Հոգևոր կրթարանը երեք տարեկան է

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու կիրակնօրյա դպրոցն արդեն երեք տարեկան է: Երեք տարի է, ինչ գործում է մի կրթարան, ուր երեխաները, Աստծո խոսքով կրթվելով և դաստիարակվելով, սովորում են հավատքի իրենց առաջին քայլերը կատարել, ուր երեխաները Սուրբ Գրքից և սրբերի վարքից ծանոթանում են, թե հազարամյակների ինչ ուղի է անցել հավատքը, ուր երեխաները ոչ միայն տեղեկանում են Հայ եկեղեցու տոնացույցին, այլև իրենց մասնակցություն են ունենում եկեղեցական արարողություններին և տոներին:

Արդեն մի քանի տարի է, որ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Սիրիայից գաղթած հայերից համայնք է ձևավորվել, որի փոքրիկ անդամները, ևս ներգրավված լինելով հոգևոր կյանքում, հաճախում են կիրակնօրյա դպրոց: Սիրիահայ համայնքից Գույումջյան Հովսեփն իր ընտանիքով Հայաստան է եկել երեք տարի առաջ և երեք տարի է, որ իր տղաները՝ Կարոն (8 տ.) և Հրակը (5տ.), հաճախում են կիրակնօրյա դպրոց: Նա ասաց, որ Սիրիայում հայորդիները դեռ մանկապարտեզից են ծանոթանում Աստծո խոսքին: Գալով Հայաստան՝ իրենք առնչվեցին այն փաստի հետ, որ երեխաները ո՛չ մանկապարտեզում և ո՛չ դպրոցում մինչև հինգերորդ դասարան Աստծո խոսքը լսելու և նրանով դաստիարակվելու հնարավորություն չունեն, այդ պատճառով իրենք մեծ ուրախությամբ են իրենց զավակներին կիրակնօրյա դպրոց բերում. «Մեզ համար կարևոր է, որ երեխաները քրիստոնյա մեծանան, եկեղեցասեր լինեն: Տղաներս «Տերունական աղոթք»-ից բացի մի քանի աղոթքներ են սովորել և տանը բոլորս միասին աղոթում ենք ճաշից առաջ և հետո, քնելուց առաջ: Իրենք սիրով են հաճախում կիրակնօրյա դպրոց, մանկավարժը՝ ընկեր Սիրանուշը, մեծ նախանձախնդրությամբ և հետաքրքիր մեթոդներով երեխաներին ծանոթացնում է սուրբգրային պատմություններին և եկեղեցական տոներին»:

Իսկ տիկին Աննան, որ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամ է, պատմեց, որ տարիներ շարունակ ամեն կիրակի իր թոռնիկի՝ Սամվելի (9 տ.) հետ հաճախում է Ս. Պատարագի և կիրակնօրյա դպրոցի բացումը մեծ ուրախություն էր իր համար, քանի որ մինչ ինքը Ս. Պատարագի է մասնակցում, թոռնիկն իր հասակակիցների հետ ճիշտ միջավայրում ճիշտ դաստիարակություն է ստանում. «Սամվելը կարող էր ընտրել ընկերների հետ բակում խաղալը, բայց նա ընտրել է կիրակնօրյա դպրոցը, ուր ևս ընկերներ է ձեռք բերել, ուր ևս խաղում է: Ամեն դասից հետո նա մեծ ոգևորությամբ պատմում է, թե ինչ է սովորել այդ օրը»:

Կիրակնօրյա դպրոցի մանկավարժ Սիրանուշ Գումրույանը քրիստոնեական դաստիարակությունը կարևորում է նախ և առաջ նրանով, որ երեխաները՝ որպես հայ քրիստոնյա, ճանաչելով իրենցը, հեռու կմնան աղանդավորական շարժումներից. «Մեր սաներից սիրիահայ Սևակին աղանդավորներն առաջարկել էին իրենց մոտ հաճախել, բայց նա մերժել էր՝ ասելով, որ ինքը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու զավակ է: Կիրակնօրյա դպրոցում երեխաները սովորում են աղոթել և իրենց սովորածը թղթին հանձնելով՝ կարողանում են լիարժեքորեն պատկերացում կազմել դասի վերաբերյալ»:

«Կիրակնօրյա դպրոցը նպաստում է, որ մեր ապագա սերունդը քրիստոնեական դաստիարակությամբ սիրող ոգի ունենա և բարոյապես առողջ մեծանա: Այսինքն՝ այն մերօրյա ժամանակաշրջանում առողջ դաստիարակության մի օջախ է, ուր երեխան հնարավորություն է ունենում ծանոթանալու մարդու իրական կոչմանն ու առաքելությանը: Աստծո երկյուղը ունեցող երեխան սովորում է իմաստուն լինել, նա ձեռք է բերում մի հարստություն, որ վեր է ամեն տեսակի հարստությունից: Իզուր չէ ասված այն խոսքը, որ եթե երեխային չպատմես Աստծո մասին, ապա ստիպված կլինես մնացյալ կյանքդ Աստծո հետ խոսես երեխայի մասին»,- ասաց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը:

Ըստ Ս. Հովհան Ոսկեբերանի՝ երեխայի փրկության նկատմամբ անտարբերությունը մեղքերից մեծագույնն է: Սուրբը նման անտարբեր ծնողին մանկասպանից էլ ավելի վատն է համարում, եթե վերջինս երեխայի մարմինն է հոգուց բաժանում, ապա անտարբեր ծնողը երեխայի թե՛ մարմինը և թե՛ հոգին է գեհենի կրակը նետում. «Ոչ թե հոգ տանենք, թե ինչ հարստություն ենք թողնելու մեր զավակին, այլ թե ինչ առաքինություններ ենք նրան ուսուցանելու, առաքինություն, որ մեծագույն գանձ է, անասելի հարստություն և որը օր օրի ավելի մեծ հարստություն է բերելու: Ուզո՞ւմ ես, որ որդիդ քեզ հնազանդ լինի, փոքրուց նրան դաստիարակիր Աստծո խոսքի համաձայն: Մի մտածիր, որ Աստծո խոսքը լսելը կարող է նրա համար ավելորդ լինել: Երբ դուք դաստիարակում եք ձեր երեխաներին, ապա նրանք էլ իրենց հերթին դաստիարակում են իրենց երեխաներին և այսպես հաջորդաբար մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը: Դաստիարակության այս կարևորագույն ընթացքը պարգև է բերելու նրան, ով ծառայել է որպես արմատ»:

 

Կարինե Սուգիկյան

20.07.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․