Հոգևոր արթնություն

- Հա՛յր, զգաստությունն ի՞նչ է:

- Զգաստությունը քո ուշադիր լինելն է մտքերիդ, գործերիդ, շարժումներիդ հանդեպ: Երբ մի օր հետևում ես քեզ և վերլուծում վարքդ, արարքներդ, ապա հաջորդ օրն ավելի ուշադիր ես լինում և այդպես շարունակ: Հիմքը ուշադրությունն է: Ուստի տեսնո՞ւմ ես, թե սուրբ հայրերն ինչպես էին իրենք իրենց ականջ դնում: Ինչո՞ւ են նրանց «զգաստացող» անվանում: «Զգաստացող» նշանակում է իրեն ականջ դնող, ուշադիր: Նրանք ունկնդրում էին իրենց և մտովի աղոթում: Հետևում էին իրենց մտքերին և մշտապես հոգևորապես արթուն էին:

- Հայր Իսահակն ասում է. «Մտքի ցերեկվա աղոթքը պետք է համաձայնեցվի գիշերվա աղոթքի հետ: Նա ի՞նչ նկատի ունի:

- Նկատի ունի, որ ինչպես մարդ գիշերն է աղոթում, և նրա միտքն Աստծու մեջ է գտնվում, այդպես էլ պետք է ջանա ցերեկը ևս անուշադիր չլինել, որպեսզի միտքն Աստուց չհեռանա: Եթե ցերեկը չհետևես քեզ, ապա շատ աղբ կհավաքվի, իսկ հետո չես կարողանա դրանից ձերբազատվել: Հեշտ չէ: Մի անուշադիր քայլ և ինչպիսի՜ դժվարություններ են ի հայտ գալիս հետո աղոթքի ժամանակ, երբ ջանում ես կենտրոնանալ: Ուշադրությունն ու քեզ հետևելը մեծ նշանակություն ունեն: Մարդ կարող է ժամերով աղոթել, բայց եթե նա անուշադիր է և չի հետևում իրեն, ապա ոչինչ էլ չի անում: Սակայն երբ աղոթքն ուղեկցվում է ինքդ քեզ հետևելով, այդժամ մենք հարվածում ենք այն ուղղությամբ, որտեղից թշնամին ամենից հաճախն է կրակում մեզ վրա:

- Հա՛յր, ես ինչո՞ւ եմ մշտապես մտացրիվ և չեմ կարողանում մտքերս ժողովել:

- Միտքդ անսանձ է եղել այս բոլոր տարիներին: Դու այժմ էլ չես կարողանում այն վերահսկել: Ուշադրություն է հարկավոր, որովհետև եթե չհսկես, ապա միտքդ կարող է քեզ մի րոպեում դրախտ տեղափոխել, իսկ հաջորդ րոպեին՝ դժոխք: Միտքդ հնարավորինս կենտրոնացրու բարի և սուրբ մտքերի վրա, որոնք սրբագործում են մարդուն:

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

04.06.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․