22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Մայիսի 10-ին՝ Համբարձման տոնի օրը՝ հավարտ Ս. Պատարագի, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը և Արցախում զոհված զինծառայող Հրաչյա Սարգսյանի մայրը՝ Աիդա Սարգսյանը, ԱՀԹ առաջնորդարանում հանդիպեցին առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանին:
Տիկին Աիդան, Սրբազան Հոր օրհնությամբ և աջակցությամբ, այս տարվա ապրիլին մասնակցեց դեպի Երուսաղեմ ուխտագնացությանը, որ կազմակերպել էր ԱՀԹ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին:
Սրբազան Հայրը շնորհակալություն հայտնեց տիկին Աիդային, ով, անսալով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենան Հայոց Հայրապետի հրավերին, մեկնեց Երուսաղեմ ուխտագնացության: «Քրիստոսակոխ և նվիրական վայրերում մարդը վերանորոգում կամ վերագտնում է իր հավատքը: Հավատքն ուժ ունի փարատելու մարդու ամենամեծ վիշտը, որովհետև հավիտենական կյանքի ճանապարհն է ցույց տալիս: Աստծո հետ կապը վերանորոգելով, հավատքը զորացնելով և հոգու խաղաղությունը վերագտնելով՝ ուխտավորը վերադառնում է իր տուն զորացած և լուսավորված: Հայոց ազգը՝ որպես Տիրոջ հավատարիմ ազգ, անցնելով դարերի փոթորիկների միջով, սուրբ հողի վրա պահպանել ու շարունակում է պահպանել իր իրավունքներն ու սրբությունները՝ զարգացնելով և հզորացնելով դրանք անկեղծ հավատքով և հայկական ինքնությամբ: Ոտք դնելով սուրբ հողի վրա՝ դուք միացաք հազարամյա ուխտավորների զորավոր և հոգենորոգ աղոթքին»,- ասաց Նավասարդ Սրբազանը:
Այնուհետև Սրբազան Հայրն իր գնահատանքի խոսքը հղեց քաջարի զինվորի մորը՝ տիկին Աիդային. «Հանուն հայրենիքի իրենց անձը զոհած մեր քաջարի հերոսները լուսեղեն ճանապարհ հարթեցին դեպի հայ մարդու վերակերտում, դեպի լուսավոր ապագա: Անպարտելի ժողովուրդը նա է, ով հավատում է իր հաղթանակին, և պարտված է նա, ով չի հավատում: Կյանքից կառչելով՝ կյանքը չեն փրկում: Խաղաղությունը նվեր չեն ստանում, այն ձեռք են բերում: Պաշտպանել հոգևոր անկախությունը, ուրիշների խաղաղ երկինքը՝ ամենամեծ պատիվն է, որ կարող է որևէ մարդ երազել: Բարի, հայրենասեր և ինքնազոհ մայրերը, մեր համոզմամբ, հայ մայրերն են, որ պատմության մեջ միշտ զրկանքներ կրելով՝ կարողացել են ոչ միայն սերունդ ապահովել, այլև հերոս զավակներ ծնել: Մեր նահատակ զավակները մեր հոգու լույսն են, որ պետք է միշտ բորբոք պահել: Փառավոր պատիվ է ընծայվել նաև ձեր որդուն: Նրան հիշելու ենք ոչ միայն մեր աղոթքներում, այլ նաև մեր գործերում: Մեր անկեղծ երախտագիտությունը ձեզ, որ նման հերոս զավակ ունեք: Թող նրա հոգին երկնքի լուսավոր անդաստանում խաղաղության մեջ հարատևի ՝ ի շնորհիվ ձեր և մեր հավատքի»:
Ինչպես պատմում էր տիկին Աիդան, դեռևս մեկ ամիս առաջ հաղորդ դառնալով Տերունական սրբավայրերին, կարողացավ վերագտնել իր հոգու խաղաղությունը: «Այնտեղ՝ Սուրբ Երկրում, ես հրաշքի ականատես եղա՝ զգացի որդուս ներկայությունը, հարության հույսը մխիթարեց խռովված հոգիս և որպես նոր մարդ՝ նորոգված և զորացած վերադարձա տուն»,- ասաց տիկին Աիդան և իր երախտագիտությունը հայտնեց Սրբազան Հորը, ով նպաստեց, որ իրականություն դառնա իր նվիրական երազանքը:
Հանդիպման ավարտին Տեր Գրիգորը ևս շնորհակալություն հայտնեց Նավասարդ Սրբազանին՝ նշելով, որ Արարատյան Հայրապետական թեմում, Սրբազան Հոր օրհնությամբ, հայ զինվորին և նրա ընտանիքին նվիրված բազում ծրագրերին միացավ ևս մեկը, որը հոգևոր մեծ աջակցություն և մխիթարություն է հանուն հայրենիքի զոհված հերոս զինվորների մայրերին:
Կարինե Սուգիկյան