Հոկտեմբերի 10-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Գևորգյան Անուշին (28 տ.), ով իր երկու զավակների՝ Քնարիկի (8 տ.) և Արմենի (5տ.) հետ վարձակալությամբ բնակվում է Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական 29/4 161 հասցեում:
«Յոթ տարի առաջ Վարդենիս քաղաքից տեղափոխվեցի Երևան, որպեսզի աղջիկս, որ ԴՑՊ հիվանդությամբ է ծնվել, պարբերաբար վերականգնողական բուժումներ անցնի: Երեք ամիս առաջ Քնարիկի առողջական վիճակն ավելի վատացավ. անընդհատ ցնցումների մեջ էր, ծնկները թուլանում էին: Ստիպված եղա տոկոսով գումար վերցնել, որպեսզի աղջիկս համակարգչային բազմաշերտագրության հետազոտությունն անցնի: Ըստ հետազոտության արդյունքների՝ բժիշկներն ասացին, որ դեռևս վիրահատության խնդիր չկա և երեխային առայժմ դեղորայքային բուժում է անհրաժեշտ»,- ասաց Անուշը:
Ընտանիքը ֆինանսական մեծ դժվարությունների առջև է կանգնել, քանի որ ընտանեկան նպաստի և երեխայի հաշմանդամության գումարներով չի կարողանում վճարել տոկոսի և տան վարձի գումարները: Անուշը, թեև ողնաշարային խնդիր ունի, բայց ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, փորձում է կարճ ժամանակ պահանջող մի աշխատանք գտնել, քանի որ ընտանիքի հայրը հոգ չի տանում ընտանիքին:
Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և Անուշին հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Անուշը զգացված էր այն ուշադրության համար, որ ցուցաբերվեց իր ընտանիքի հանդեպ:
Զվարթառատ նվիրատվության էր կոչում Պողոս առաքյալն իր կողմից հիմնած եկեղեցիներին: Նրա հորդորն էր, որ նրանց կողմից պատրաստած յուրաքանչյուր օգնություն լինի իսկապես առատաձեռնության և ոչ ժլատության արտահայտություն, որպեսզի այն ոչ թե գրպանից գրպան, այլ հոգուց հոգուն հասնի: Առաքյալը ձգտում էր յուրաքանչյուրի հիշողության մեջ կենդանի պահել Քրիստոսի կերպարը, Ով «հարուստ էր, աղքատացավ ձեզ համար, որպեսզի Իր աղքատանալով դուք հարստանաք» (Բ Կորնթ. 8:9): Պողոս առաքյալը մեծ ուրախություն էր ապրում, երբ մարդկանց մոտ տեսնում էր միմյանց օգնելու նախանձախնդիր ոգին: Նրա շուրթերով Տերն այսօր էլ Իր հետևորդներին հիշեցնում է. «Ով քիչ է սերմանում, քիչ էլ կհնձի, իսկ ով առատորեն է սերմանում, առատորեն էլ կհնձի: Աստված կարող է ամեն պարգև առատորեն տալ ձեզ, որպեսզի միշտ էլ ունենաք այնքան, որքան բավարար կլիներ ձեր բոլոր կարիքներին և կավելանար՝ ամեն տեսակ բարի գործերի հատկացվելու համար» (Բ Կորնթ. 9:6-7, 8-10):
Կարինե Սուգիկյան