Ի՞նչ է նշանակում «հանդարտվել»

Կոնեվեցում մի ուխտավոր աբեղա Դորոֆեին հարցրեց.

- Ինչպե՞ս հոգևոր խաղաղության հասնել:

- Պետք է հանդարտվել,- ժպտալով պատասխանեց նա:

- Ի՞նչ է նշանակում «հանդարտվել»:

- Ահա, թե ինչ: Երբ ես աշխարհիկ միաբան էի Վալաամում, իմ ծերն ինձ ասաց. «Դմիտրի, չափազանց ուրախ ու կայտառ բնավորություն ունես: Եթե չհանդարտվես՝ մաքուր աղոթական վիճակին չես հասնի, և վանականությունն էլ քեզ պետք չի լինի»: Ահա ես էլ, ինչպես դուք եք այժմ ինձ հարցնում, նրան հարցրեցի. «Ի՞նչ է նշանակում «հանդարտվել»»: Ծերը պատասխանեց. «Շատ պարզ է: Ահա՛ այժմ ամառ է, իսկ դու հավանաբար աշնա՞նն ես սպասում, երբ դաշտերում ավելի քիչ աշխատանք կլինի»: «Ճիշտ է, հա՛յր սուրբ…»: «Իսկ երբ աշունը գա, ձմռանն ես սպասելու, սահնակի առաջին արահետին, Ծննդյան տոներին: Դրանք կգան, իսկ դու գարնանը կսպասես, իսկ հետո Զատկին, չէ՞»: «Ճիշտ է, հա՛յր»: «Այժմ դու աշխարհիկ միաբան ես, բայց հավանաբար սպասում ես, թե ե՞րբ ես դպիր դառնալու»: «Այո՛, սպասում եմ»: «Դե հետո էլ փարաջայի ես սպասելու, իսկ հետո՝ վեղարի: Հենց դա էլ նշանակում է, որ չես հանդարտվել: Իսկ երբ ամեն ինչ միևնույն կլինի քեզ համար՝ գարուն է, թե աշուն, ամառ է, թե ձմեռ, Սուրբ Ծնունդ, թե Զատիկ, աշխարհիկ միաբան ես, թե սքեմավոր, և սովորես այսօրվա օրով ապրել, չմտածել ու սպասել, այլ քեզ ամբողջովին Աստծո կամքին հանձնես, այդ ժամանակ կհանդարտվես…»:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   

10.07.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․