Իմաստուն դարբինը

Մի ծեր դարբին կար, որը հայտնի էր նրանով, որ երկրի լավագույն սրերն էր պատրաստում: Նրա մոտ տարբեր կողմերից զինվորներ էին գալիս և նա յուրաքանչյուրի համար գերազանց զենք էր պատրաստում: Եվ գնորդները հետո պարծենում էին իրենց մարտական հաջողություններով՝ յուրաքանչյուրը հարուստ ավարով էր վերադառնում արշավանքից:

Մի օր էլ մի պատանի եկավ նրա մոտ և ասաց.

- Ինձ համար մի սուր կռիր, վարպե՛տ, որպեսզի մեր արքայի հետ կարողանամ արշավանքի մասնակցել: Կարո՞ղ ես աշխարհի ամենալավ սուրը պատրաստել ինձ համար:

- Ինչո՞ւ չեմ կարող, կարող եմ,- պատասխանեց դարբինը,- բայց լավ սայրը երկար է պատրաստվում, մեկ տարուց արի:

- Դա շատ երկար ժամանակ է:

- Ստիպված ես այս արշավանքը բաց թողնել: Եթե ես շտապեմ, ապա վատ շեղբ կպատրաստեմ և դու ինձ կհանդիմանես: Այդ ընթացքում կարող ես պատրաստվել: Ես հասարակ սուր չեմ պատրաստի քո համար, ամեն ոք չի կարողանա այն գործածել, դրա համար հմտություն անհրաժեշտ կլինի: Գնա ուսուցչի մոտ և ռազմարվեստ սովորիր: Մի տարուց կգաս:

- Լավ, վարպե՛տ,- ասաց պատանին ու հեռացավ:

Վերադարձավ ինչպես պայմանավորվել էին՝ մեկ տարի անց:

- Դե ի՞նչ,- հարցրեց դարբինը,- ուսուցչի մոտ գնացի՞ր:

- Գնացի և շատ բան սովորեցի:

Ծերունին սուրը նրան հանձնեց: Երիտասարդն արշավանքի մեկնեց, որից վերադարձավ արդեն որպես կոփված տղամարդ, և իր հետ մեծ ավար բերեց: Մի օր նա վարպետի մոտ մտավ և ասաց.

- Շնորհակալ եմ քեզ, դու աշխարհի լավագույն սուրը պատրաստեցիր: Մենք հաղթեցինք:

- Ոչ, ես ամենասովորական շեղբը պատրաստեցի, ինչպես միշտ եմ անում,- ժպտալով պատասխանեց դարբինը,- և այն էլ ոչ թե մեկ տարում, այլ երկու օրում: Ուղղակի դու սովորեցիր լավ տիրապետել դրան: Ես քեզ վարժվելու ուղարկեցի, որպեսզի որպես պատրաստված զինվոր գնաս մարտի, այլ ոչ թե որպես անմորուս պատանյակ:



Որքան էլ, որ զենքը (գիտելիքը) լավը լինի, ամեն ինչ կախված է այն գործածելու կարողությունից և ճիշտ ժամանակից:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

22.02.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․