Հոգևոր և ազգային արժեքները կրող ավագ դպրոցականների սիրո տոնախմբությունը

Փետրվարի 14-ին՝ Տեառնընդառաջի տոնի օրը, Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցում սիրո մեծ տոնախմբություն էր: Դպրոցի աշակերտները մեծ սիրով և խանդավառությամբ էին պատրաստվել Ս. Սարգսի և Տեառնընդառաջի տոներին: Մինչ տոնախմբությունը դպրոցի մուտքի առջև տասներկու դասարաններից տասներկու աշակերտներ իրենց կանթեղները լուսավորեցին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուց բերված կրակի լույսով, որ աշակերտներին փոխանցեց  Տեր Վահան քահանա Առաքելյանը: Միջոցառումը մեկնարկեց Տերունական աղոթքով: Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Էլեոնորա Թումանյանը, ով ողջունեց ներկաներին՝ նշելով, որ դեռ վաղ առավոտից իրենց դպրոցում թևածում էր սերը: Աշակերտները մանրամասնորեն ներկայացրեցին Ս. Սարգսի և Տեառնընդառաջի տոների պատմություններն ու ժողովրդական ավանդույթները ՝ անդրադարձ կատարելով նաև հասարակության մեջ ինչ-որ չափով տարածում գտած օտարամոլ տոնին՝ Վալենտինին: Ազգային պարերով ամփոփվեց տոնախմբության առաջին մասը, իսկ երկրորդ հատվածում տասներկու դասարաններն անհամբերությամբ սպասում էին, թե ինչ գնահատանք էին ստանալու իրենց կողմից պատրաստված սեղանները, որ զարդարված էին ազգային ավանդական քաղցրեղենով, ուտեստներով և տոների խորհրդանիշներով: Տիկին Թումանյանը և Տեր Վահանը մեկ առ մեկ դիտեցին սեղանները և լսեցին աշակերտների կողմից ներկայացված մեկնաբանություններն ուտեստների և ձևավորումների վերաբերյալ:

Տեր Վահանը շնորհավորեց ներկաներին տոների կապակցությամբ և նրանց փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությունը: Ապա դիմելով աշակերտներին՝ ասաց. «Սիրելի՛ աշակերտներ, այսօր ականատես եղանք նրան, թե ինչպիսի մեծ սեր ունեք հոգևոր և ազգային արժեքների նկատմամբ: Գնահատելի են բոլորիդ աշխատանքները, քանի որ սիրով էին պատրաստված: Իսկ տոները, որոնց այսօր դուք անդրադարձաք, սերտ առնչվում են աստվածային սիրո հետ: Այդ սիրո արդյունքում Աստված խոնարհվեց Իր աստվածային բարձունքից և եկավ դեպի մարդը, որպեսզի նա կորստյան չմատնվի, առաջնորդվի խաղաղության ճանապարհով և հավիտենական կյանքի պատիվն ու երջանկությունն ունենա: Սիրո շնորհիվ է, որ ընդառաջ ենք գնում Տիրոջը: Ուստի, աստվածային սերն ամուր պահեք ձեր հոգում և կյանքում՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ճշմարիտ հետևորդը լինելով»:

Տոնախմբությունն ավարտվեց Տեառնընդառաջի ավանդական խարույկի շուրջ:

 

 

Կարինե Սուգիկյան

14.02.17
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․