25 Նոյեմբեր, Բշ
Հովհաննես Սաբայիտացին հիշարժան պատմություն պատմեց մեզ. «Ասիայի իմ վանքում (քանզի արդարը այնտեղից էր եկել)»,– ասաց,– «հեռավոր կողմերից եկած մի ծեր էր բնակվում, որը շատ հեղգ և անհագուրդ մեկն էր: Այս ասելով` ոչ թե դատում եմ նրան»,– ասաց, «այլ երևան եմ հանում ճշմարտությունը: Այսպիսի մեկը, չգիտեմ թե ինչպես, աշակերտ ստացավ մի երիտասարդ տղայի, որի անունն էր Ակակիոս, ով մանկությունից ի վեր ընթանում էր մաքուր վարքով և իմաստուն խորհրդով: Հենց այդպիսին էր, որ այս ծերին համբերում և հնազանդվում էր, որովհետև բազում գործերի մեջ նա հավասար էր անհավատներին, քանզի ոչ միայն անարգանքներով և անպատվությամբ, այլև գանահարելով՝ ամեն օր տանջում էր Ակակիոսին, իսկ նա համբերում էր այս անարգ ծերին և նրա անողորմ բարքին, որովհետև տրտունջի մի խոսք անգամ չէր հանում իր բերանից: Իսկ ես ամեն օր տեսնում էի նրան՝ որպես մի գնված ծառայի՝ չարչարանքների մեջ: Մի օր հանդիպելով նրան` ասացի. «Ի՞նչ կա, եղբա՛յր Ակակիե, ինչպե՞ս ես այսօր»: Եվ նա, որպես թե Տիրոջից ստացած՝ ինձ ցույց տվեց աչքի կապտուկները, գանահարված ու վիրավորված գլուխն ու պարանոցը: Եվ ես հասկացա, որ վաստակաշատ է երիտասարդը, և ասացի նրան. «Բարի՛, բարի՛, համբերի՛ր և մեծապես կշահես»: Եվ ինը տարի մնաց նա այնտեղ՝ այն անողորմ ծերի մոտ, և չհեռացավ նրա մոտից և այդպիսի տանջանքների մեջ լինելով հանդերձ՝ երբեք անհնազանդ չեղավ»: Եվ ինը տարի հետո փոխվեց առ Տեր, և նրան թաղեցին հայրերի գերեզմանում: Եվ հինգ օր անց այս ծերը, որ Ակակիոսի վերակացուն էր, գնաց մեծ վերակացուի մոտ և ասաց նրան. «Հա՛յր, մեր եղբայր Ակակիոսը մեռավ»: Ծերն ասաց. «Հավատա՛, եղբա՛յր, չեմ հավատում, թե Ակակիոս եղբայրը մեռավ»: Սա նրան ասաց. «Ե՛կ և տե՛ս, հա՛յր, որ չեմ ստում»: Եվ վեր կենալով ծերը հապշտապ գնաց դեպի գերեզմանը և ասաց. «Ա՞յս է Ակակիոսի գերեզմանը, որին մեռած ես համարում»: Նա ասաց. «Այո՛, հա՛յր, այս է»: Իսկ մեծ վերակացու ծերը ձայնեց ճշմարիտ ննջեցյալին՝ որպես ողջի, և ասաց. «Եղբա՛յր Ակակիե, մեռա՞ր»: Իսկ նա, որ բարեմիտ էր և լսող, հետմահու ևս ցուցաբերեց իր հնազանդությունը և մեծին պատասխանեց. «Հա՛յր, ինչպե՞ս կարող են հնազանդություն ունեցող մարդիկ մեռնել»: Այնժամ մեծն ասաց այն ծերին. «Ո՜վ դու, տե՛ս, որ չի մեռել հնազանդության որդին, և ինչպե՞ս դու մեռած համարեցիր ճշմարիտ հնազանդության կենդանի նահատակ՝ երանելի երիտասարդ Ակակիոսին»: Այնժամ Ակակիոսի նախկին վերակացու ծերը, ահով բռնված, արտասուքներով ընկավ իր երեսի վրա, դառնապես լաց եղավ և ասաց հայրերին. «Ես սպանեցի նրան»: Եվ խուց կառուցեց նրա գերեզմանի մոտ և այնուհետև իմաստությամբ և զգաստությամբ իր բոլոր օրերին մեծ սուգով լացեց և ողբաց»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016