22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
- Հա՛յր, եթե մարդը մելամաղձության մեջ է ընկնում, ապա ի՞նչ պետք է անի, որպեսզի հաղթահարի դա:
- Աստվածային մխիթարություն է անհրաժեշտ:
- Իսկ ինչպե՞ս ստանալ այդ մխիթարությունը:
- Մարդը պետք է «կառչի» Քրիստոսից, և Քրիստոս կտա նրան այդ մխիթարությունը: Բարեպաշտությունը հաճախ միահյուսվում է եսասիրության հետ: Մտագարների (շիզոֆրենիկների) մեծամասնությունը զգայուն հոգու տեր մարդիկ են: Ինչ-որ մի չնչին դեպք է տեղի ունենում կամ չեն կարողանում ինչ-որ դժվարություն հաղթահարել և սարսափելի տառապում են: Մեկն էլ կարող է մարդ սպանել և իրեն այնպես պահել, ասես ոչինչ էլ չի եղել: Իսկ զգայուն մարդը տառապում է և չի կարողանում քնել, նույնիսկ եթե պատահաբար կանգնել է կատվի թաթին: Իսկ եթե երկու-երեք գիշեր չի կարողանում քնել, ապա իհարկե բժշկի մոտ պետք է վազի:
- Հա՛յր, հոգեբաններն ասում են, եթե վերացնես հիվանդության պատճառը, ապա հոգեկան հիվանդ մարդն օգնության կստանա:
- Այո, սակայն եթե այդ պատճառը գոյություն ունի: Չէ՞ որ երբեմն մարդիկ խճճվում են այնպիսի մտորումների մեջ, որոնք կարող են խելագարության հասցնել նույնիսկ այն ժամանակ, երբ տեղի ունեցողը բնական երևույթ է և եթե կարելի է այդպես արտահայտվել՝ արդարացված է: «Միգուցե ինձ մոտ ժառանգական հոգեկան հիվանդությո՞ւն է; Միգուցե ես հիվա՞նդ եմ»,- մտատանջվում են այդպիսի մարդիկ: Ես մի պատանու էի ճանաչում, որը սովորելու տարիներին օրվա մեջ տասնմեկ ժամ կարդում էր: Նա կրթաթոշակ էր ստանում և օգնում էր իր ընտանիքին, քանի որ հայրը հիվանդ էր: Ուսման վերջում նա ուժասպառ եղավ, որովհետև զգայուն ու նուրբ հոգու տեր մարդ էր: Մշտական գլխացավեր ուներ և դիպլոմը մեծ դժվարությամբ պաշտպանեց: Հետո նա սկսեց այն մտքից տանջվել, որ իբրև թե ժառանգական հոգեկան հիվանդությամբ է տառապում: Ախր ի՞նչ ժառանգականության մասին կարող էր խոսք լինել: Եթե մարդ ուղղակի օրը տասնմեկ ժամ կարդա, ապա դա իրեն ուժասպառ կանի: Էլ ինչ ասես, եթե մարդը սովորում է, օգնում ծնողներին և դեռ զգայուն էլ հոգի ունի…
- Հա՛յր մի երեխա մելամաղձության ու հուսահատության գիրկն ընկավ այն բանից հետո, երբ հայրն ինքնասպան եղավ: Միգուցե դա ժառանգակա՞ն է:
- Հնարավոր է, որ երեխան հոգեկան ցնցում ստացած լինի: Միանշանակ ճշգրտությամբ չի կարելի ասել, թե պատճառն այստեղ ժառանգականությունն է: Բացի այդ, մենք չգիտենք, թե նրա հայրն ինչ վիճակում էր գտնվում, ինչը ինքնասպանության պատճառ եղավ: Իհարկե, եթե հայրը ինքնամփոփ մարդ էր, ապա երեխային օգնություն է հարկավոր: Քանի որ, եթե երեխան էլ ինքնամփոփ լինի և մտածի, որ վատ գեներ ունի, ապա իսկապես կարող է հիվանդանալ:
Աստված միշտ թույլ է տալիս, որ մարդն անցնի այնպիսի փորձություններով, որ ի զորու է: Սակայն փորձությունների ծանրությունից զատ գումարվում է նաև մարդկային ծաղրուծանակի ծանրությունը, և հոգին կքում է այդ հավելյալ ծանրությունից ու սկսում տրտնջալ: Հոգեկան հիվանդներին մարդիկ էլ ավելի են խենթացնում իրենց ծաղրանքով: Քանի որ սկզբում կարելի է հոգեկան խանգարումը որոշակի շրջանակների մեջ պահել: Հնում հոգեբուժարաններ չկային և եթե մարդը հոգեկան խանգարում էր ստանում՝ նրան երկաթե փականներով սենյակում էին փակում: Մի խելագար կնոջ էի ճանաչում՝ Պերիստերա անունով: Նրան տանը փակի տակ էին պահում: Երեխաները քարեր էին նետում պատուհաններին, ծաղրում էին նրան: Խեղճը կատաղության էր հասնում, դղրդացնում էր փականները, գոռում էր ու դուրս շպրտում այն ամենն ինչ ձեռքի տակ էր ընկնում: Սակայն կտեսնես, որ մյուս կյանքում Պերիստերան շատ «խելացիներից» բարձր է լինելու:
Մի դեպք էլ եմ հիշում: Մի ընտանիքում ավագ դուստրը մի քիչ տկարամիտ էր: Սակայն շատ բարի էր: Նա քառասուն տարեկան էր, սակայն իրեն հինգ տարեկանի պես էր պահում: Ինչպիսի՜ գայթակղություններ էին ստեղծում նրա համար մեծերն ու փոքրերը: Մի անգամ ծնողները թողեցին նրան ճաշ եփելու, իսկ իրենք գնացին դաշտում աշխատելու: Այդ աղջկա եղբայրը պետք է դաշտից գար, եգիպտացորեն բերեր և պատրաստի ճաշը դաշտ տաներ, որպեսզի ծնողներն ու բանվորները ճաշեին: Խեղճը բանջարանոցից սմբուկ ու լոբի քաղեց և գնաց ճաշի պատրաստություն տեսնելու, իսկ նրա կրտսեր քույրը՝ աղջիկ չէ, այլ մի իսկական պատուհաս, ավանակի ականջը բռնած քարշ տվեց հավաքած բանջարեղենի մոտ ու կենդանին ամբողջը կերավ: Խեղճ աղջիկը ոչ ոքի ոչինչ չասաց և կրկին բանջարանոց գնաց՝ բանջարեղեն հավաքելու: Եղբայրը դաշտից եկավ, իսկ նա դեռ նոր էր կերակուը կրակին դնում: Եղբայրը բեռներն իջեցրեց ջորիների վրայից և տեսնելով, որ կերակուրը դեռ պատրաստ չէ՝ սկսեց ծեծել նրան: Ի՜նչ տառապանքի էր ենթարկվում նա ամեն օր: Նրա դժբախտ մայրն աղաչում էր Աստծուն, որ նախ դուստրը մահանա, հետո՝ ինքը, որովհետև մտածում էր, որ ոչ ոք հոգ չէր տանի դստեր մասին: Եվ իսկապես, նախ դուստրը մահացավ, իսկ հետո՝ մայրը:
Բայց համենայն դեպս, մտավոր թերզարգացած մարդիկ ավելի լավ վիճակում են գտնվում, քան մյուսները: Այդպիսի մարդկանցից պահանջելու բան էլ չկա և այդ պատճառով էլ առանց քննությունների են անցնում հաջորդ կյանք:
Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի