»: Եվ բազում այլ խրատներ էր տալիս երիտասարդին, սակայն չկարողացավ արգելել այն գործը, որ նա կամենում էր իրագործել, և թույլ տվեց նրան կատարել իր կամքը: Եվ նա այլ կրոնավորների հետ գնաց, դրեցին սանդուղքը, և նա բարձրանալով` բնակվեց այնտեղ, և սանդուղքը վերցրին: Վանահայրը պատվիրեց եղբայրներից մեկին հաց ու ջուր տանել նրան` չափով, իսկ նա կախում էր զամբյուղն ու հանում վերև: Ոչ շատ ժամանակ անց բանսարկուն, որ ի սկզբանե մարդկանց թշնամին էր, սկսեց նեղել նրան չար խորհուրդներով և հպարտություն սերմանել նրա մտքում: Մի օր էլ սատանան այլակերպվեց որպես լուսեղեն հրեշտակ, երևաց նրան և ասաց. «Քո սուրբ ճգնության, անդադար աղոթքների և հրեշտակակրոն վարքի համար Տեր Աստված առաքեց ինձ, որ բնակվեմ քեզ հետ և սպասավորեմ քո սրբությանը»: Մենակյացն ասաց. «Ի՞նչ բարի գործ արեցի, որ հրեշտակն ինձ սպասավորի»: Բանսարկուն ասաց. «Ամեն ինչ, որ անում ես, մեծ է և ընդունելի` Աստծո առաջ, որ թողեցիր երկիրը և նրա բոլոր վայելչություններն ու փափկությունները և վերցրիր քո խաչը, պահքերով ու աղոթքներով գնացիր Քրիստոսի հետևից, և թողնելով վանքը՝ ելար և բնակվեցիր միայն հրեշտակների հետ՝ այս քարածերպ վեմի մեջ. ինչո՞ւ չծառայեն քեզ»: Այսպիսի պատիր խոսքերով տառապյալ մենակյացին գցեց սնափառության մեջ, և ամեն ժամ երևում էր նրան իբրև հրեշտակ և խոսում էր նրա հետ իբրև մարդ: Մի օր գողերը մտան մի մեծահարուստ մարդու տուն, բազում իրեր գողացան և թաքցրին մի ծածուկ տեղում: Այն կողոպտված մարդը տրտմած գնաց մենակյացի մոտ` պատմելու նրան եղելությունը: Մինչ գնում էր, դևն առաջ անցավ նրանից, հասավ քարայր և մենակյացին ասաց. «Մի մարդ է գալիս քեզ մոտ, որի անունը Մարուզան է, և որի տուն գողերը գիշերով մտան, բազում ունեցվածք գողացան և թաքցրին այսինչ տեղում»: Եվ երբ մոտեցավ այդ մարդը քարայրին, ներքևից վերև աղաղակեց և ասաց. «Օրհնի՛ր, հա՛յր սուրբ»: Նա խոնարհվելով՝ այրի անցքից ասաց. «Մի՛ տրտմիր, Մարուզա՛ն, քանզի գողերը, որ գողացան քո ունեցվածքը, թաքցրին այսինչ տեղում. հապշտապ գնա և կգտնես»: Մարդը զարմացավ` իրեն անունով դիմելու և գողության մասին գիտենալու վրա, արագարագ գնաց նշված տեղը և գտավ իր ունեցվածքն ամբողջովին: Եվ ողջ երկրով մեկ համբավեց այդ լուրը, թե այն մենակյացը, որ քարածերպ վեմի մեջ է, սուրբ մարգարե է, և պատմում էր, թե ինչպես նախօրոք ասաց իր անունը, գողերի մասին և թաքստոցի տեղը: Այդ գավառի բոլոր կողմերից կանայք ու տղամարդիկ էին գնում նրա մոտ և իբրև մարգարեից` խոսք էին լսում նրանից, և մեծապես փառավորվեց նրա անունը: Եվ ամենայն ժամ դևերը նրան ասում էին այն, ինչ կատարվելու էր, իսկ նա այդ մասին ասում էր նրանց, ովքեր գալիս էին նրա մոտ: Իսկ վանահայրն ու կրոնավորները մեծապես սքանչանում էին և փառավորում էին Աստծուն, որ այդքան կարճ ժամանակում այդպիսի շնորհներ տվեց մենակյացին: Եվ Տիրոջ համբարձման տոնից երկու օր առաջ երևաց նրան սատանան՝ որպես հրեշտակ, և ասաց. «Իմացի՛ր, հա՛յր սուրբ, որ քո արժանավոր աղոթքների համար այլ հրեշտակներ ևս գալու են քեզ մոտ, որպեսզի քեզ մարմնով բարձրացնեն երկինք, և կտեսնես այն երկնային անպատմելի գեղեցկությունների փառքը, որ Աստված պատրաստել է քեզ համար»: Եվ այս ասելով` որպես թե բարձրացավ երկինք: Իսկ ողորմած և մարդասեր Աստված, որ չկամեցավ նրա այսպիսի ճգնությունների կորուստը, խորհուրդ գցեց նրա սիրտը, որ կանչի վանահորն իր մոտ և ամեն ինչ պատմի նրան: Եվ երբ սպասավոր աբեղան տարավ հացն ու ջուրը, նա խոնարհվեց անցքից և ասաց. «Կանչի՛ր ինձ մոտ վանահորն ու նրա հետևից բե՛ր սանդուղքը»: Եվ երբ նրանք եկան, բարձրացավ վանահայրը մենակյացի մոտ, և միմյանց ողջունելուց հետո վանահայրն ասաց. «Ինչո՞ւ ինձ վերև կանչեցիր»: Մենակյացն ասաց. «Ինչո՞վ հատուցեմ այն ամենի փոխարեն, պատվակա՛ն հայր, որ դու արեցիր իմ անարժանության հանդեպ»: Վանահայրն ասաց. «Ի՞նչ բարի բան եմ արել քեզ, որդյա՛կ»: Եվ նա ասաց. «Բազում և մեծամեծ բարություններ արեցիր մեղսավոր անձիս հանդեպ, քանզի քեզանով առա ճգնավորական հրեշտակակրոն կարգը, քեզանով բնակվեցի բարձր քարայրի մեջ, քեզանով արժանի եղա տեսնելու հրեշտակներին և հարաժամ խոսելու նրանց հետ, և Ձեր աղոթքների շնորհիվ ընկալեցի կանխագիտության և մարգարեության շնորհը»: Եվ լսելով այս խոսքերը` վանահայրը զարհուրանքով ապշեց և ասաց. «Վա՜յ ինձ, որդյա՛կ, ո՜վ դու գերի և թշվառական: Դո՞ւ արժանացար հրեշտակներ տեսնելու և մարգարեանալու: Վա՜յ քեզ, եղկելի՛ և չարաշնո՛րհ, քեզ չէ՞ի ասում` մի՛ ել այս քարայրը, որպեսզի քո մտքերը չմոլորվեն չար դևերից: Վա՜յ քեզ, որ խաբվեցիր սատանայից»: Մենակյացն ասաց. «Այդպիսի բաներ մի՛ ասա ինձ, հա՛յր, որովհետև ես քո աղոթքներով հրեշտակներ եմ տեսնում, և Տիրոջ համբարձման օրը բազում հրեշտակներ են իջնելու և ինձ երկինք են բարձրացնելու մարմնով: Ես Քրիստոսին պիտի տեսնեմ և պիտի աղաչեմ նրան, որ քեզ ևս բարձրացնի այնտեղ, և ինձ հետ վայելես անսպառ ուրախությունները»: Հայրը հարվածեց իր երեսին և ասաց. Դիվահարվեցիր, որդյա՛կ, և ցնորվեց քո խելքը, սակայն ես այստեղից չեմ իջնի, մինչև չտեսնեմ, թե ինչ է լինելու: Ես պիղծ հրեշտակներին չեմ տեսնում, սակայն երբ կգան քեզ մոտ, ասա՛ ինձ»: Եվ ցած խոնարհվելով` սպասավորին պատվիրեց՝ այնտեղից հեռացնել սանդուղքը: Այդ երկու օրը մնաց քարայրում՝ մենակյացի մոտ, և մեծագույն ճգնությամբ աղաչում էր Աստծուն խաբված աբեղայի փրկության համար: Եվ երկու օր հետո եկան դևերը` հրեշտակների տեսքով, և աբեղան ասաց. «Հրեշտակները եկան, հա՛յր»: Եվ նա, իր գիրկն առնելով մենակյացին և ձեռքերով պինդ գրկելով նրա պարանոցը, բարձրաձայն աղաղակեց. «Տե՛ր Հիսուս Քրիստոս և Բա՛ն Աստծո, օգնի՛ր քո մոլորյալ ծառային և մի տո՛ւր բանսարկուի ձեռքը»: Դևերը քաշքշում էին տառապյալ աբեղային և կամենում էին հափշտակել վանահոր գրկից, և նա Աստծո անունով սաստեց նրանց, իսկ նրանք, կորզելով թիկնոցը աբեղայի ուսից, բարձրացրին դեպի վեր և անհետացրին: Երկու ժամ հետո տեսան՝ այն թիկնոցը, որ վերևից էր գալիս, ընկավ և բազմաթիվ մասերի պատռվեց: Եվ վանահայրն ասաց խաբված աբեղային. «Տեսնո՞ւմ ես, ո՜վ տառապյալ, թե դևերն ինչ արին քո թիկնոցի հետ, և նույնը ուզում էին քե՛զ հետ անել, և Սիմոն մոգի պես (Գործք. Ը 9-11, 18-24) ուզում էին քեզ բարձունքներից երկիր տապալել և չարաչար պահանջել քեզանից հոգիդ»: Այնուհետև կանչեց վանահայրը կրոնավորներին և դնելով սանդուղքը` իջեցրեց մենակյացին, տարավ վանք և ծառայության նշանակեց խոհանոցում, որպեսզի սպասավորի եղբայրներին սեղանատանը և թերևս այդպիսով խոնարհեցնի իր հպարտացած միտքը: Եվ պատվիրում էր եղբայրներին` երբեք մտովի չտրվել բանսարկու խաբեբայի պատրանքներին` ո՛չ ցերեկը, ո՛չ գիշերը, որովհետև նա երբեք չի դադարում պատերազմել նրանց դեմ, ովքեր կամենում են ապրեցնել իրենց հոգին:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016