Հրաշափառ Համբարձման տոնը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում նշանավորվեց Ս. Պատարագով և տոնախմբությամբ

Մայիսի 16-ին՝ Համբարձման տասնօրյա տոնախմբության չորրորդ օրը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց Հինանց շրջանի նախավերջին կիրակին՝ Երկրորդ Ծաղկազարդը: Եթե բուն Ծաղկազարդը խորհրդանշում է Հիսուսի արքայական մուտքը Երուսաղեմ, ապա Երկրորդ Ծաղկազարդը խորհրդանշում է Հիսուսի փառավոր մուտքը Վերին Երուսաղեմ: Այս օրը չորրորդ դասի հրեշտակներն ուրախությամբ և ցնծությամբ ընդառաջ դուրս եկան Տիրոջը՝ Նրա պատվին տոն կատարելով:

Տոնական օրը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում նշանավորվեց տոնական Սուրբ Պատարագով, որ մատուցեց հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը: Տեր Հայրը, քարոզին անդրադառնալով տոնի խորհրդին և հրեշտակային դասերի ուրախությանը, որ ունեցան Հարուցյալ և Համբարձյալ Քրիստոս Աստծու ներկայությունից, մասնավորաբար ասաց. «Այսօր մենք հրեշտակների կողքին ենք՝ օրհնելու ու փառավորելու Երկնային Արքային և նրանց հետ կիսելու այն երանավետ խնդությունը, որ միայն Տիրոջ անմիջական ներկայությունն է պարգևում: Աշխարհի առաջարկած միջոցները, որ առաջին հայացքից ուրախարար ու երջանկաբեր են թվում, կիրառելուց հետո շատ շուտով բերում են էլ ավելի մեծ թախիծ, խորը անտարբերություն և ի վերջո՝ հուսահատության են հասցնում մարդկանց: «Ուրա՛խ եղեք միշտ, անդադար աղոթեցե՛ք, ամեն ինչում գոհությո՛ւն մատուցեցեք, որովհետև ա՛յդ է Աստծու կամքը ձեզ համար ի Քրիստոս Հիսուս» (Ա Թես. 5:16-18), այս խոսքերով Ս. Պողոս առաքյալը հուշում է, թե ինչ է հարկավոր ուրախ լինելու համար. անդադար աղոթել և ամեն ինչում երախտագետ լինել: Մի՞թե ավելի մեծ ուրախություն կարող է լինել, քան Զորությունների Տիրոջ՝ Ամենակարող Աստծու հետ կենդանի շփումն է, վստահությունը, որ Նա սիրում է քեզ, մշտապես լսում ու հոգ տանում քո հավիտենական փրկության մասին»:

Սուրբ Պատարագի ավարտին Համբարձման և Երկրորդ Ծաղկազարդի տոներից բխող հոգևոր ուրախությունը տեղափոխվեց եկեղեցու բակ, որ տոնական շունչ էր ստացել համայնքի և տիկնանց միության անդամների սիրո ջանքերի շնորհիվ: Տոնական միջոցառումն ազդարարվեց, երբ մի խումբ երեխաներ «Անուշ» օպերայի նախերգանքի ներքո Քրիստոսի հրաշափառ Համբարձման ավետիսը փոխանցեցին ներկաներին՝ հրավիրելով բոլորին ներկա գտնվելու օրվա տոնախմբությանը: Քրիստոսի Համբարձման տեսարանն այնքան տպավորիչ էր, որ ներկաներին տեղափոխել էր Ձիթենյաց լեռ, որտեղ նրանք առաքյալների հետ միասին ականջալուր եղան Տիրոջ մխիթարիչ խոսքերին, ապա ականատես դարձան նաև Նրա հրաշափառ Համբարձմանը:

Իսկ միջոցառման երկրորդ մասում միջոցառման մասնակիցներն սկսեցին սուրբ օրվա գովքն անել ժողովրդական տոնախմբությամբ՝ երգ ու պարով և վիճակով: Ժողովուրդը Համբարձման տոնը անվանել է Վիճակի օր, ինչը կապված է Քրիստոսի համբարձվելուց հետո առաքյալների կողմից Հուդայի փոխարեն վիճակահանությամբ նոր աշակերտ ընտրելու ավանդության հետ (Գործք Առաք. 1:26): Հնչեց վիճակահանության ժողովրդական երգերից «Ջանգյուլում»-ը, մի խումբ աղջիկներ վիճակի սափորով, յոթ աղբյուրից ջուր լցրած կժերով, վիճակի զամբյուղներով, ծաղկաթերթերի թասով, Ծաղկամեր խաչով, «Ջան գյուլում, ջա՜ն, ջա՜ն» երգելով, մոտեցան ժողովրդին: Նրանցից յուրաքանչյուրը ներկայացնում էր, թե ինչ է բերել իր հետ: Աղջիկները վիճակի սափորն էին պտտեցնում, ներկաները որևէ նշան էին գցում սափորը՝ սպասելով, թե ինչ վիճակ է իրենց բաժին հասնելու, իսկ վիճակը աստվածաշնչյան և եկեղեցու հայրերի պատգամներն էին ու խրատական պատմությունները:

Համբարձման տոնախմբությանը ներկա գտնվողներին հաճելի անակնկալ էին պատրաստել «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն» ՀԿ-ի երաժշտական թերապիայի խմբակի սաները: Արևները, կենտրոնի երաժշտական թերապիստ Մանուշ Հարությունյանի գլխավորությամբ, զանգակներով կատարեցին Ս. Պատարագից «Միայն Սուրբ, միայն Տեր» և «Տեր ողորմեա» հատվածները: Ներկաներին մեծ ուրախություն էր պատճառել արևների կատարումները, դա էին վկայում նրանց բուռն ծափահարությունները: ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց արևներին, Մանուշ Հարությունյանին և նշեց, որ այս հիանալի կատարումները հնարավոր եղավ ըմբոշխնել՝ ամերիկաբնակ բարերար, արևների բարեկամ ու մշտական աջակից Կարեն Վարդանյանի՝ ՀԿ-ի երաժշտական թերապիայի խմբակին պրոֆեսիոնալ զանգակներ նվիրելու շնորհիվ:

Քանի որ Համբարձման տոնը հայտնի է նաև «Կաթնապրի օր» անունով և կաթնապուր եփելը պարտադիր էր, ուստի, սովորույթի համաձայն, ներկաներին բաժանվեց կաթնապուր: Ապա տոնական սեղանը զարդարվեց տիկնանց միության կողմից պատրաստված տոնական տորթով, համայնքի անդամների կողմից բերված անուշեղեններով:

Բակի տարբեր հատվածներում ծաղկած խնձորենիները՝ որպես Կենաց ծառեր, իրենց պտուղներով ներկաներին հիշեցնում էին այն բոլոր առանձնաշնորհներն ու օրհնությունները, որ Տերը շնորհել է Հայոց ազգին և որոնք հնարավոր է վերագտնել՝ հայի հոգևոր զարթոնք ապրելու և ապաշխարությամբ հոգևոր արմատներին վերադառնալու դեպքում:

Տոնախմբության ավարտին Տեր Գրիգորը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին՝ համայնքի, տիկնանց և «Զորավոր» երիտասարդաց միությունների անդամներին, տարբեր դպրոցների աշակերտներին:

Եկեղեցու բակի զարդարման աշխատանքների հետ կապված տիկնանց միության ատենապետուհի Սաթենիկ Սիմոնյանը նշեց, որ այս օրերին եկեղեցի այցելողները, հետաքրքրվելով տոնի նախապատրաստման աշխատանքներով, իրենք ևս սիրով և պատրաստակամորեն իրենց մասնակցությունն են բերել. «Թե՛ հոգևորը և թե՛ նյութականը, այսինքն՝ ամեն բան Աստծու պարգևն է: Անչափ կարևոր է, երբ Տիրոջ կողմից շնորհվածը գործածում ենք հանուն Աստծու փառքի, ինչի շնորհիվ մարդը նյութականի միջոցով մոտենում է Աստծուն և հաղորդ դառնում աստվածային ճշմարտությանը»:

Համբարձման տոնը, ինչպես նշում է եկեղեցու հայրերից Ս. Եփրեմ Ասորին, մարդկանց ուղղված զգաստության մի կոչ է, որ հիշեցնում է յուրաքանչյուրին՝ Աստվածորդին երկնքից երկիր իջավ քեզ համար, որպեսզի երկրից երկինք բարձրացնի քեզ:

 

Կարինե Սուգիկյան

 

17.05.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․