21 Դեկտեմբեր, Շբ
Մայիսի 27-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքի «Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միությունը Առաջին Հանրապետության օրվա և Համբարձման տոնին ընդառաջ տոնախմբություն էր կազմակերպել «Փարվանա» ռեստորանում: Միության ատենապետուհի Քնարիկ Ղազարյանը հանդես եկավ ողջույնի խոսքով, շնորհավորեց ներկաներին գալիք տոների առթիվ և շնորհակալություն հայտնեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանին և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանին, որոնց օրհնությամբ ու գլխավորությամբ հինգ տարի է, ինչ սիրահայ համայնքը գործում է Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սուրբ հարկից ներս:
Գարնանային ծաղկուն ամիսը՝ մայիսը, հայի համար նշանավորվում է որպես հաղթանակների ամիս: Նշենք, որ սիրիահայի համար այս ամիսը նշանավորվում է նաև Ս. Մարիամ Աստվածածնին նվիրված մայիսյան ժամերգությունների շրջանով: «Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միությունն իր ուրախ երեկոն սկսեց հայրենասիրական նոտայով՝ «Սարդարապատ» երգով և ազգային պարով: Ապա տիկին Քնարիկը ներկաներին ներկայացրեց Համբարձման տոնի ավետարանական պատմությունն ու ժողովրդական սովորությունը, որի համաձայն տոնը կոչվում է նաև «Վիճակի օր»: Սիրիահայերի սովորության համաձայն՝ վիճակների մեջ պատրաստվում է մի վիճակ, և ում բաժին է ընկնում այն, նա համարվում է բախտավորը՝ արժանանալով յոթ մրգերով լի զամբյուղին: Ուրախ երեկոն հագեցած էր մի շարք ժողովրդական խաղերով, որոնց իրենց ակտիվ մասնակցությունն էին բերում ներկաները: Սիրիահայերի շուրթերից անպակաս էին հայրենասիրական երգերը, զգալի էր հայի անկոտրուն ոգին, որն հայրենիքում առավել էր ամրացել: Սիրիայում ծագած պատերազմական արհավիրքը չէր կոտրել սիրիահայի կենսուրախ և լույսին ձգտող հզոր ոգին:
«Հույսի միավոր» տիկնանց միության երեկոն ավարտվեց Հայոց աշխարհի ամենատարածված և սիրված պարով՝ քոչարիով: Հայ քրիստոնյան լիահույս է վաղվա օրվա հանդեպ, քանի որ ապրում է հույսով, հավատով ու սիրով: «Թող օրհնյալ լինի այն մարդը, որ հույսը Տիրոջ վրա կդնի, որ Տերը նրա հույսը կդառնա: Նա կլինի ինչպես հոսող ջրերի մոտ աճած ծառ և իր արմատները կձգի դեպի ջրերի հոսանքը. երբ տոթը հասնի՝ չի վախենա, նրա սաղարթն անտառի պես կտարածվի իր շուրջը. երաշտ տարուց չի վախենա և չի դադարի պտուղ տալուց» (Երեմիա 17:7,8):
Կարինե Սուգիկյան