Այսօր մի տարեց կին էր եկել խոստովանության:
- Ի՞նչ մեղքեր ունես,- հարցնում եմ:
- Առանձնապես մեղքեր չունեմ:
- Քանի՞ անգամ ես եկեղեցում լինում:
- Դե, տարին երկու-երեք անգամ:
- Իսկ եթե աշակերտը տարին երկու-երեք անգամ գնա դպրոց, տասը տարի էլ այբբենարանով անցնի, միևնույն է, ոչինչ չի իմանա: Այդպես էլ դու չես տեսնում մեղքերդ: Նայի՛ր, մարդ կա՞ եկեղեցում:
- Այո, շատ մարդ կա:
Ձեռքերով փակեցի նրա աչքերը.
- Իսկ հիմա նրանց տեսնո՞ւմ ես:
- Ոչ, չեմ տեսնում:
- Ինչո՞ւ:
- Որովհետև ձեռքերով աչքերս փակել եք:
- Բայց եկեղեցում մարդ կա՞:
- Այո, ուղղակի ես նրանց չեմ տեսնում:
- Ճիշտ այդպես էլ մեղքերդ չես տեսնում և զգում, որովհետև հոգևոր աչքերդ փակ են:
Շատերը հոգով մեռած են: Ինչո՞ւ: Մշտական կրքերի ու մեղքերի պատճառով: Եկեղեցի չենք հաճախում, Աստծուն չենք աղոթում: Խրվել ենք մեղքերի մեջ ու սրտով չենք զգում դրանք:
Սուրբ հայրերն ասում են, որ մարդը սկսում է հոգևոր կյանքով ապրել միայն այն ժամանակ, երբ նրա հոգևոր աչքերը բացվում են: Նա բազում մեղքեր է տեսնում իր հոգում: Հենց դա ապաշխարության սկիզբն է:
Ծայրագույն վարդապետ Ամվրոսի (Յուրասով)
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի