21 Դեկտեմբեր, Շբ
Փետրվարի 10-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում կայացավ ինտելեկտուալ խաղ՝ համայնքի տիկնանց և «Զորավոր» երիտասարդաց միությունների անդամների միջև: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ ներկաները «Տերունական աղոթք»-ով սկսեցին միջոցառումը: Այնուհետև բացման խոսքով հանդես եկավ «Զորավոր» երիտասարդաց միության պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանը, ով շնորհակալություն հայտնեց ինտելեկտուալ խաղի կազմակերպիչներին՝ տիկնանց և երիտասարդաց միության անդամներին և նշեց խաղի նպատակի՝ նորկտակարանյան գիտելիքների վերհիշման կարևորության մասին:
Համայնքի ավագ անդամներից կազմված թիմը կրում էր «Կանթեղ» անվանումը, իսկ երիտասարդների թիմը՝ «Զորավոր»: Հարյուր հարցերից կազմված ինտելեկտուալ խաղն ընդգրկում էր Քրիստոսի ծնունդից մինչև համբարձում և առաքելական գործունեության ժամանակաշրջանը: Որոշ հարցերի պատասխաններ մասնակիցները պետք է գտնեին առաջարկված ճիշտ և սխալ տարբերակներից: Ընտանեկան ջերմ մթնոլորտում կայացավ ընտանեկան խաղը և մի քանի միավորների առավելությամբ հաղթանակեց «Զորավոր» թիմը:
«Կանթեղ» թիմի մասնակից Տաթևի համար խրախուսելի էր մրցույթը, քանի որ այն՝ երիտասարդների հոգևոր գիտելիքների իմացությամբ ուրախություն ապրելու առիթ ընձեռեց՝ այն կարևոր գիտակցությունն ամրագրելով, որ իրենցից յուրաքանչյուրը իսկապես կարող ուժ է եկեղեցում՝ սիրված բոլորի կողմից: «Զորավոր»-ի թիմից Հրաչյան տպավորված էր խաղից: Նա նշեց, որ շատ անգամներ է մասնակցել ինտելեկտուալ խաղերի, բայց այս խաղը յուրօրինակ էր նրանով, որ մասնակցում էին համայնքի երիտասարդ ու ավագ անդամները և այն մրցույթ չէր, այլ գիտելիքների փոխանակում, ստուգում և բացահայտում:
«Ողջունելի է նման հոգևոր ինտելեկտուալ խաղի անցկացումը եկեղեցում՝ համայնքի ավագ և երիտասարդ անդամների մասնակցությամբ: Մրցույթը մասնակիցների համար հնարավորություն էր՝ ստուգելու իրենց նորկտակարանյան գիտելիքների իմացության չափանիշը, իսկ հանդիսատեսին՝ թարմացնելու աստվածաշնչյան իր գիտելիքները: Ուրախալի է տեսնել, թե որքանով են մեր երիտասարդներն իրենց գիտելիքներով մոտեցել սուրբգրային ճշմարտություններին»,- ասաց եկեղեցու ծխական խորհրդի անդամ Սուսաննա Աբրահամյանը:
Հետաքրքրականը ինտելեկտուալ խաղից հետո հանդիսատեսի այն կարծիքն էր, որ իրենցից յուրաքանչյուրն էլ կարծես խաղի անմիջական մասնակիցը լիներ: Նրանցից Կարինեին ինտելեկտուալ խաղը տեղափոխել էր սրբազան երկիր՝ Երուսաղեմ, ուր նա փորձում էր հարցերի պատասխանները գտնել՝ վերհիշելով իր այցելած սրբավայրերը: Թիմերի անուններն էլ կարծես մի կարևոր հիշեցում լիներ ներկաների՝ համայնքի անդամների և հյուրերի համար, որ զորավոր է համայնքն իր կրտսեր, երիտասարդ և ավագ անդամների միությամբ և որ համայնքը՝ որպես կանթեղից լուսարձակող լույս, լուսավորում է իր շուրջը՝ հավատքի և սիրո ծառայության շնորհիվ:
Հնարավոր չէ աստվածճանաչողության ճանապարհն անցնել՝ առանց Սուրբ Գրքի իմացության: Այդ ճանապարհին է քրիստոնյան «միանում Տիրոջը և Նրա հետ մեկ հոգի դառնում» (Ա Կորնթ. 6:17): Ականավոր հումանիստներից Էրազմ Ռոտերդամցին (1467-1536) Սուրբ Գրքի և մասնավորապես Նոր Կտակարանի նշանակության մասին գրել է. «Աստվածաշունչը պիտանի է անխտիր բոլորին. այն մատչելի է փոքրերին և հասու՝ նրանց հասկացողությանը, սնում է նրանց մայրական կաթով, ջերմացնում ու սատարում նրանց ուժերը և ամեն ինչ անում մինչև Քրիստոսի հասակին հասնելը: Բայց եթե մատչելի է փոքրերին, մյուս կողմից էլ՝ մեծերի զարմանքի առարկան է. փոքրերի համար փոքր է, մեծերի համար՝ անչափ մեծ: Գիրքը չի մերժում ոչ մի տարիք, ոչ մի սեռ, ոչ մի հասարակական դիրք և խավ: Արեգակն այնքան ընդհանուր և բաց չէ բոլորի համար, որքան Քրիստոսի վարդապետությունը: Այն ամենևին ոչ մեկին չի վանում իրենից՝ բացառությամբ նրանց, ովքեր իրենք են հեռանում և հրաժարվում այս երջանկությունից»:
Կարինե Սուգիկյան