23 Դեկտեմբեր, Բշ
Սրբակյաց սերբ Հայր Թադեոս վարդապետ Վիտովնիցկին նշում է, որ քրիստոնյայի կյանքում մեծ դեր ու նշանակություն ունեն մտքերը, և մենք պետք է ուշադրություն դարձնենք, թե ինչպես ենք մտածում: Ի՞նչ օգուտ, եթե մեզ քրիստոնյա ենք համարում, աղոթում, եկեղեցի գնում, Սուրբ Գիրք կարդում և այլն, սակայն չար, մեղավոր մտքերին տեղիք ենք տալիս և դրանց անտարբեր վերաբերմունք ցուցաբերում, թե ինչպես են կուտակվում մեր սրտում և նույնիսկ դրանք իբրև հոգևոր գանձեր ընդունում մեր հոգում:
Նա կարծում է, թե մեր կյանքում ամեն ինչ կախված է մեր մտքերից: Ամեն ինչ սկսվում է մտքերից՝ և´ չարը, և´ բարին: Մարդիկ իրենց մտքերին քիչ ուշադրություն են դարձնում և այդ պատճառով տառապում են: Երբ մտքով անդրադառնում ենք որևէ խնդրի, հարցի, մտնում ենք այդ շրջանակների մեջ և չենք գտնում ո´չ հանգիստ, ո´չ խաղաղություն, որովհետև լուծում ենք փնտրում: Մենք պետք է պահպանենք բարի մտքերը և ցանկությունները, բայց այդպես չենք անում, դրա համար տառապում ենք: Մեր ներսում չարն ենք պահում, անհրաժեշտ է ազատվել դրանից: Ինչպիսին մեր կյանքն է, այդպիսին մենք ենք: Երբ չար մտքերը մեզ հաղթում են, այդժամ մենք էլ չար ենք դառնում: Յուրաքանչյուր միտք, որը խաթարում է մեր ներքին խաղաղությունը, դժոխային կյանք է ստեղծում մեր հոգում: Իսկ դուք ասում եք, թե դժոխքն ինչքա՞ն հեռու է մեզանից… Գիտե՞ք ինչու ենք այդքան տխրում ու մտածմունքների մեջ ընկնում, որովհետև ինքնակենտրոն քրիստոնյաներ ենք, քանի որ շարունակ մտածելով քո պահանջմունքների մասին, դու ինքդ քեզ խանգարում ես: Մտածում ենք անարդարության, չարի մասին, որը մեր շուրջն է, որոնք խանգարում, խոչընդոտում են մեզ: Բայց եթե չարը չլինի մեր մեջ, մեր ներսում, ապա այդ ամենն այդպես մեզ չէր խանգարի և անհանգստացնի: Անհրաժեշտ է համբերել և ներել: Սրտին մոտ չընդունել վիրավորանքը: Մենք նույնիսկ չենք պատկերացնում և ինքներս մեզ հաշիվ չենք տալիս, թե անկյալ, չար ոգիները որքան են մեզ անհանգստության, վհատության, հուսահատության ենթարկում: Մեզ թվում է, որ այդ մեր մտքերն են, իսկ իրականում շատ անգամ չար ոգիներն են ներշնչում այդպիսի մտքերը: Կարևոր է տարբերել մեր մտքերն իրենց մտքերից: Այդուհանդերձ մեծ իմաստություն է անհրաժեշտ տարբերելու համար:
Ե´վ բարին, և´ չարը սկսվում են մտքերից: Անհրաժեշտ է ուշադիր հետևել, որ ինչ անում ենք և գործում, հաճելի լինի Տիրոջը: Ինչպիսին մեր մտքերն են, այդպիսին և մեր կյանքն է: Մենք նույնիսկ չենք պատկերացնում, թե ինչ ուժ ունեն մեր մտքերը: Մենք կարող ենք լինել և´ մեծ չարիքի աղբյուր, և´ մեծ բարիքի աղբյուր: Սակայն մեղադրում ենք ուրիշներին, ցանկանում ենք մեր շրջապատում բոլորին վերափոխել, բայց երբեք չենք սկսում մեզանից: Պետք է սիրով ու խոնարհությամբ համբերել, որպեսզի հոգին ազատագրվի մեղավոր մտքերի ճնշումից: Ցրված միտք ունեցողի սիրտը սառն է դառնում, իսկ նրա հոգին թափառում է այս ու այն կողմ, կարծես անտուն թափառական է: Եվ երբ դուրս է գալիս իր սրտի տան դռներից, նրան մտքերն են հարվածում: Իսկ երբ ուշադրությունը սրտի ներսում է, այդժամ հոգին իր տեղն է ընկնում, հաշտվում է Աստծո հետ, և Աստված կյանքի կենտրոնն է դառնում, և մենք դառնում ենք ջերմ ու կենդանարար: Ուշադրության պահպանությունը սրտում, և մտքի սթափությունն ավելին են, քան ճգնավորական սխրանքը, պահքը և հոգևոր այլ ջանքերը, որովհետև անուշադիր և անսթափ վիճակում մնացյալ ամեն ինչ զուր կլինի: Միակ փրկությունը, միակ ճանապարհը, ելքը մեր ներքին փոփոխությունն է, սրտի փոփոխությունն է: Առաջին հերթին պետք է խաղաղություն հաստատվի մեր հոգում, այդժամ մեր շրջապատում էլ խաղաղություն կլինի: Սրտում խաղաղության պահպանումն ամենագլխավորն է: Ոչ մի պարագայում թույլ մի տվեք տագնապներին ձեր սիրտ թափանցել: Մտածումների քաոսը անկյալ ոգիների վիճակն է: Մենք ցրված մտքով ենք աղոթում, մենք թերահավատ ենք, չենք տրվում Աստծու կամքին: Մեզ թվում է, թե մենք շատ բաների մասին պետք է մտածենք, իսկ Աստված այլ շատ գործեր ունի: Աստված նայում է մեր սրտի խորքը, թե ինչ պատճառով է այդ սիրտը տխրում, ինչ է ուզում: Եթե սրտում ինչ-որ անմաքուր բան կա և այնպիսի բան, որը սրտին գայթակղեցնում է այս աշխարհով, այդժամ մեր թափառումները կլինեն երկարատև և կունենանք շատ տառապանք և ցավ մեր սրտում: Դա նրանից է, որ մենք երկփեղկված ենք. ուզում ենք լինել Քրիստոսի հետ, իսկ սրտում դեռևս կախված ենք աշխարհից: Այդ իսկ պատճառով այդքան տառապում ենք: Իսկության մեջ մեր ցանկությունները կործանարար են: Մեր զգացմունքներն անհագ են: Բոլորն ինչ-որ բան են փնտրում, կարծես թե նրանք այստեղ երկրի վրա հավիտենական են: Բայց ապարդյուն... մեզ համար միշտ ինչ-որ բան այնպես չէ: Բայց դրան զուգահեռ կյանքն անցում է, և պատմությունը հասնում իր ավարտին: Մենք չափից դուրս անհանգստանում ենք մեզ համար, բայց չէ՞ որ մարդը, ով ամբողջովին տրվում է Աստծո կամքին, կարող է լինել ուրախ, խաղաղ, երջանիկ: Որքանով մենք ազատագրված ենք հոգսաշատ մտածումներից, այնքանով մեզ տրվում է հոգևոր զգացում, որ Աստված մեզ հետ է: Քրիստոնեական կյանքի կատարելությունը խոնարհության մեջ է: Որքան մարդու հոգին խոնարհ է, այդքան նրա առջև բացվում են երկնային խորհուրդները: Այն հոգին, որը չի խոնարհվում, չի կարող շնորհ, պարգև ընդունել: Ամեն ինչ Տիրոջն է: Եթե չենք ձգտում խոնարհություն ունենալ, Տերը շարունակաբար մեզ այնպիսի ճանապարհներով կտանի, որոնցում կյանքը մեզ խոնարհության դասեր կտա: Քանի դեռ խոնարհություն չենք սովորել, հարկ կլինի շատ ցավ ու տառապանք տանել: Մենք սովոր չենք հնազանդության: Չենք կարողանում ընդունել Աստծու կամքը, բայց ամեն ինչ ուզում ենք մեր ուզածով լինի, կամ Տերն այդպես կարգավորի: Անհնազանդության պատճառով մենք դրախտից վտարվել ենք: Հնազանդությունը գալիս է այն ժամանակ, երբ սկսում ենք հասկանալ, թե ինչ ենք արել մեր անհնազանդությամբ և ինչպես ենք ավերել մեր ներաշխարհն ու առողջությունը: Եվ այդ անհնազանդության պատճառով տառապում ենք ու տանջվում: Ուստի, ինչպիսին մտքերդ են, այդպիսին կյանքդ է: Հոգին սնվում է մտքերով, ինչպես մարմինը` սննդով: Մտքերը մեզ ներշնչվում են բոլոր կողմերից: Կարծես ապրում ենք մտածումների ռադիոալիքների մեջ: Մենք չենք կարողանում կապ հաստատել Ճշմարիտ կյանքի աղբյուրի հետ, որպեսզի զգանք կյանքի խնդությունը, բայց դրա փոխարեն ընկնում ենք խաբեբա չար ոգիների մտքերի սարդոստայնը, որոնք շրջափակում են մեզ դրանցով: Հիվանդության մեծագույն պատճառներից մեկը մտքի անկման մեջ է: Յուրաքանչյուր մեղք նախևառաջ մտածում է, մտածումի ուժ է: Հոգևոր կյանքը կյանք է, որ բխում է սրտից ու մտքից, դրա համար մենք պետք է ուշադիր լինենք, թե ինչ է ծնվում մեր հոգում կամ կուտակվում մեր հոգում: Անհրաժեշտ է ուշադիր լինել, որպեսզի մեր սիրտը չթափանցի այնպիսի մի բան, որը կարող է ավերել մեր ներքին աշխարհը:
Արդ, մշտապես բարի ու դրական մտքերով լեցուն եղեք, որպեսզի երկնային գարունը հարատև ծաղկի ձեր սրտերում և հաղորդակից դարձնի Երկնային Արքայության անպատմելի խաղաղությանն ու խնդությանը:
Պատրաստեց Հովհաննես Մանուկյանը