Քրիստոնեություն և Բուդդիզմ

Այսօրվա մարդկությանը հուզող խնդիրներից մեկը կրոնական հարցն է: Շատ մարդիկ կարծում են, որ բոլոր կրոններն էլ ուսուցանում են միևնույն բանը պարզապես տարբեր անվանումների ներքո: Ընդհանրապես կրոնագիտության շրջանակներում կա մոտեցում, համաձայն որի՝ աննպատակահարմար է զուգահեռներ անցկացնել տարբեր պատմամշակութային միջավայրերում ձևավորված կրոնական արժեհամակարգերի միջև: Սակայն համեմատական կրոնագիտության շրջանակներում զուգահեռների անցկացումը նույնիսկ խրախուսվում է, քանի որ վերջինս օգնում է կրոնական կատեգորիաների առավել հստակ դասակարգման գործում: Ճիշտ է, կրոններն ունեն որոշակի նմանություններ, սակայն կան հարցեր, որոնց շուրջ նրանք տարբերվում են իրարից: Եվ ահա, համեմատելով երկու համաշխարհային կրոնները` բուդդայականությունն ու քրիստոնեությունը, կփորձենք ցույց տալ վերջիններիս նմանություններն ու տարբերությունները:

Բուդդայականության հիմնադիրը համարվում է Սիդհարթա Գաուտաման (Բուդդան), որը ծնվել է Նեպալում: Նա եղել է հարուստ իշխանավորի որդի, սակայն լքել է իր ընտանիքը, հրաժարվել հարստությունից և սկսել է վարել ճգնակյացի կյանք: Նա փնտրում էր այն հարցի պատասխանը, թե կյանքում ինչու տառապանք կա: Չորս տեսարանները, որոնք նա տեսավ նախքան ճգնակյաց դառնալը, վճռական ազդեցություն ունեցան իր կյանքում: Առաջին երեքը կապված են եղել դժբախտությունների հետ. դրանք են ծերունին, ծանր հիվանդը և թաղման արարողությունը: Չորրորդ տեսարանը եղել է հանգիստ, բոլոր տխրությունները հաղթահարող ճգնավորը: Սակայն ճգնավորական կյանքով ապրելուց հետո Գաուտաման համոզվեց, որ ճգնությունը չի կարող պատասխանել այն հարցերին, որոնք նրան տանջում են: Երկար մտածումներից հետո, վերջապես նա հասավ լուսավորության: Նա հասկացավ, որ դժբախտությունների պատճառը մարդկանց ցանկություններն են: Եթե մարդը ազատվում է ցանկություններից, նա դառնում է «լուսավորված». հենց դա է նշանակում Բուդդա անունը:

Գաուտաման համակարգեց իր ուսմունքը «չորս սրբազան ճշմարտությունների» անվան ներքո․

1. Կյանքը տառապանք է։

2. Տառապանքի պատճառը ցանկությունն է։

3. Տառապանքը վերջանում է, երբ արմատախիլ է արվում ցանկությունը։

4.Հետևելով ութաստիճանական ճանապարհին` կարելի է հասնել լուսավորության:

Ութաստիճանական ճանապարհն իր մեջ ներառում է ճշմարիտ ըմբռնում, ճիշտ ձգտում, նպատակասլացություն, ճիշտ խոսք, ճիշտ վարք, ճիշտ ապրելակերպ, ճիշտ ջանք, ճիշտ հարաբերություն և մտքի ճիշտ կենտրոնացում: Այս աստիճանները մարդուն օգնում են հասնել ինքնաճանաչողության, առաքինության և վերջապես՝ ինքնախորացման, որի հետևանքը նիրվանան է: Նիրվանան ազատագրում է ցավից, քանի որ մարում է ցանկության կրակը: Նիրվանային հասնելը բուդդայականի գերագույն նպատակն է: Նիրվանան դուրս գալն է սանսարայի շրջանից, այսինքն` անդադար վերամարմնավորումներից:

Ինչպես Քրիստոս, այնպես էլ Բուդդան, դուրս եկավ իր ժամանակում իշխող ծիսապաշտության դեմ: Բուդդայի ժամանակ բրահմանները` Վեդաների մեկնիչները զոհեր էին մատուցում, իսկ Հիսուսի ժամանակ քահանայապետները և փարիսեցիները հետևում էին Մովսիսական օրենքի տառին և ոչ թե նրա ոգուն: Բրահմանիզմը եղել է ազգային-հնդկական, ինչպես և հուդայականությունը` ազգային-հրեական: Իսկ բուդդայականությունը, ինչպես և քրիստոնեությունը համաշխարհային կրոններ են: Քրիստոս ուղարկեց իր աշակերտներին` ասելով. «Գնացե՛ք, քարոզեցե՛ք, Ավետարանը բոլոր հեթանոսներին» (Մատթ. 28:19): Նույնպես և Բուդդան ուղարկում է իր աշակերտներին ավետելու ողջ աշխարհին փրկության մասին, որը չի կարող սահմանափակվել որևէ ժողովրդով: Բացի դրանից, կան շատ բարոյական կետեր, որոնց շուրջ բուդդայականությունն ու քրիստոնեությունը նման են: Օրինակ՝ ինչպես քրիստոնեությունը, այնպես էլ բուդդայականությունը ուսուցանում է անհիշաչարություն, անկրքություն, կենտրոնացում: Սակայն խնդիրը առավել մանրամասն դիտարկելու դեպքում տեսնում ենք, որ այդ երկու կրոնների միջև կան սկզբունքային տարբերություններ: Օրինակ՝ Քրիստոս ասում է. «Սիրեցե՛ք ձեր թշնամիներին» (Մատթ. 5:44), մինչդեռ Բուդդան սովորեցնում է թշնամությանը պատասխանել անհիշաչարությամբ: Այսպիսով, Քրիստոս պահանջում է սեր, իսկ Բուդդան` անհիշաչարություն: Անհիշաչարությունը չի ենթադրում ակտիվ գործողություն, իսկ սիրո կամ թշնամանքի զգացմունքները, ըստ բուդդիզմի, տառապանքի աղբյուրներ են: Արդեն իսկ սրանում կա էական, խոր տարբերություն: Բուդդայականությունը նույնպես մեծահոգության ուսմունք է, բայց այն չի համընկնում Քրիստոսի պատվիրանի հետ: Ճիշտ է, բուդդայականությունը քարոզում է բարություն բոլոր էակների նկատմամբ, նաև նրանց նկատմամբ, ովքեր մեզ չարիք են պատճառում, բայց այնուամենայնիվ, այդ ուսմունքում զգացվում է սառը, սթափ վերաբերմունք` ընդհանրապես տարբեր այն ջերմ սիրուց, որը պահանջում է Քրիստոս, և որն առաքյալը բնորոշում է հետևյալ խոսքերով. «Եթե քաղցած է քո թշնամին, հաց տուր նրան և եթե ծարավ, ջուր տուր նրան, այս անելով` կրակի կայծեր կկուտակես նրա գլխին» (Հռոմ. 12:20): Չարիքի ժխտմանը ուղղված է բուդդայականությունը, բարու կատարմանը` քրիստոնեությունը:

Տարբեր էր նաև աշխարհը չսիրելու սկզբունքն այս երկու կրոններում: Համաձայն քրիստոնեական վարդապետության` աշխարհը ինքնին չար չէ: Երբ Աստված ստեղծեց աշխարհը, «տեսավ, որ բարի է»: Աշխարհը չար է այնքանով, որքան որ օտարացած է Աստծուց, և այդքանով քրիստոնյան չպետք է սիրի աշխարհը: Սակայն նա պետք է սիրի ոչ միայն իր Արարչին, այլև նրա ստեղծագործությունը այնքանով, որքանով այն հեռացած չէ Աստծուց: Բուդդայականությունը, ի հակադրություն քրիստոնեության, քարոզում է աշխարհի բացարձակ մերժում, նրա իդեալը ամենից առաջ անձնական գոյության բացառումն է: Աշխարհը նրա համար անիմաստ «ունայնության» արդյունք է, որը դուրս է ելնում անըմբռնելիորեն բացարձակի խորքերից:

Կինը` նոր կյանքի կրողը, ատելի է բուդդայականության համար: «Ոչ մի կրոն,- ասում է Կոժևնիկովը,- այդքան թշնաբար և ժխտաբար չի վերաբերվել կնոջը, որքան բուդդայակությունը»: Ըստ բուդդայականների՝ «Կինը կրքերի օջախն է, ամենաանմաքուր և ամենապիղծ էակներից մեկը»: Իսկ քրիստոնեական ուսմունքի համաձայն՝ կինը ոչ միայն արժանացավ Աստծուն մարմնավորելու, այլև հարուցյալ Աստծուն առաջինը տեսնելու պատվին (Հովհ. 20:11-18):

Գեղեցկությունը՝ դրական իմաստով, Բուդդայի համար գոյություն չունի Այն նրա համար զգայականության պատրանք է, որը տանում է կյանքից կախվածության: Դրա համար էլ նա ասում է. «Դե՛ն նետեցեք հինգ զգայարանների առարկաները, դե՛ն նետեցեք կախարդող գեղեցկությունը, հեռո՛ւ մնացեք այն պատկերներից, որոնք գեղեցիկ են թվում, քանի որ նրանց ուղեկցում է կիրքը»:

Բուդդայականությունը քարոզում է մարդու ինքնափրկություն, իսկ քրիստոնեությունը դրա անհնարին լինելը. բուդդայականության մեջ ամեն ինչ ձեռք բերվում և պահպանվում է սեփական արժանիքներով, իսկ քրիստոնեության մեջ միայն Քրիստոսի արժանիքներով: Բուդդան միայն ուղեցույց է և ուսուցիչ, որը ցույց է տալիս փրկության ճանապարհը և բուդդայականների համար ուրիշի արժանիքներով փրկվելը հերետիկոսություն է: Ի հակադրություն դրա` քրիստոնեությունն ասում է, որ մարդու փրկությունը գալիս է Աստծո շնորհից, մարդը փրկվում է՝ հաղորդակցվելով աստվածային անեղ էներգիաներին և դառնում աստված՝ ըստ շնորհի:

Փրկությունը բուդդայականության մեջ ընդհանրապես այլ է, քան քրիստոնեության մեջ: Բուդդայականության մեջ փրկվել՝ նշանակում է ազատվել տառապանքից և քանի որ ամեն գոյություն տառապանք է, ապա փրկվել՝ նշանակում է ազատվել ընդհանրապես ամեն տեսակի գոյությունից: Ի տարբերություն դրա, քրիստոնեության մեջ փրկություն՝ նշանակում է ազատություն չարից, մեղքից, անեծքից ու մահվանից և հաղորդակցություն Աստծո հետ:

Բուդդիզմում փրկության են հասնում գերագույն ճանաչողությամբ, պատճառահետևանքային կապերի էության մեջ թափանցումով, խոր հայեցողությամբ և փիլիսոփայական խորացմամբ: Ընդհանրապես այլ ձևով է դրան վերաբերվում քրիստոնեությունը, ըստ որի՝ փրկության կարելի է հասնել ոչ թե գերիմաստությամբ, այլ անկեղծ, մանկական  հավատով:

Բուդդիզմը մերժում է անձնազոհությունը, որովհետև բուդդայականության համար կյանքը տանջանք է և ոչ մի արժեք չունի, իսկ արժեք չունեցող բանը զոհել անիմաստ է: Իսկ քրիստոնեությունը քարոզում է զոհել մարդկային անձը: Քանի որ Քրիստոս որպես անմեղ Գառ զոհվեց մարդկանց մեղքերի քավության համար:

Բուդդիզմ - «Քո ես-ով գրգռիր ես-ը, քո ես-ով քննիր ես-դ, այն ժամանակ կարող ես ես-դ պահպանել և երջանկության մեջ ապրել, ո՛վ ճգնավոր, որովհետև ես-ի պահապանը ես-ն է, ես-ի ապաստանը ես-ն է»: Քրիստոնեության տեսակետից խոսքերին ի հակադրություն կարելի է դնել Օգոստինոսի խոսքը. «Դու ստեղծեցիր մեզ ուղղեալ առ քեզ, և մեր սիրտը անհանգիստ է, մինչև որ քեզ մոտ իր հանգիստը գտնի»:

Վերջապես, բուդդայական վերածնությանը դեմ է և ժառանգականության օրենքը: Ըստ Բուդդայի՝ մարդն իր նախկին գործերի և իր «կարմայի» արդյունք է. «Իմ գործը այն որովայնն է, որ ծնում է, իմ գործն այն սեռն է, որին ես ազգակից եմ»: Սա մերժումն է ամենայն ժառանգականության, որ, սակայն, ամեն րոպե հոր և որդու մեջ կարելի է նկատել: Այս մերժմամբ զանց է առնում բուդդայականությունը մի բարոյական պարտականություն, որ ունի յուրաքանչյուր ծնող դեպի իր որդին կրթության տեսակետից, եթե ամեն մեկն իր նախկին գործերի ծնունդն է միայն, ապա ուրեմն ծնողն ազատ է պարտականություններից:

Ըստ պրոֆեսոր Լ. Ֆոն Շրեդերի՝ բուդդայականությունը կարելի է կոչել ինքն իրեն սեփական ուժերով փրկելու մարդկության գերագույն փորձը, այն պարագայում, երբ քրիստոնեությունը կարելի է կոչել Աստծո սիրո հայտնությունը, որը մեզ պարգևում է շնորհ, փրկություն և հավիտենական կյանք:

 

Վոլոդյա սրկ. Նաջարյան

 

18.10.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․