Ինչո՞ւ է անհրաժեշտ պահք պահել. հոգևոր զրույց Հովհաննես Թումանյանի թանգարանում

Հովհաննես Թումանյանի թանգարանի աշխատակազմի համար մարտի 28-ի աշխատանքային օրն սկսվեց մյուս օրերից տարբեր. աշխատակիցներն աշխատանքի էին ներկայացել աշխատանքային ժամից մեկ ժամ առաջ: Պատճառը պահքի վերաբերյալ այն հանդիպում-զրույցն էր, որ կազմակերպվել էր՝ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր դասի նախաձեռնությամբ: Թանգարանի աշխատակիցների հետ հանդիպեցին և պահքի վերաբերյալ զրուցեցին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատարներ Տեր Հայկազուն քահանա Մկրտչյանը և Տեր Վահան քահանա Առաքելյանը: Հանդիպում-զրույցն սկսվեց Տերունական աղոթքով, այնուհետև Տեր Հայկազունը ներկաներին փոխանցեց Նավասարդ Սրբազանի օրհնությունը:

Ինչո՞ւ է Հայ եկեղեցին տարվա կեսը պահքի օրեր սահմանել և ինչո՞ւ է անհրաժեշտ պահք պահել, այս հարցերին անդրադառնալով, Տեր Հայկազունը մասնավորաբար նշեց. «Սուրբ Գրքում կարդում ենք՝ ո՞վ է այն մարդը, որ ապրում է և չի մեղանչում, Աստծո պատկերով և նմանությամբ ստեղծված մարդը զրկվեց Աստծո ներկայությունից, քանի որ խախտեց Աստծո կողմից իրեն տրված առաջին պատգամը, որ վերաբերում էր պահեցողությանը: Աստվածային սերը պատվիրազանց մարդու հանդեպ տարածվեց Աստվածորդու մարդացմամբ»: Տեր Հայրն ընդգծեց այն կարևոր հանգամանքը, որ մկրտությամբ ադամական մեղքից մաքրված անձը հետագայում իր գործած մեղքերից կարող է ազատվել միայն զղջմամբ, խոստովանությամբ և ապաշխարությամբ: Իսկ ժամանակավոր կյանքում հոգևոր վերանորոգությանն ուղղված պահքի օրերը միջոց են նախապատրաստվելու հավիտենական երանելի կյանքին:

Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթային անդրադարձավ Տեր Վահանը՝ մանրամասնելով մարդկության փրկագործությունն ընդգծող շղթայի յուրաքանչյուր օղակի՝ կիրակիի խորհուրդը: «Հաճախ մարդը մոռանում է, որ ինքը բացի մարմնից, նաև հոգի ունի, ինչն էլ մեծ արգելք է հանդիսանում հոգևոր առաջընթացի համար: Մարմնի խնամքին զուգահեռ անհրաժեշտ է նաև հոգին խնամել, քանի որ միայն նման կերպով կարելի է հասնել հոգևոր ներդաշնակության: Յուրաքանչյուր անհատ, մեծ արժեք ունենալով Տիրոջ առջև, իր անելիքն ունի այս կյանքում: Մեր Տերն Իր սիրով ցրեց աշխարհի անհավատության խավարը՝ առաջնորդելով մարդուն դեպի հավիտենություն: Ուստի մենք էլ, ապաշխարության ընթացքին, Քրիստոսի նմանողությամբ ինքներս մեզ հայտարարենք, թե՝ հաղթեցինք աշխարհին»,- նշեց Տեր Վահանը:

Զրույցի ավարտին աշխատակիցների հարցերին պատասխանեցին հոգևորականները, ներկաների համար կարևոր էր իմանալ, թե ո՞ր երևույթներն ու արարքներն են Տիրոջ կողմից մեղք համարվում և որոնց համար էլ մարդը պետք է ապաշխարի: «Հոգևոր կյանքին վերաբերող մի շարք հարցերի շուրջ խորհելու առիթ ունեցանք, խաղաղվեցինք»,- արտահայտվում էին աշխատակիցները:

Հանդիպման ավարտին թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը և աշխատակիցները շնորհակալություն հայտնեցին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր դասին՝ նման հոգեշահ հանդիպում կազմակերպելու համար:

Հովհաննես Թումայանի թանգարանում աշխատանքային օրն արդեն սկսված էր, և թանգարան ոտք դրած դպրոցականները, մինչ կծանոթանային մեծանուն գրողի մասին պատմող բացառիկ արժեքներին, ստացան արժանապատիվ քահանաների օրհնությունը:

 

 

Կարինե Սուգիկյան

28.03.17
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․